«Գողականի հանդեպ սիմպատիան»

Հոգեբան Սամվել Խուդոյանը գտնում է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած հանցագործ աշխարհի հեղինակությունների սպանությունը արտառոց երևույթ չէ և չպետք է անհանգստացնի հասարակությանը:
«Առաջ է եկել քրեական աշխարհի խաղի կանոնները: Երևույթը քրեական աշխարհին է բնորոշ ու ոչ թե հասարակությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց հոգեբանը:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ գտնում է, որ չի կարելի սևեռվել մի դեպքի վրա, այլ հարկավոր է խնդիրը դիտարկել բոլորովին այլ հարթության վրա.
«Կրիմինալ ռոմանտիկան մեր հասարակության մեջ տարածված է: Նայում ենք , ով ինչպես է խոսում, եթե կուլտուրական ես խոսում դա ընդունվում է, որ թույլ ես, իսկ ծամածռված խոսակցությունները ու «նակազատ» անելու հոգեբանությունը դառնում է հասարակության ապրելու սկզբունք»:
Բաբայանը կարծում է, որ այս ամենի միակ մեղավորը հասարակությունն է և սխալը ուղղելու միակ հնարավորությունը հենց հասարակությանն է պատկանում.
«Իրավապահ մարմիններին դիմելը շատերի համար համարվում է ստորություն, այսինքն` քրեական աշխարհի չգրված օրենքները հաղթում են գրված օրենքներին»:
Երկու բանախոսներն էլ փաստում են, որ բոլոր ժամանակներում իշխանությունը շատ մոտ է եղել քրեկան աշխարհի հետ: Շատ հարցեր ու խնդիրներ լուծվել են հենց քրեական հեղինակությունների միջոցով:
«Մինչև մենք չփոխենք մեր միջի քրեական հարաբերությունների հանդեպ սիմպատիան ոչ մի բան չի փոխվել»,-հավելեց Ռուբեն Բաբայանը: