Ով է մեղավոր: 70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, հարյուրավոր բեռնատարներ սպասում են
«Քիչ առաջ կապ հաստատեցի Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ ամենաթարմ տեղեկություններով 70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի», – գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը և մանրամասնում․
«Հետ վերադարձող բեռնատարները բարձված են ձկներով, մրգերով, բանջարեղենով, չորամրգերով, ծաղիկներով։
Պարզեցի, որ ռուսական կողմը բազմիցս գրություններով դիմել է հայկական կողմին՝ արձանագրելով, որ կան մի շարք թերություններ, անհապատասխանություններ, և որ անհրաժեշտ է հրատապ վերացնել դրանք։ Խախտումներ հայտնաբերվել են հատկապես բուսական մթերքների մատակարարումների ժամանակ։ 2023 թվականին «Ռոսսելխոզնադզորը» բացահայտել է Հայաստանից արտահանված ծաղկի և պտուղ-բանջարեղենի մեջ կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք։
Հայկական կողմը, ըստ իրենց մեկնաբանության, հետևողական չի եղել թերացումները վերացնելու հարցում, ինչի արդյունքում ուժեղացվել է բուսասանիտարական հսկողությունը և ստեղծվել է նման իրավիճակ։
Քիչ առաջ ավարտվեցին ՍԱՏՄ-ի, Էկոնոմիկայի նախարարության և «Ռոսսելխոզնադզորի»-ի միջև բանակցությունները։ Կապ հաստատեցի ՍԱՏՄ պետի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ է որոշվել բանակցությունների արդյունքում։
Եթե հակիրճ ձևակերպեմ, քննարկումներն իրենց արդյունքը չեն տվել, և ցավոք, չենք կարող խոսել դրական փոփոխությունների մասին։ Ռուսական կողմը շարունակում է պնդել, որ խախտումները չեն վերացվում, իսկ հայկական կողմն ակնարկում է, որ խնդիրն այլ տիրույթում է։
Եթե անգամ խնդիրը միայն բուսասանիտարական հսկողության արդյունքում արձանագրված խախտումների մեջ չէ, այլ կա կանխակալ մոտեցում, անգամ այս դեպքում հայկական կողմը պետք է ողջ գործիքակազմի գործադրմամբ լուծի խնդիրը։
Պատկան մարմինների անգործության հետևանքով չպետք է տնտեսվարողները հազարավոր դոլարների վնասներ կրեն։
Կրկնում եմ, եթե անգամ խնդիրը քաղաքական է, սա չի նշանակում, որ պետք է ոչինչ չձեռնարկել։
Հարցի շուրջ առավել առարկայական քննարկումները կսկսվեն հաջորդ շաբաթ։
Նշեմ նաև, որ ՍԱՏՄ պետից խնդրել եմ տեղեկատվություն առ այն, թե քանի տնտեսվարողի է հայկական կողմը տրամադրել բուսասանիտարիայի համապատասխանելիության թուղթ»։