23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կարժանանա՞ Հայաստանի հարավն Արցախի ճակատագրին, թե՞ առայժմ կպլստա՝ ընդամենը լոգիստիկ հարց է

Ի՞նչ է կատարվում Հայաստանի շուրջ այս պահին. եթե այս պարզ հարցին փորձենք պատասխան գտնել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի օր-օրի, նույնիսկ կարելի է ասել՝ժամ առ ժամ ավելի սաստակցող նյարդային արձագանքներից, կամ ԱՄՆ-ի ու եվրոպական տարբեր կառույցների պաշտոնյաների հաճախացող անդրադարձերից հայկական թեմային, ապա առաջին իսկ մակերեսային եզրակացմամբ՝ ինչ-որ փուլ մոտեցել է ավարտին, եւ սկսվում է ավելի գործնական մի փուլ: Լեռնային Ղարաբաղի թեմայով ԱՄՆ Կոնգրեսի լսումներում, Միացյալ Թագավորության հետ վերջին մերձեցման միջոցառումներում խոսույթից կամ եվրոպական այցերի նոր բարձրաձայնումներից կարելի է դատել, որ Հայաստանով անցնող առեւտրաշահ հաղորդուղիների համար դիմակայող կողմերի պայքարը մտել է վճռական փուլ՝ մեզ համար անկանխատեսելի հետեւանքներով:

Հայաստանն ընդլայնում է անվտանգային հարցերի շուրջ շփումների շրջանակը, վարչապետը հրաժարվում է ՀԱՊԿ համաժողովին մասնակցելուց, փորձ է կատարվում մեր պաշտպանական հարկավորությունները լրացնել ոչ մեկ արտաքին աղբյուրից: Հայաստանի ընդդիմության եւ ռուսամետ հանրային շրջանակների ներկայացուցիչները մտահոգված են իշխանության՝ անթաքույց ցուցադրվող հակառուսականությունից, եւ իշխանությանն ուղղված մեղադրանք ունեն, թե վեկտորի փոփոխություն է կատավում: Իշխանական շրջանակները (վարչապետ, Անվտանգության խորհրդի քարտուղար) բերանացի ժխտում են, թե վեկտորի փոփոխություն է տեղի ունենում, ՀԱՊԿ կառույցներից օգնություն չստանալը մատնանշելով՝ միաժամանակ հերքում են, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, նշում են, որ ուղղակի այս անգամ տարբեր պատճառներով չեն մասնակցի կառույցի քննարկումներին:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները, նայած ազդեցության շրջանակի, Ռուսաստանի կամ Արեւմուտքի դեմ պատասխան հրահրող հարցերով փորձում են պաշտոնյաների պարտադրել՝ որոշակիացնելու Հայաստանի դիրքորոշումը, ակնհայտորեն ողջ թափով գեներացվում են ոչ միայն այս կամ այն պատկանելության քաղաքական, այլեւ լրատվական շրջանակները, ինչը Հայաստանի անվտանգության խոցելիության տեսակետից պարզապես կարող է վտանգավոր դառնալ՝ հարկավոր պահին ապատեղեկատվության ողջ ներուժը գործարկելով: Բոլորը շտապում են՝ բազմադեմ Արեւմուտքն իր մեգածրագրերով, Ռուսաստանը մեր տարածքում հեռուն գնացող նպատակներով եւ իր գազը Ադրբեջանի միջոցով Եվրոպային վաճառելու մեծ շահով, Թուրքիան, որն իր սեփական խաղն ունի այդ բոլորից անդին, Իրանը, որն այս բոլորը դիտարկում է իր երկրի անվտանգության պրիզմայով:

Այս ֆոնին Հայաստանի խորհրդարանում անվրդով քննարկվում երեք տրիլիոն դրամից ավելի ծախսեր, դրանից ավելի պակաս հարկային հավաքագրումներ պլանավորած բյուջե-24-ը՝ մեկ-մեկ հիշելով արցախցիներին ու նրանց ուղղված հատկացումները: Բոլորն ի գիտություն են ընդունել, որ Արցախն այլեւս ոչեւս է, բարձրացրած հարցերն այն են, թե ինչու բյուջեում արցախցիների հետ կապված հետագա ծրագրերի մասով գումար նախատեսված չէ (ինչպես եւ Եվրոպայում, երբ մեր պաշտոնյաները խոսում են արցախցիների առաջնային կարիքներից միայն) եւ անցնում են բյուջեի տնտեսական կանխատեսումների բացվածքով քաղաքական դուալիզմին:

Ընդդիմությունը բյուջեն մահախոսական է անվանում՝ անիրատեսական կանխատեսումներով, վերջին տարիների ամենամեծ արտաքին պարտքային բեռով՝ նոր բյուջետային տարում մինչեւ 12 միլիարդ դոլարի հասնող արտաքին պարտքով: Իշխանությունն ի դեմս վարչապետի՝ խաղաղության բյուջե է անվանում բյուջե-24-ը՝ պաշտպանական ծախսերի կրկնապատկմամբ, կապիտալ շինարարության, կրթական, սոցիալական եւ այլ ոլորտների ծրագրերին մեծ հատկացումներով, իշխող խմբակցության ղեկավարը բյուջեն խաղաղության եւ ազատության բյուջե է անվանում, եւ այլն:

Արցախը մոռացել են բոլորը՝ դրսում էլ, ներսում էլ. դրսում բոլոր առանցքային խաղացողները կրկնում են եւ ընդունում Ալմաաթիի հռչակագրով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման թեզը, որով Արցախն Ադրբեջանի կազմում է: Ւսկ թե ինչ էին անում տասնյակ տարիներով Մինսկի խմբում, որտեղ ողջ բանակցային տրամաբանությունը Լեռնային Ղարաբաղի գոյությամբ եւ առկայությամբ էր, ի՞նչ ժամավաճառությամբ կամ երկերեսանիությամբ էին զբաղված Մինսկի խմբի հատկապես համանախագահ պետությունները, ներկայացնելով լայն Արեւմուտքն ու Ռուսաստանը, ինչո՞ւ էին այն ժամանակ Արցախը հայկական համարում, հիմա՝ ադրբեջանական, ոչ մի ծպտուն, ասես Մինսկի խումբ չի էլ եղել: Այժմ բոլորը միաբերան պնդում են Ալմաթիի հռչակագրով Հայաստանի ԽՍՀՄ սահմանների մասին, Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ ժամանակին Արեւմուտքի թշնամի համարվող ԽՍՀՄ «պանյատկաներով» հայ-ադրբեջանական խաղաղության կերտմանը ձեռնամուխ լինելով:

Ահա մեծ տերությունների, տվյալ դեպքում՝ Միսնկի խումբը տարիներ ներկայացնողների ողջ բարոյականությունը, օրինակարգությունը, հետեւողականությունը. նրանց միշտ հարկավոր են եղել մեր տարածքով անցնող առեւտրաշահ ճանապարհները, մնացյալը՝ մարդու իրավունքներ, ինքնորոշման իրավունք, այլուայլ սիրուն ձեւակերպումներ օգտագործվել են որպես սոուս՝ կոծկելու իրենց ճաշի բուն բովանդակությունը: Ու հիմա, այս պահին հանուն հաղորդուղիների գիշատչային պայքարն առավել անթաքույց է դարձել՝ շանտաժներով, դատարկ խոստումներով, լսում-մսումներով եւ մեր թեւերի տակ անվերջ դրվող փափուկ բարձերով: Նրանք բոլորն անծպտուն նայեցին Արցախի դատարկմանն ու զավթմանը, իսկ հիմա խոսում են արցախցիների վերադարձի իրավունքից, մեզ կաշառում են Հայաստանի անվտանգությանն իբր նպաստող քայլեր խոստանալով (Ադրբեջանի դեմ իբր ԱՄՆ-ի պատժամիջոցներ, ԵՄ դիտորդների թվի ավելացում, Ֆրանսիայի կողմից իբր օդը ծածկող մի քանի համակարգի նետում, ՄԹ-ի կողմից սահմանների անվտանգության ինչ-որ լրացուցիչ գործիքներ՝ հաղորդուղի միջանցքի կառուցումն էլ զուգահեռ դիտելով. հա, բա, բոլորին հաղորդուղի միջանցքն է հետաքրքրում, չէ մի չէ՝ Հայաստանի անվտանգությունը):

ՀԱՊԿ-ից դուրս գանք-դուրս չգանք, վեկտոր փոխենք-չփոխենք, դեպի Տրանսատլանտյան դաշինք հակվենք-չհակվենք, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա անենք-չանենք, ակնհայտորեն դրսից պարտադրվող ծրագիրը «Խաղաղության խաչմերուկ», թե «Քառասուն ավազակների մեծ ճանապարհ» կոչենք՝ իրականությունն առավել քան պարզունակ ու ցինիկ է՝ բոլորն ուզում են Հայաստանով անցնող հաղորդուղիները, գումարած ամենակրքոտ ցանկացող Թուրքիան՝ Ադրբեջանի միջոցով: Իսկ թե ի՞նչ կպատահի Հայաստանի հարավի հետ, կարժանանա՞ Հայաստանի հարավն Արցախի ճակատագրին, թե՞ առայժմ կպլստա՝ սա ընդամենը, ինչպես սիրում են կրկնել բոլորը, լոգիստիկ հարց է: Չէ՞ որ Արցախը հաձնվեց, եւ ոչինչ չպատահեց ոչ աշխարհի, ոչ Հայաստանի իշխանության, ոչ Հայաստանի ընդդիմության հետ, նրանք, ինչպես Արցախը, ոչ մի տեղ չանհետացան եւ շարունակում են նույն եռանդով ամենատարբեր թեմաների շուրջ «ազգանպաստ» հակադարձումներն ու ինտերվյուները:

Խաղը նույնն է, մի կողմը թե բա՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը անվտանգության սպառնալիք է, մյուսները՝ թե դուրս չենք գալիս, վեկտոր չենք փոխում, ընդամենը դիվերսիֆիկացնում ենք մեր արտաքին քաղաքականությունը, անվտանգային հարցերը լուծելու համար նոր գործընկերներ ենք փնտրում-գտնում (Հնդկաստանը, Ֆրանսիան, ու էլ ով ասես): Մե թամաշա, ժողովուրդն էլ նայում ու բթանում է, ոչ մի բանի մասին չմտածելով, ինչպես արցախցիք, մինչեւ որ մի օր իրենց գտան դեպի Հայաստան խուճապահար սուրացող մեքենաների մեջ: Բոլորով իմանալով, որ այս հարեւանի հետ խաղաղություն հնարավոր չէ, ու հենց վարչապետն էր բյուջետային քննարկմանն ասում, թե Ադրբեջանի հետ համաձայնեցված սկզբունքների պարագայում խաղաղության պայմանագրի ձգձգման պատճառը փոխադարձ վստահության պակասն է, այնպիսի մեխանիզմների չգոյությունն առայժմ, որոնք թույլ չեն տա պայմանագրի կետերի տարընթերցումներ եւ մեծ հաշվով դրա կնքումից հետո՝ էսկալացիան: Ադրբեջանը հենց մեկ օր առաջ հրաժարվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկված մոտակա հանդիպումից, դեռ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն էլ ներառում է իր զարգացման ծրագրերում:

Զարմանալի է նաեւ, թե Արցախի իշխանության ատրիբուտները Հայաստանում պահպանելը վտանգ համարող Ալեն Սիմոնյանի ղեկավարած Ազգային ժողովն ի՞նչ հիմնավորումներով է այլ երկրի քաղաքացի Սամվել Շահրամանյանին (Ալմաաթիի հռչակագրով) հրավիրում ԱԺ քննիչ հանձնաժողով, այդպիսով խառնվելով այլ երկրի գործերին, ինչպես որ Ալմաաթիի հռչակագրով է:

Խուսափենք ընդդիմություն-իշխանություն ամենօրյա դեբատների ճահիճը մտնելուց՝ փնտրելով իրականության բնութագրման ավելի խոսուն նշաններ, կարդալով տողատակերը, իսկ դրանք, խոստովանում ենք, անհանգստացնող են եւ հուշում են, որ Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի պարտադրման նոր՝ գործնական փուլը կարող է եւ մինչեւ տարեվերջ ավարտվել:

Ահա, օրինակ, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա Ջեյսմս Օ Բրայենի՝ Հայաստանը Տրանսատլանտյան դաշինքին մերձեցնելու ծրագրերի վերաբերյալ խոսքում խաղաղութունն Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հատկապես տնտեսական առումով է կարեւորվել, քանի որ ըստ նրա՝ Կենտրոնական Ասիան նոր երթուղիներ է փնտրում իր ապրանքների համար, եւ տարանցիկ միջանցքը, որը կկառուցվի Հայաստանի մասնակցությամբ եւ համաձայնությամբ, կարող է հսկայական տնտեսական բում առաջացնել տարածաշրջանի երկրների համար, նաեւ համաշխարհային շուկաներում, որոնք հասանելիություն կունենան այնտեղով տեղափոխվող ապրանքներին: Ըստ Օ Բրայենի, սակայն, այստեղ կարեւորը Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրության հարցն է, թե ապագայում ինչպիսի քաղաքական հարաբերություններ են ուզում ունենալ, արդյո՞ք ուզում են ապագան կառուցել Ռուսաստանի եւ Իրանի՝ որպես տարածաշրջանային անվտանգության հիմնական խաղացողների առանցքի շուրջ: Դա ԱՄՆ պաշտոնյան անկայուն եւ անցանկալի է համարում, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների համար, ու նրանք, ոչ ավել- ոչ պակաս՝ առաջիկա շաբաթներին պետք է ընտրություն կատարեն:

Ահա, տեղ հասանք, Փաշինյանը խորհրդարանում ասում էր, թե մեր հարաբերությունները կառուցում ենք ֆորպոստ չլինելու տրամաբանությունից ելնելով, բայց արդյոք դա չպե՞տք է վերաբերի ոչ միայն Ռուսաստանի ֆորպոստը չլինելուն, այլեւ Արեւմուտքի, որպեսզի նրանք մեզ չթելադրեն՝ ո՞ր հարեւանի, կամ ո՞ր դաշնակցի հետ մենք հարաբերություն կառուցենք, ու արդյոք Օ Բրայենի (արեւմտյան) մոտեցումը Ռուսաստան-Արեւմուտք հակադրության առարկայական դրսեւորման չի՞ բերի, այս անգամ Հայաստանում:

Գումարած, որ մեր բարեկամ Իրանին Հայաստանին հակադրելու հարց էլ կա այդ ակնարկի մեջ, միթե մեզ նոր ծուղակներ են սպասվո՞ւմ: Միացյալ Թագավորության հետ շփումների արդյունք-հայտարարության մեջ էլ ակնարկ կար սահմանների անվտանգության հետ առնչվելու եւ հաղորդուղիների հետ կապված Մեծ Բրիտանիայի ակտիվացման մասին, գումարած՝ Եվրոմիության հետ վիզային ռեժիմը Հայաստանի հետ առաջիկայում վերացնելու եվրոպական խոստումները:

Տեսնես Հայաստանի ժողովուրդը զգո՞ւմ է այն արագությունը, որով մենք մի կախվածությունից նետվում ենք դեպի մյուսը, եւ Ադրբեջանին նույն կերպ գործընկեր համարող Արեւմուտքը հերթական անգամ մեզ փաստի առա՞ջ է կանգնեցնելու, ինչպես հարյուր տարի առաջ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայացք

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ