03 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դա պատերազմից մնացած լավագույն սովորություններից մեկն է՝ գոհունակություն հայտնել Աստծուն մի կտոր հացի համար

-Հավատո՞ւմ եք Աստծուն։

-… Իմ պապերը հայ առաքելական եկեղեցու սպասավորներ են եղել։ Մեր գերդաստանը հանուն Աստծո մարտիրոսված գերդաստան է։ Իմ Թադեւոս պապին՝ տեր Թադեւոսին, 1893-94թթ. ջարդերի ժամանակ Վանի մոտ իր ողջ ընտանիքով փակել են եկեղեցում, այն եկեղեցում, որտեղ ինքը ծառայել է, ու հրկիզել… Ընդամենը երկու հոգի է փրկվել. նրանք էլ շարունակել են մեր տոհմը։ Թադեւոսի ձեռքի Ավետարանը դարձավ նրա որդու՝ իմ Գաբրիել պապի, որը նույնպես քահանա էր, ձեռքի Ավետարանը։ Այդ Ավետարանը հիմա իմ տանն է։ Միշտ իմ գրասեղանի վրա է, մի՛շտ։ Օրս բացվում է այդ Սուրբ Գրքի հետ հանդիպումով… Հիմա ինքներդ դատեք, ես հավատացյա՞լ եմ, թե՞ ոչ։

-Հնատի՞պ Ավետարան է։

-Այո՛, 17-րդ դարի, տպագրվել է Վենետիկում, 1680 թվականին։ Խնամքով պահպանվել եւ սերնդեսերունդ փոխանցվել է, ոչ մի թերություն, պակաս էջ չունի… Այդ Ավետարանի լուսանցքներում մեր տոհմի պատմությունն է արձանագրված, շատ թանկ ու նվիրական հիշատակություններ կան, ձեռագրեր… Ինձ թվում է՝ մեր տոհմական Ավետարանը մեր տան, ընտանիքի պահապան հրեշտակն է… Արցախյան պատերազմը եկավ վերանորոգելու ոչ միայն մեր ոգու կորովը, մեր բազկի ուժը, մեր կամքը, այլեւ խորհրդային տարիներին սասանված հավատը։ Մենք մեր ուժը փնտրեցինք նաեւ մեր սուրբ հավատի մեջ, քրիստոնեական մեր արժեքներում, ճիշտ այնպես, ինչպես 5-րդ դարում…

-Պարոն գեներալ, դեռ պահպանո՞ւմ եք պատերազմական օրերի սովորությունը՝ հաց չկտրել, քանի դեռ սեղանն օրհնված չէ։ Ասում են՝ մի անգամ նույնիսկ քնած քահանային արթնացրել եք, որ հացն օրհնի…

-Տեր Գրիգորի մասին է խոսքը… Նա մեր լավագույն մարտիկներից էր, իսկական հերոս… Բայց ես նրան չեմ արթնացրել, որ սեղանն օրհնի, ճարս կտրած՝ ընդամենը նրանից խնդրել եմ, որ աղոթքի խոսքեր մեզ ասի… Թեեւ մարտական հերթափոխից էին եկել զինվորները, սոված էին ու ծարավ, բայց չէին ուզում հենց այնպես սեղան նստել, առանց օրհնության։ Ես էլ ստիպված, երկար սպասումից հետո, մոտեցա տեր Գրիգորին ու ասացի. «Խնդրում եմ, մի րոպեով աչքերդ բացիր ու պարզապես աղոթքի խոսքեր մեզ ասա, թե չէ՝ սոված կոտորվեցինք»։ Այսպես է եղել իրականում։ Եվ դա պատերազմից մնացած լավագույն սովորություններից մեկն է՝ գոհունակություն հայտնել Աստծուն մի կտոր հացի համար։

Հատված Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ Գեւորգ Ասատրյանի հարցազրույցից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ