Տաքսիստների «կյանքը» հեշտանում է
Կառավարության նոր որոշման համաձայն մարտի 1-ից ուժի մեջ է մտել տաքսիների լիցենզավորման ծրագիրը, որի համաձայն` անհատ տաքսիստները պետք է անպայման մեքենաներում տեղադրեն հաշվիչներ և ունենան գազի բալոն տեղադրելու թույլտվություն: Նոր օրենքով, անհատ տաքսիստների ամսական վճարվող հարկը 14500 դրամից նվազեցվել է` Երևանում հասնելով 12000 դրամի, իսկ մարզերում` 8000-ի: Հարկ է ավելացնել, որ ընդառաջելով վարորդներին, վերացվել են նաև պարտադիր բուժզննման և տեխզննման պահանջները:
Կառավարության այս որոշումն առաջացրել է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի տաքսիստների դժգոհությունը, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել` պահանջելով չեղյալ համարել նոր օրենքը: Չնայած այն հանգամանքին, որ օրենքում կատարված փոփոխությունները հարկային բեռի նվազեցում են ենթադրում ու առկա ընթացակարգերի պարզեցում, նախօրեին Հանրապետության հրապարակում հավաքված տաքսիստները պնդում էին, որ իրենք չեն կարող ամսական 12 հազար դրամ լիցենզիայի գումար վճարել, հաշվիչ տեղադրել, որն արժի մոտավորապես 50-70 հազար դրամ, ինչպես նաև, ամեն ամիս 2400 դրամ վճարել հաշվիչի կապարակնքման համար: Վարորդները նշում են, որ նոր կարգը իրենց զրկում է որևէ եկամտից: Դրությունն ավելի լարված էր Շիրակի և Լոռու մարզերում: Գյումրեցի վարորդները հավաքվել էին Վարդանանց հրապարակում և նույնիսկ ճանապարհը փակելու փորձեր էին կատարել: Վերջիններս նշում էին, որ օրենքում տեղ գտած փոփոխությունները արտագաղթի նոր ալիք կարող են բարձրացնել, իսկ շատերն էլ պատճառաբանում էին, որ իրենք ամբողջ տարի տաքսի ծառայություն չեն մատուցում, ուստի այս նոր օրենքը ձեռնտու չէ իրենց: Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նշել, որ նոր ընդունված օրենքն ունի մի շարք դրական կողմեր, որոնք պաշտպանում են ուղևորների շահերը` կապված վճարվող գումարի հետ:
Քաղաքացիները հիմնականում գերադասում են օգտվել այն տաքսիներից, որոնցում առկա են հաշվիչներ, քանի որ հակառակ դեպքում վարորդները պահանջում են կամայանական գումարներ, որոնք հակասումե ն առողջ բանականության սկզբունքներին: Իսկ ինչ վերաբերում է 70 հազար դրամ արժողությամբ հաշվիչներին, որոնք պետք է տեղադրվեն մեքենաներում, հարկ է նշել, որ վերոնշյալ վճարը պետք է կատարվի ընդամենը մեկ անգամ և դա այն դեպքում, երբ Կառավարությունը ընդառաջելով տաքսիստներին, իջեցրել է նաև վճարվող հարկերի գումարը:
Բնական է, որ յուրաքանչյուր նոր ընդունված օրենք հնարավոր է սվիններով ընդունվի հասարակության կողմից և ժամանակ է պահանջում դրան հարմարվելու համար, սակայն մանրամասն ուսումնասիրելով տաքսիների վերաբերյալ ընդունված օրենքը, ակնհայտ է դառնում, որ վերջինս պաշտպանում է ոչ միայն սպառողների, այլև տաքսիստների շահերը, և նրանց շրջանում առաջացած խուճապը, մեղմ ասած, տեղին չէ:
Տաթևիկ Տիգրանյան