23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այդ «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է փաշինյանական տուպիկի. Փաստ

Թվում է, թե քաղաքական պասիվ փուլում ենք՝ չկայացած բանակցություններ, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, Ադրբեջանն էլ ասում է, թե տարածքային հավակնություններ չունի Հայաստանի նկատմամբ: Ի վերջո, ո՞ւր ենք հասել: Այս հարցն ենք ուղղում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանին: Արձագանքում է՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ վեհաժողովի ընթացքում խոսեց: «Փաստացի ասաց այն, որ Ադրբեջանը նախապատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի, որովհետև այն, որ Ադրբեջանում Հայաստանը ներկայացնում են որպես «Արևմտյան Ադրբեջան», այլ կերպ մեկնաբանել չի կարելի: 2022 թ. հոկտեմբերին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը խաչ քաշեց Արցախի Հանրապետության վրա: Մեկ տարի անց գրեթե նույն օրը Գրանադայում ընդունվեց մի հռչակագիր՝ առանց Ադրբեջանի մասնակցության, որը բովանդակային առումով չի տարբերվում այն փաստաթղթից, որով խաչ քաշվեց Արցախի Հանրապետության պատմության վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ադրբեջանի նախագահը նշում է, թե տարածքային հավակնություններ չունի Հայաստանից, խոսում է «խաղաղ ճանապարհով իր պատմական տարածքներ վերադառնալու» մասին: Շատ փորձագետներ սա դիտարկում են որպես Հայաստանի գլխի տակ փափուկ բարձ դնելու քաղաքականություն, ոմանք էլ պնդում են՝ Ադրբեջանը դեռ պետք է «մարսի» Արցախում տեղի ունեցածը: «Ադրբեջանն այդ տարածքները համարում է իրենը, տարածքն իրենցն է, դրա վերաբերյալ նկրտումներ չունեն, ասում են՝ «մերն ենք վերադարձնում»: Թե ինչպես են Հայաստանում մարդիկ դա ընկալում, դա էլ նրանց խնդիրն է: Երկար ժամանակ Հայաստանում քարոզչական ֆոնն այլ էր, և դա՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: 90-ականներից էլ դա կար, երբ Արցախը ներկայացվում էր որպես բեռ, այլ ոչ որպես կենդանի վահան: Մարդկանց մոտ չկար ընկալումն այն բանի, որ Արցախի կորստից հետո Ադրբեջանը զբաղվելու է Հայաստանով: Ռազմական գործողությունները նախկինում Արցախի
Հանրապետության տարածքում էին, հիմա այն չկա: Սա պատահականություն չէ, սա արդեն օրինաչափության դրսևորում է լինելու: Օրերս կրակոց եղավ, և մեկ վիրավոր ունեցանք: Կենդանի վահանն իրենք ոչնչացրել են:

Հաշվի առնելով իրենց քաղաքական անցյալը՝ սա չեն համարում ձախողում, որովհետև միշտ էլ ձգտել են ազատվել «ղարաբաղցի տականքներից»: Դա էր չէ՞, «Մարտի մեկի» գիշերն ասում Փաշինյանը: Իրենք համարում են, որ Հայաստանն են ազատել այդ «ղարաբաղցի տականքներից ու տականք Արցախից»: Հիմա քաղելու են իրենց իսկ վարած քաղաքականության դառը պտուղները: Բողոքում են, որ Ադրբեջանում Հայաստանն անվանում են Արևմտյան Ադրբեջան: Ո՞վ է դրանում մեղավոր, ո՞վ է ադրբեջանական այս քաղաքականությանը հիմք տվել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ակնհայտ դեմարշ է սկսվել Ռուսաստանի նկատմամբ: Իշխանությունն ասում է, օրինակ՝ «չենք մեկնում ՀԱՊԿ նիստին, քանի որ անպատասխան հարցեր ունենք»: Փորձագետները փաստում են, որ Հայաստանը փորձում է այլընտրանքներ գտնել Ռուսաստանին, արտաքին քաղաքական ու ռազմական դաշտում դա Արևմուտքն է: Մաթևոսյանը կարծիք է հայտնում՝ Արևմուտքում այլընտրանք չեն գտնի, որովհետև չեն էլ փնտրում:«Իրենց այլընտրանքը թուրքական է: Սա քարոզչական ֆոն է: Կոնգրեսում վերջին լսումների ժամանակ Ջեյմս Օ՛Բրայենն ասում է՝ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ապագա, և այն Ռուսաստան-Իրան առանցքից դուրս է: Դեռևս մայիսին ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն ասել էր՝ Վաշինգտոնը ձգտում է, որ կողմերը ոչ միայն կարողանան խաղաղ ապրել, տնտեսական կոոպերացիա ունենալ, այլ նաև կոլեկտիվ անվտանգություն ապահովել տարածաշրջանում: Երբ միացնում ենք ամերիկացի դիվանագետների այս երկու ձևակերպումները, մեր հասարակությանը գրեթե բաց տեքստով ասվում է՝ իրենք ակնկալում են, որ այստեղ լինի ռազմաքաղաքական դաշինք Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի մասնակցությամբ՝ ընդդեմ Ռուսաստանի և Իրանի: Մնացած ամեն ինչն ուղղակի ֆարս է:

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը սա անում: Միայն այդ տիպի՝ թուրքական Հայաստանում ինքը որպես քաղաքական գործիչ ունի ապագա: Իր անձնական, նաև իշխանական խմբավորումների տեսանկյունից հասկանում է, թե ինչ է անում: Մեկ օրինակ բերեմ Արգենտինայից: Նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության է եկել մի մարդ, որն ասում է՝ ազգային արժույթից պետք է հրաժարվենք, դոլարը պետք է լինի մեր արժույթը, պետք է հրաժարվենք համագործակցությունից Բրազիլիայի, Չինաստանի, Ռուսաստանի հետ, և մեր ուղեգիծը պետք է լինի դեպի ԱՄՆ: Այս մարդու քաղաքական ապագան այդ ուղղությամբ է, Փաշինյանի ապագան Թուրքիայի ուղղությամբ է: Ուղղակի մեր ու Արգենտինայի տարբերությունն այն է, որ նրանց հարևանները նույնաբովանդակ ծրագրեր Արգենտինայի նկատմամբ չունեն, ինչ Թուրքիան ունի: Ադրբեջանն ու Թուրքիան կարողանում են այս ամենը շատ լավ խաղարկել: Ռուբեն Ռուբինյանի գործընկեր Քըլըչը եկել էր Հայաստան, սահմանամերձ տարածք, այնտեղ ուսումնասիրում էին, թե ինչպես են ականազերծման աշխատանքները կատարվում և այլն:

Իրենք սիմվոլիկ ժեստեր են անում, տպավորություն ստեղծում, որ սահմանը կբացեն և այլն: Շատ լավ հասկանում են, որ պատմական հնարավորություն կա Հայաստանի ձեռքով իր անվտանգային համակարգը ոչնչացնել, ռուսներին այստեղից դուրս բերել: Եթե կորցնենք Իրանի հետ սահմանի վերահսկողությունը, Իրանն ու Ռուսաստանը տեսական հնարավորություն էլ չեն ունենա Հայաստանին քաղաքական կամ ռազմական աջակցություն ցուցաբերել, ֆիզիկապես այդպիսի տարածք չի լինելու, որով իրենք կկարողանան դա իրականացնել: Դրանից հետո ի՞նչն է Թուրքիային և Ադրբեջանին խանգարում պարզապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը: Արցախը դատարկվեց, արցախահայերին շնորհում են Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում, 1-2 մլն դոլար են ուղարկում և այլն: Չեմ ծաղրում, այլ պարզապես ֆիքսում եմ սա՝ որպես իրողություն: Ինչ-որ մեկին թվում է, որ Հայաստանի հետ նույնը լինելու դեպքում այլ իրողություններ են լինելո՞ւ: Գուցե մեզ Նյու Յորքի պատվավոր քաղաքացիություն տան, բայց իրողությունը սրանից չի փոխվում: Սարսափելի իրավիճակում ենք, մարդիկ ուղղակի սա չեն հասկանում:

Պնդում եմ՝ այն, ինչ նա ստորագրել է Գրանադայում, քաղաքական բովանդակության առումով չի տարբերվում նրանից, ինչը 2022 թ.-ին ընդունել է Պրահայում, որով ոչնչացրեց Արցախի Հանրապետությունը: Արցախը Պրահայից հետո մեկ տարի դիմացավ, տեսնենք՝ Հայաստանը Գրանադայից հետո ինչքան կդիմանա»,-ընդգծում է քաղաքագետը:

Այսքանով հանդերձ, Հայաստանը «հավակնում է» դառնալ տարածաշրջանի «խաղաղության խաչմերուկը»: «Հետաքրքիր է ուսումնասիրել ադրբեջանական ու թուրքական մամուլը: Իրենք ասում են, որ այն վատ ծրագիր չէ, բայց ո՞վ ասաց, որ այդ խաչմերուկը պետք է լինի Հայաստանը, այլ ոչ Նախիջևանը: Երկրորդ՝ տեսնում ենք, որ Հայաստանի այս փորձերն՝ ամեն կերպ ներգրավել Արևմուտքին մեր տարածաշրջան, ընդդիմության են արժանանում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի կողմից: Այն բանից հետո, երբ Ալիևը կլանեց Արցախը, առաջին որոշումներից մեկը Ջաբրայիլից դեպի Իրան նոր ճանապարհ կառուցելու մասին էր: Տեսնում ենք, որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն ասում է, թե Հյուսիս-հարավ նախագծի շրջանակներում երկաթգիծը կարող է Հայաստանի տարածքով չանցնել: Նույնն ասում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ: Այդ «խաղաղության խաչմերուկը», մեղմ ասած, վերածվելու է փաշինյանական տուպիկի:

Արևմուտքի հովանու ներքո այս գործընթացի արդյունքում Ադրբեջանը ստացավ Արցախն առանց հայերի, իսկ Հայաստանը ոչինչ չստացավ, հակառակը՝ ավելի մեծ խնդիրների առջև կանգնեց: Ադրբեջանը Արևմուտքին բերում է մեր տարածաշրջան, խոսքը Մեծ Բրիտանիայի մասին է, բայց իրենք, ի տարբերություն Փաշինյանի, բրիտանացի դիտորդներ չեն բերում Ադրբեջանի և Իրանի սահմանին, ինչը կգրգռի թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին, թե՛ անգամ Թուրքիային: Ադրբեջանը համագործակցության լայն ծրագրեր ունի Արևմուտքի հետ, ի դեմս Մեծ Բրիտանիայի, իսկ այն ծրագրերը, որոնք Բրիտանիայի շահերից են բխում՝ որպես Արևմուտքի ներկայացուցիչ, պատրաստ են իրենց ձեռքով իրականացնել՝ ծրագրեր ընդդեմ Իրանի:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ