18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գյուղացիական կոոպերատիվների կայացումը՝ որպես գյուղի զարգացման նախադրյալ

Գյուղացին դեռևս լքում է իր գյուղը, իր փոքր հողակտորի վրա չկարողանալով  ստեղծել  իր ընտանիքի համար նվազագույն կենսապահովման պայմաններ: Գյուղացիները իրենց փոքր հողակտորները վաճառում են՝ կամ արտագաղթի համար միջոցներ հայթայթելու, կամ բանկերի վարկերը մարելու համար:

Հայաստանում շարունակվում է հողերի խոշորացումը, որը ոչ մի դրական արդյունքի չի կարող բերել՝ երկիրը ուրբանիզացվում է, զրկվում  է գյուղից: Այսօր խնդիրներ կան՝ գյուղմթերքների իրացման և արտահանման, ոռոգման, ագրոսերվիսի, պարարտացման և թունաքիմիկատներով ապահովման, առաջնային վերամշակման և իրացման, գյուղացիական աշխատանքների ֆինանսավորման, բերքի ապահովագրման, բանկային վարկերի սպասարկման խնդիրների հետ և այլ ոլորտներում:

Ստեղծված վիճակում իսկապես խնդիր է դարձրել գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը: Սակայն, խնդիրը ոչ այնքան փոքր չափերի, որքան տնտեսության ճիշտ կազմակերպման մեջ է: Հասկանալի է, որ վիճակը փրկելու համար անհրաժեշտ է լայնորեն ծավալել գյուղացիական կոոպերացիան: Փոքր տնտեսությունների համատեղ գործունեությունը հնարավորություն է տալիս նպատակային օգտագործել առկա ռեսուրսները, արդյունավետ կառավարել խնայողության, արտադրական, սպասարկման, իրացման խնդիրները և վերջնական արդյունքում ապահովել  բարձր եկամուտներ:

Գյուղացիական տնտեսությունների կոլեկտիվ կառավարման հաջողված օրինակներ կան, ինչպես օրինակ կիբուցները՝ իսրայելական գյուղատնտեսական համայնքները, որի մոդելը նույնպես կարելի ուսումնասիրել և կիրառել:

Ագրարային ոլորտում պետական քաղա­քա­կա­նու­թյան կարևոր ուղղություններից է նաև գյուղացիական կոոպերացիայի խթանումը: ՀՀ գյուղատնտեսության նախա­րարության կողմից մշակվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների» մասին ՀՀ օրենքի նախա­գիծը, որն ենթարկվել է միջազգային փորձաքննության, ներկայումս քննարկումների և լրամշակման փուլում է:

Համաշխարհային Բանկի աջակցությամբ Կառավարությունը իրականացնում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցու­նակու­թյան»  վարկային ծրագիրը, որի շրջանակներում 2015 թվ.-ին շարունակվելու է վերը նշված ծրագրի երկրորդ փուլը, որի առանցքային դրույթներից է լինելու հատկապես Հայաստանում գյուղատնտեսական կոոպերացիայի խթանումը:

Նշենք, որ այդ ծրագրի շրջանակներում հանրա­պետության 6 մարզերի 91 համայնք­ներում արդեն ձևավորվել են «Համայնքի արոտ­օգտագործողների միավորում» սպառո­ղական կոոպե­րատիվներ, որի անդամներ են դարձել շուրջ 12876 գյուղաբնակ ընտանիքներ։ Այդ կոոպերատիվներին տրամադրվել է՝ 545 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 124 անիվավոր տրակտորներ, կառուցվել է 165 կմ ջրագիծ, տեղադրվել է 204 խմոց, կատարվել է արոտների ճանապարհների անցա­նե­լիության ապահովման աշխատանքներ, կառուցվել են 12 փարախներ, անասնապահի 12 տնակներ, ՀՀ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում շահագործման են հանձնվել 2 անասնաբուժական սպասարկման կենտրոններ, իրականացվել է խորհրդատվություն  և այլ բնույթի աջակցություն: Նշենք, որ բացի ծրագրի շրջանակներում ստեղծված արոտօգտագործողների սպառո­ղական կոոպերատիվներից, հանրապետությունում գործում են նաև ավելի քան 115 գյուղատնտեսական ուղղվածության այլ կոոպերատիվներ: 

Ամփոփելով նշենք, որ գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացումը բարդ և երկարատև գործընթաց է, իսկ կոոպերատիվների կայացումը հիմնված է կամավորության վրա և այստեղ ամենակարևորը դրան նպաստելու համար բնականաբար համապատասխան միջավայր ձևավորելն է:

Անահիտ Գրիգորյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ