Մինչև Փաշինյանը չկա որևէ փաստաթուղթ Հայաստանի կողմից ստորագրված, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում . Փաստ
«Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնության հետ կապված կառավարությունը ներկայացրել է իր առաջարկները, որոնց ամփոփիչ իմաստն այն է, որ «նախագծով առաջարկվող լրացումներն ունեն խնդիրներ իրավական որոշակիության, քրեական օրենսգրքի կառուցվածքի տրամաբանության հետ, ինչպես նաև պարունակում են ներպետական և միջազգային ատյաններում վերոշարադրյալ և այլ հիմնավորումներով տարաբնույթ մեկնաբանման առիթ դառնալու ռիսկեր, ուստի առաջարկում է ձեռնպահ մնալ դրանք կատարելուց»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայաքվեի» ներկայացուցիչները ամփոփ փաստարկներ են ներկայացրել՝ ընդդեմ նման մոտեցման: Կառավարության տեսակետի հետ կապված կարծիք ստանալու համար դիմեցինք «Հայաքվեի» նախաձեռնող, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանին: «Զուտ էմոցիոնալ առումով, ծայրահեղ բացասական է վերաբերմունքս կառավարության ներկայացրած առաջարկների մասով՝ հասկանալի պատճառով: Սկսենք իրավական անորոշություն փաստարկից: Այն ուղղակի ծիծաղելի է: Օրինագծում բացարձակ որևէ իրավական անորոշության խնդիր չկա, իսկ եթե կան տեխնիկական խնդիրներ, կարող ենք որոշակի ճշգրտումներ մտցնել»,-ասաց Չալաբյանը: Ինչ վերաբերում է կառավարության փաստարկներին:
Թերթի զրուցակիցը նշում է. «Որո՞նք են իրենց հիմնական փաստարկները: Առաջինն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Դա պարզապես ծիծաղելի է: Մի քանի պատճառով: Ալմա–Աթայի հռչակագիրը Հայաստանի կողմից ստորագրվել է 1991 թ.-ի դեկտեմբերի 21-ին, այդ ժամանակ արդեն Արցախն անկախացել էր Ադրբեջանից: Ուստի միայն դրանով պարզ է, որ Հայաստանը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Երկրորդ՝ ՀՀ-ն այդ հռչակագիրը վավերացրել է Արցախի վերաբերյալ վերապահումով, այսինքն՝ բոլոր դեպքերում Հայաստանը Ադրբեջանի խորհրդային սահմանները չի ճանաչել:
Ալմա-Աթայի հռչակագրում գրված չէ «խորհրդային սահմաններ», գրված է «գործող սահմաններ»: Այս առումով էլ 1991 թ.-ին Ադրբեջանի գործող սահմաններում Արցախը չկար, քանի որ արդեն անկախացել էր: Երրորդ՝ Ադրբեջանն այդ հռչակագրին միացել է 1993 թ.-ին, ոչ թե 1991 թ.-ին, այդ ժամանակ նա ընդհանրապես Արցախը չէր վերահսկում: Չորրորդ՝ սա ևս կարևոր է, դեռևս 1992 թ.-ին ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի մանդատը եղել է Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը: Պարզ է, որ Արցախը չէր կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվել է 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայի հայտարարությամբ: Մինչև Փաշինյանը չկա որևէ փաստաթուղթ Հայաստանի որևէ իշխանության կողմից ստորագրված, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում»:
Չալաբյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կառավարության եզրակացության մեջ մեկ տարօրինակ բան էլ կա գրված՝ մեր Սահմանադրության նախաբանը հղում է կատարում Անկախության հռչակագրին, իսկ այնտեղ Արցախի հետ վերամիավորումը նշված չէ որպես ազգային նպատակ: «Արցախի հետ վերամիավորումը ոչ միայն նշված է, այլ դրված է դրա հիմքում: Հռչակագիրը հիմնված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների վերամիավորման վրա: Ավելին՝ 1990 թ.-ին Հայաստանի Գերագույն խորհրդում 12 պատգամավոր Լեռնային Ղարաբաղից էր: Մեկ վերապահում էլ իրենց եզրակացության վերաբերյալ:
Ասում են՝ մեր Քրեական օրենսգրքում Ցեղասպանության ժխտման համար արդեն քրեական հոդված է նախատեսված, ուստի երկրորդ հոդվածի կարիքը չկա: Մեր Քրեական օրենսգրքում Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների բաժնում իսկապես ցեղասպանությունների ժխտման համար հոդված է նախատեսված, բայց այն հոդվածը, որ մենք ենք նախատեսում, ոչ թե վերաբերում է Ցեղասպանության ժխտմանը, այլ Հայաստանի Հանրապետության անունից, այսինքն՝ պետության կողմից դրա միջազգային ճանաչումից հրաժարվելուն: Դուք կարող եք չժխտել Հայոց ցեղասպանության փաստը, բայց որպես պետություն չզբաղվեք դրա միջազգային ճանաչմամբ, ինչպես անում է այսօրվա իշխանությունը: Մենք ասում ենք՝ դա ազգային անժամկետ նպատակ է, որի վրա հիմնված է մեր Սահմանադրությունը և Հայաստանի երրորդ Հանրապետությունը, իշխանությունն իրավունք չունի դրանից հրաժարվելու»,-ամփոփում է մեր զրուցակիցը:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: