2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, այսօրվա իշխանությունն ինչ անուն ասես չդրեց բանակին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, այսօրվա իշխանությունն ինչ անուն ասես չդրեց բանակին, նրա ունեցած սպառազինությանը, զինվորականներին:
Այն տեխնիկան ու սպառազինությունը, որով 2020 թվականին ու դրանից հետո մարտեր էր վարվում, անունը դրեցին «մետաղի ջարդոն»` փորձելով արդարացնել սեփական տապալումն ու թշնամուն մեծաքանակ զինտեխնիկայի հանձնումը:
Սերժ Սարգսյանը որպես կանոն իր` պաշտպանության նախարար կամ նախագահ եղած ժամանակահատվածներում արձանագրված ռազմական հաջողությունների ու մատակարարումների մասին շատ քիչ է խոսել ու խոսում, ինչից օգտվելով այսօրվա որոշ իշխանական գործիչներ, փամփուշտն ու արկն իրարից չտարբերելով, խոսում են նախկինում եղած խնդիրներից ու այսօրվա «աննախադեպ» հաջողություններից:
Փաստ է, որ մինչև 2018 թվականը, ինչ ու որտեղից փորձել ենք զենք-զինամթերք գնել` գրեթե ամբողջությամբ այդ գործարքները կայացել են, ըստ այդմ` մատակարարումներն արվել է, դեռ չեմ խոսում անվճար ռազմատեխնիկական ծրագրերի մասին:
Ու մի բան էլ` պարտության խորհրդանիշ և թշնամուն զենք հանձնող փաշինյանական իշխանությունը քաղաքական ու բարոյական իրավունք չունի խոսել նույն թշնամուց զենք խլած ու հաղթանակ տարած գործիչների ու մարտիկների մասին:
Ռազմական բյուջեի որոշ նրբերանգների մասին Սերժ Սարգսյանի այսօրվա մանրամասն դիտարկումներին ավելացնելու բան չկա, միայն կասեմ, որ իր պատասխանատվության շրջանի մասին նախագահը շատ համեստ ներկայացրեց, բայց դրա մասին մեկ այլ առիթով»: