26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու է ձգձգվում նոր նմուշի անձնագրերի տպագրությունը

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Հովհաննես Քոչարյանը վստահ է, որ իր առաջարկած տարբերակը ձեռնտու է ոչ միայն մատակարարումների հնարավոր խնդիրներից խուսափելու, այլև անվտանգության տեսանկյունից։

Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային մրցույթի գաղափարից և սեփական միջոցներով իրականացնի կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տպագրությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Հովհաննես Քոչարյանը` մեկնաբանելով նոր անձնագրերի տրամադրումը հերթական անգամ հետաձգելու առաջարկը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն առաջարկում է հին նմուշի անձնագրերի տրամադրումը երկարաձգել, մինչև կենսաչափական անձնագրերի նոր համակարգ ներդրվի: Կառույցի ղեկավար Արմեն Ղազարյանը նոյեմբերի 14-ին ԱԺ–ում հայտնեց, որ 2024թ–ին ևս ՀՀ քաղաքացիներին նոր նմուշի կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր չեն տրամադրվի։ Հերթական ձգձգման պատճառների մասին պաշտոնյան չխոսեց, միայն ասաց, որ աշխատանքը կատարվելու է փուլերով, ժամկետ նշելը դժվար է:

«Հիմնական պատճառը Հայաստանի շուկայի փոքր լինելն է։ Ոչ մի ճանաչված ու բարձր ռեյտինգ ունեցող մատակարար ընկերություն անձնագրեր մատակարարելու շահագրգռություն չունի, որովհետև ՀՀ բնակչության թիվը փոքր է, և ֆինանսական առումով մեր երկիրը գայթակղիչ չէ։ Այդ խնդիրը մեկ լուծում ունի. ՀՀ–ն պետք է ինքը տպագրի իր քաղաքացիների անձնագրերի բլանկները»,– ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ 2012-13թթ–ին անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնում աշխատելիս ինքն անձամբ է բախվել խնդրին։

«Համենայնդեպս այն ժամանակ, երբ մենք փորձում էինք խնդրին լուծում գտնել, հայտնի խոշոր ընկերությունները` գերմանական, ֆրանսիական, Հայաստանի հայտարարած տենդերին մասնակցելու շահագրգռություն չէին դրսևորում»,– հիշում է մեր զրուցակիցը։

Նախկին պաշտոնյայի գնահատմամբ` ՀՀ–ում այսօր կան մասնավոր ընկերություններ, որոնք պետական համաֆինանսավորմամբ վերազինվելու դեպքում կարող են միջազգային ստանդարտներին համապատասխանող անձնագրեր տպագրել։ Բացի այդ, պետությունը կարող է նաև պետական ձեռնարկություն հիմնել և պետական ֆինանսավորմամբ փաստաթղթերի տպագրություն իրականացնել։ Քոչարյանի խոսքով` այդ տարբերակը ձեռնտու է ոչ միայն մատակարարումների հնարավոր խնդիրներից խուսափելու, այլև անվտանգության տեսանկյունից։

«ՀՀ–ն պետք է ինքը ստանձնի իր քաղաքացիների բիոմետրիկ անձնագրերի տպագրությունը և պահպանման, տեղափոխման անվտանգությունը»,– շեշտեց նա։

Հիշեցնենք` 2011թ–ից ՀՀ քաղաքացիների անձնագրերի ու նույնականացման քարտերի տպագրությամբ զբաղվում էր լեհական PWPW ընկերությունը։ Պայմանագրի ժամկետը 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվեց, ու քանի օր Հայաստանի կառավարությունը մինչ օրս նոր մատակարար չի գտել, հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը պարբերաբար երկարաձգվում է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ