Սկսում են ՀՀԿ-ից

Սույն նամակը 2015թ․ մարտի 6-ին կհանձնվի ՀՀ կուսակցություններին։ Հանձնումը կմեկնարկի ժամը 12։00-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակից։
Հարգելի կուսակցություն,
Մենք՝ մի խումբ քաղաքացիներ, ստիպված ենք սույն առաջարկով դիմել ձեզ: Մեր երկրում չկա մի գիտակից մարդ, որը չհասկանա այն իրողությունը, որ Հայաստանի անկախության 24 տարիների ընթացքում մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, այդպես էլ չի հաջողվել երկրում հաստատել սահմանադրական կարգ, գործարկել ազատ ընտրությունների անցկացման համար ընտրական գործուն մեխանիզմներ։ Արդյունքում, երկրում տեղի է ունեցել պետական կառավարման համակարգի շարունակական յուրացում։
Միաժամանակ, ընտրական գործընթացներում ստվերային մեխանիզմների առկայության պայմաններում ֆորմալ քաղաքական (կուսակցական) գործունեությունը դարձել է ապարդյուն։
Քաղաքական ոչ արդյունավետ կոնցեպտների առկայությունը մեզ ստիպել է մասնակցել պետական կառավարման համակարգը յուրացնողների կողմից իրենց վերարտադրման համար կազմակերպվող, ձևական բնույթ կրող ընտրություններին, ինչն էլ այսօր հանգեցրել է քաղաքական մտքի վերջնական սնանկացմանը։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանրության զգալի հատվածը եկել է այն համոզմանը, որ իրենց իրավունքներն ու արժանապատվությունը հաստատելու միակ հնարավոր ճանապարհը ուժային լուծումներն են։
Մենք գտնում ենք, որ քաղաքական կյանքում արդյունավետ ու մրցակցային դաշտ ձևավորելն ամբողջ հանրության խնդիրն է։ Այս հարցում տեղի ունեցած բացթողումները, պատասխանատվության կանչելու հանրային պահանջի բացակայությունը, հանրության կողմից սահմանադրականության սկզբունքներին համապատասխան խնդիրներ չառաջադրելը քաղաքական կուսակցությունների համար անպատասխանատու վարք դրսևորելու պարարտ հող է ստեղծել։
Պետական կյանքում վաղուց արմատավորվել է ևս մի քայքայիչ երևույթ՝ կուսակցությունների կողմից հանրության շահերի հաշվին վարչախմբերի հետ ստվերային գործարքների գնալու պրակտիկան։ Գործնականում քաղաքացիները մեկուսացվել են պետական կառավարման գործընթացներից: Այս ամենը հանրության մոտ առաջացրել է անզորության զգացում և սոցիումի քայքայում:
Մենք՝ մի խումբ քաղաքացիներ, ընդունելով ստեղծված իրավիճակի համար մեղքի մեր բաժինը, պատրաստակամություն ենք հայտնում հանդես գալ նախաձեռնությամբ՝ պետական կառավարման համակարգը յուրացնողներից ազատելու, սահմանադրական կարգ հաստատելու, ազատ ընտրությունների գործուն մեխանիզմներ ձևավորելու, անկախ դատական համակարգի կայացմանը նպաստելու համար։
Մենք համոզված ենք, որ այս գործողություններով անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն քաղաքական գործունեությամբ զբաղվողների համար՝ գործել օրինականության դաշտում և կբացառվի հետագայում նորանոր զավթողական ծրագրերի իրագործումը։ Մենք ստիպված ենք վերոնշյալ խնդիրները լուծել ձեզ հետ կամ առանց ձեզ։
Ձեզնից՝ կուսակցություններից, պահանջում ենք այսուհետ չմասնակցել պետական կառավարման համակարգը յուրացնողների վերարատադրության համար կազմակերպվող կեղծ հանրաքվեներին ու ընտրություններին, մինչև երկրում չհաստատվեն ազատ ընտրությունները երաշխավորող համապատասխան մեխանիզմներ։
Նաև առաջարկում ենք`
– ձեր հնարավորությունները ներդնել բարձրացված խնդիրների լուծման գործում,
– այսուհետ լինել թափանցիկ և զերծ մնալ կուլիսային պայմանավորվածություններից,
– ձեր որոշումների կայացման ամբողջ ընթացքը բաց ու տեսանելի դարձնել հանրության համար։
Առաջարկների հետ կապված հարցերով բաց ենք հրապարակային քննարկման համար՝ ձեր նախընտրած ձևաչափով։ Բարձրացված հարցերին ձեր վերաբերմունքը կպայմանավորի այս գործընթացում մեր վերաբերմունքը կուսակցություններիդ նկատմամբ։
Արման Յարալյան, ռեժիսոր, մուլտիպլիկատոր
Գոհար Սարոյան, բանասեր
Դվին Իսանյանս, ճարտարապետ
Էրիկ Գևորգյան, ռեժիսոր
Կարեն Շիկոնյան, ճարտարագետ
Սարո Սարոյան, քաղաքագետ
Սուրեն Սահակյան, տնտեսագետ
Վահե Գևորգյան, լուսանկարիչ
6 մարտի 2015