Եթե Սերժ Սարգսյանը սկսեր իր կուսակցությունից, Հակոբյանը կհավատար
Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անդրադառնում է ընդդիմության ներկա իրավիճակին, եղած խնդիրներին, ապագա քայլերին:
-Պարո՛ն Հակոբյան, կարելի՞ է արձանագրել, որ ընդդիմությունն այսօր ավելի քան ջախջախված վիճակում է, կամ ինչպես իշխանություն է ասում՝ թոփալ։
-Ո՛չ, չի կարելի արձանագրել։ Եթե այս պահին հասկանալի պատճառներով որոշակիորեն շոկային վիճակ է տիրում, դա չի նշանակում, որ դա մշտական է, կարծում եմ՝ սա շատ արագ կանցնի։ Այս ընդդիմադիր դաշտի վիճակը ոչ թե լռությունն է. այլ աղմկոտ լռություն է, և ես կարծում եմ, ինչպես ռուսներ են ասում, սուրբ տեղը դատարկ չի մնա։ Այնպես որ, առաջիկայում ամեն ինչ տեղը կընկնի։
Համենայնդեպս ջախջախվածությունը ճիշտ գնահատական չէ, և չեմ կարծում, որ իշխանությունը՝ գոնե այն մտավոր մասը, դիտարկում է, որ հաղթել է, որովհետև սա պյուռոսյան հաղթանակ է, որը նշանակում է, որ սա պետության պարտությունն է։ Բնականաբար, համամասնությունն առաջիկայում կլինի, և ընդդիմությունը որոշակիորեն կվերակազմակերպվի։ Ես շարունակում եմ պնդել, որ ընդդիմության միացյալ հարթակն անհրաժեշտ է, կարևորն այս մոտեցումն է, գաղափարն է, և ոչ այն, թե ովքեր կլինեն։ Կարող են առաջնորդները փոխվել, կարող են կուսակցությունները փոխվել։ Ամեն դեպքում անհրաժեշտություն է նորմալ քաղաքական պայքար վարելը։
-Իսկ առաջիկայում դրա համար առիթներ կգտնվե՞ն։
-Գործընթացները ցույց կտան։ Չեմ կարծում, որ արագ հնարավոր է արմատական փոփոխություններ ունենալ ներքաղաքական կյանքում, ժամանակ է պետք դրա համար, բայց պետք է նկատի ունենալ, որ իշխանության ընդդիմությունն այսօր ոչ թե այն ուժերն են, որոնք կան, այլ ժողովուրդն է։ Իսկ իշխանությունը, ցավոք, չի ուզում ընդունել, տեսնել, որ ժողովրդի մեծամասնությունը, երբ որ դժգոհում է և նույնիսկ պատրաստվում է գալ հանրահավաքի, դրա մի քանի տոկոսն է, որ հանուն մի առաջնորդի է գալիս, դրա մեծագույն մասն ընդդեմ իշխանության է գալիս հրապարակ։
-Կյանքը ցույց է տալիս, որ հրապարակային պայքարն այդպես էլ արդյունք չի ունենում, տարիներով մարդիկ գալիս են հրապարակներ, մասնակցում հանրահավաքների, բայց այդպես էլ արդյունք չի գրանցվում։ Չեք կարծո՞ւմ, որ պայքարի ձևի փոփոխության ժամանակն է։
-Ես այդ կարծիքին չեմ, ես կարծում եմ, որ եթե գոնե առայժմ հանրահավաքային պայքարը արդյունք չի տալիս, դա նշանակում է, որ պետք է հրաժարվել։ Այլ հարց է, որ պետք է բազմակողմանի պայքարը շարունակել՝ ԱԺ-ն իր հերթին, քաղաքացիական հասարակությունը մի կողմից, մյուս կողմից ակումբային հանդիպումները։ Այսինքն՝ հանրահավաքում կարող ես ժողովրդահաճո մտքեր ասել, բայց կա ժողովրդի մեծ զանգված, որը մտավորական տարրն է. նրանց հետ պետք է դեմ առ դեմ հանդիպել և համոզել նրանց, թե ինչն է վատ, ինչը լավ։
Եթե իսկապես կան մարդիկ, որ կարծում են, որ միակ լուծումը հանրահավաքային պայքարն է, ես դրա կողմնակից չեմ։ Ընդդիմության գործիքը պետք է համոզիչ լինի ոչ միայն հրապարակում, այլ կարողանա ցանկացած սոցիալական շերտի հետ՝ մտավորական, և այլն, անհրաժեշտ վիճակներ գտնել այդ մարդկանց համոզելու համար։ Ես գտնում եմ բոլոր միջոցները պետք է օգտագործել, և ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև իշխանությունը, որ կարողանա բացատրել, թե ինչ է ուզում, եթե սա չի ուզում, թե ինչու է այս քայլերը իրականացնում, և ինչքանով այդ քայլերն ավելի օգտակար կլինի, որ իսկապես ապահով Հայաստան լինի։
-Իսկ սուպերլիդերների տարբերակին ինչպե՞ս եք վերաբերում, համակարծի՞ք չեք Նիկոլ Փաշինյանի հետ, որ ճիշտ պահին միշտ սուպերլիդերների ծնկները ծալվում են։
-Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ, որ ինչ-որ մեկի ոտքերը ծալվում են, բայց համաձայն եմ Փաշինյանի այն ձևակերպմանը, որ իսկապես պետք է թիմային պայքար, կոլեգիալ որոշում։ Որովհետև եթե մի անհատով է պայմանավորված, միևնույնն է՝ հանգամանքների բերումով ամեն ինչ է հնարավոր՝ մինչև անգամ ֆիզիկապես վերացնելով քայքայել որևէ կառույց, որի գլխին մեկ հոգի է կանգնած։ Բայց կարծում եմ՝ Նիկոլն ավելի շատ հետևանքի մասին է խոսում, այնինչ պատճառը պետք է նշել։
Ես ցավ եմ զգում, որ շատ գրագետ, քաղաքականապես հասուն մարդիկ կան, որ չեն կարողանում ձևավորել թիմ, կուսակցություն, և հետո պետությունն էլ դրա հնարավորությունը չի ստեղծում։ Պետությունը պետք է շահագրգռված լինի, որ քաղաքական դաշտը կայանա։ Օրինակ՝ մեր մասով ասեմ, որ պետության կողմից հատկացված գումարները թույլ են տալիս ընդամենը մեկ գրասենյակ պահել, այն դեպքում, երբ նույնիսկ օրենքով նախատեսում է, որ մի քանի տեղեր պետք է գրասենյակ ունենաս, մի քանի հազար անդամ ունենաս, որ որպես կուսակցություն՝ օրենքի շրջանակներում գրանցվես։
Այսինքն՝ պետք է քաղաքական ինտելեկտը մտնի քաղաքական գործընթացների մեջ, և որևէ մեկի ֆինանսական հնարավորությունից կախված չլինի։ Իսկ քանի չենք ապահովել քաղաքական կուսակցությունների համար անհրաժեշտ ապահովություն, իսկապես նրանք, ովքեր քաղաքական հայացքներ ունեն, կդժվարանան գործել, իսկ նա, ով ֆինանս ունի՝ կուսակցություն է բացում և այլն։
-Իսկ գոնե մի քիչ քաղաքական դաշտի պարզեցում տեսնո՞ւմ եք, մանավանդ, որ նախադրյալներ կան, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները։
-Չեմ կարծում, եթե պարոն Սերժ Սարգսյանն իր ելույթից անմիջապես հետո սկսեր իր կուսակցությունից և իր շրջապատի ոչ քաղաքական տարրերից ազատվելու գործընթաց, այդ դեպքում հնարավոր է։