Ձեր վստահությունը ոգեշնչում է և ստիպում առաջ շարժվել. Սերգեյ Սմբատյան
Մաեստրո Սերգեյ Սմբատյանը գրառում է կատարել, որում ասվում է․
Սիրելի՛ բարեկամներ,
ինչպես հավանաբար տեղեկացել եք լրահոսից, այսօր ավարտին հասցվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում, և դա հանրային անհարկի հնչեղություն ստացած թյուրիմացության պարզաբանումն էր և ինձ հասցեագրվող մեղադրանքների հերքումը։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր վերջին ամիսների ընթացքում կանգնած էին իմ կողքին և հավատով լի ինձ հետ միասին սպասում էին այս օրվան։ Ձեր վստահությունը ոգեշնչում է և ստիպում առաջ շարժվել»։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից 300 քմ մակերեսով տարածքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում հատուցվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը:
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի վերաբերյալ մասն անջատվել և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:
Քրեական վարույթով անցնող ութ մեղադրյալներներից երկուսի՝ Ս.Ս.-ի և Հ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի գնահատման արդյունքում (Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):