22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սեւ ուրբաթի սեւ գործը»

Բազմաթիվ քաղաքացիներ էին սպասում «սեւ ուրբաթին», որ զեղչերով գնումներ անեն։ Մինչդեռ Հայաստանում շատ տնտեսվարողների համար այն հարմար առիթ է սպառողներին մոլորեցնելու՝ դարակներում մնացած ապրանքները վաճառելու, «ակցիա» կամ «զեղչ» պիտակներով դրանք իրացնելու համար։

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց՝ արդեն բողոքներ են ստացել քաղաքացիներից։ Նրանցից մեկն ասել է, որ գնապիտակը պոկել ու տեսել է՝ նոր գնապիտակի վրա նույն գինն է, թեև նշված է եղել՝ իբրեւ 30-40 տոկոսով զեղչվել է։ Որոշ սպառողներ էլ մտապահել են իրենց ընտրած ապրանքի գինը ու տեսել, որ այն ամենեւին էլ չի զեղչվել, չնայած որ պիտակի վրա գրված է եղել, թե զեղչված է։

Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ ՊԵԿ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքի թերացման պատճառով են տնտեսվարողներն այսպես մոլորեցնում սպառողներին։

«Շատ սպառողներ, ծանոթ չլինելով նախկին գներին, միանգամից գնում են դրանք՝ մտածելով, որ իսկապես 30-40 կամ 50 տոկոսով զեղչվել են»,- պատմում է Սյուզաննա Չիլինգարյանը։

Որոշ խանութներ էլ «սեւ ուրբաթին» նախորդող շաբաթներին են թանկացրել ապրանքները, իսկ այդ օրը փակցրել դրանց իրական գինը՝ որպես զեղչ ներկայացնելով։ Սա օրենքի խախտում է։

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածում ամրագրված է՝ զեղչը ակցիայի մեկնարկին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի կարճաժամկետ նվազեցումն է: Դա արվում է հրապարակային տեղեկացմամբ եւ ենթադրում է զեղչի ավարտից հետո մինչեւ զեղչի կիրառումը սահմանված գնի վերականգնում:

Վերոնշյալ հնարքին են դիմել նաեւ «Վայլդբերիզ» առցանց խանութում գործող տնտեսվարողները։ Գոհարը, որ «Վայլդբերիզ»-ից մշտապես գնումներ է կատարում, 40 օր սպասել է, որ «սեւ ուրբաթի» շրջանակում վարագույր գնի տան համար, բայց նախընտրած վարագույրներից ոչ մեկը չի զեղչվել։

«Մոտ 20 օր առաջ գներն աստիճանաբար բարձրացան, իսկ «սեւ ուրբաթի» օրը չզեղչվեցին։ Որոշ ապրանքներ էլ մնացել էին բարձր գներով։ Մեկ-երկու ամիս առաջ ավելի մատչելի էին»,- ասում է Գոհարը։

Առցանց գնումներ կատարող Քրիստինեն եւս նման իրավիճակում է հայտնվել։ «Քսան օր սպասեցի, որ կոշիկ գնեմ Հայաստանի խանութներից կամ «Վայլդբերիզից»։ Նախընտրած մի քանի կոշիկ կար, որոնց գները մտապահել էի։ Ոչ մեկն էլ իրականում չզեղչվեց։ Բայց որոշ խանութներում եղել են զեղչեր։ Մի խանութից զեղչված գներով մատնահարդարման պարագաներ եմ գնել։ Իհարկե, մեծ գումար չխնայեցի, բայց գոնե, իրոք, զեղչ եղել էր»,- ասում է Գոհարը։

Ֆեյսբուքում «Վայլդբերիզից» գնումներ կատարողները խմբերում քննարկում են, դժգոհում տնտեսվարողներից։

Սյուզաննա Չիլինգարյանը եւս հետեւել է «Վայլդբերիզ-ին ու փաստում է՝ բազմաթիվ տնտեսվարողներ մոլորեցրել են սպառողներին՝ մինչեւ «սեւ ուրբաթը» գները շեշտակիորեն բարձրացնելով։ Շատ գնորդներ սա նկատել են եւ դժգոհություն հայտնել։ Որոշ տնտեսվարողներ էլ այդ օրը վաճառել են գործարանային խոտան կամ թերություններով ապրանքներ՝ ստանալով մեծ եկամուտներ։

«Ցավալի է, բայց բազմաթիվ խանութներում, այդ թվում՝ առցանց, անբարեխղճորեն խաբում են։ Սպառողներին խորհուրդ կտամ ուշադիր լինել, մինչեւ «սեւ ուրբաթը» հետեւել ապրանքի գնի շարժին, որ չխաբվեն։ Իհարկե, պատկան մարմինները եւս պետք է աշխատանք տանեն, որ տնտեսվարողները չմոլորեցնեն, չխաբեն սպառողներին»,- եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ