23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վառնայում տեղի է ունեցել զորավար Անդրանիկի 150-ամյակին նվիրված միջոցառում

Փետրվարի 25-ին, բուլղարական Վառնա քաղաքում Բուլղարիայի հայերի միության նախաձեռնությամբ և օրհնությամբ Վառնայի հոգևոր հովիվ Արժ. Տ. Բարթուղիմեոս քհն. Հակոբյանի տեղի ունեցավմիջոցառում՝ նվիրված հայ ազգային հերոս Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին: Այս մասին «Կանթեղ Արարատյանին»-ին հայտնում են Բուլղարահայերի միությունից:

Երեկոյան ժամը 17:00-ին մեծ թվով հայեր հավաքվել էին Վառնայի ս. Սարգիս եկեղեցում, ուր բոլորը միասին մասնակցեցին ամենօրյա երեկոյան ժամերգությանը՝ առաջնորդությամբ տեր Բարթուղիմեոսի: Ժամերգության ավարտից հետո բոլորը միասին մեքենաներով և հատուկ միջոցառման համար տրամադրված ավտոբուսով շարժվեցին դեպի Վառնայի Գալատա թաղամաս, որտեղ տեղի պիտի ունենար միջոցառումը:

Գալատա թաղամասի «Զոր. Անդրանիկ» հրապարակում ևս մեծ թվով քաղաքացիներ՝ թաղապետի գլխավորությամբ սպասում էին եկեղեցուց եկող հայությանը, որտեղ տեղադրված է մեծ հայորդու արձանը: Թե հրապարակի ամբողջական կառուցապատումը, և թե արձանի տեղադրումը, որն ի միջի այլոց պատրաստված է Հայաստանում, կատարվել է Բուլղարիայի հայերի միության ջանքերով և Երեմ ու Հարություն Հովսեփյաններ եղբայրների նյութական միջոցներով:

Զորավար Անդրանիկի արձանի առջև Արժանապատիվ Տեր Հայրը հոգեհանգստյան կարգ կատարեց ի հիշատակ Զորավարի, որից հետո իր հովվական խոսքն ուղղեց ներկա ժողովրդին: Տեր Բարթուղիմեոսը իր խոսքում կոչ արեց ներկա հայությանը հավատարիմ մնալ Զորավար Անդրանիկի պատգամներին և կերտել մեր մեջ հայրենասերի այն կերպարը, որով նա ապրեց իր կյանքը: 

«Ուսումնասիրելով Զորավար Անդրանիկի կյանքն ու գործունեությունը, մենք տեսնում  ենք մի շատ կարևոր ճշմարտություն, որ մենք մեր պայքարը կարող ենք առաջ տանել ամեն հնարավոր միջոցներով: Ուրեմն եկեք ամեն մեկս մեր ունեցած հնարավորությունները ի սպաս դնենք հանուն հայապահպանության սուրբ գործին, որի կարիքը այդչափ կա սփյուռքի մեր համայնքներում:», իր խոսքում նշեց Տեր Հայրը:

Տեր Բարթուղիմեոսի խոսքից հետո, Ներսես Կետիկյանը ընթերցեց Բուլղարիայի հայերի միության ուղերձը Զորավար Անդրանիկի 150-ամյակի կապակցությամբ: Ուղերձում խոսվում էր Զորավար Անդրանիկ հայությանը միավորող կերպարի մասին, ինչպես նաև այն մասին, որ հայություն մշտապես զգում է նրա հերոս տեսակի կարիքը: 

«Զորավար Անդրանիկի մեծությունը կայանում էր նրանում, որ իր խոսքն ու գործը մեկ էին: Այսօր մենք անընդհատ զգում ենք նրա այդ տեսակի կարիքը: Մեզ համար օրինակ ունենալով Զորավարի կյանքն ու գործունեությունը, նրա հանրաճանաչ պատգամը, թե՝ «Երբ քնելուց առաջ գլուխդ բարձին դնես, մի քիչ մտածիր ազգիդ մասին», մեր մեջ ևս փորձենք կերտել նրա այդ տեսակին:», ասված էր ուղերձում:

Այնուհետև «Ինչպես Արծիվ» երգի ներքո ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ զետեղեցին Զորավար Անդրանիկի արձանին: Երգի ավարտից հետո բոլոր ներկաները միասին շարժվեցին դեպի նույն թաղամասում գտնվող այն տունը, որը Զորավարը իր իսկ ձեռքերով է կառուցել և բնակվել է այնտեղ:

Ի ուրախություն հայ ժողովրդի, այդ տունը Բուլղարիայի հայերի միության ջանքերով և Հովսեփյան եղբայրների նյութական միջոցներով, վեց տարվա կատաղի պայքարից հետո, մոտ մեկ տարի առաջ գնվեց և այն փրկվեց քանդվելու վտանգից, քանի որ քաղաքապետարանը թույլատրել էր այն քանդել՝ տեղում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով: Այլևս այդ վտանգը գոյություն չունի և Զորավար Անդրանիկի տունը գտնվում է ապահով ձեռքերում և այս տարվա ընթացքում այն վերանորոգման աշխատանքներից հետո իր դռները պիտի բացի, որպես Զոր. Անդրանիկի տուն-թանգարան:

Երթի մասնակիցները Զորավարի տան առջև տեղադրված հուշատախտակի առաջ ծաղիկներ զետեղեցին, որից հետո ներկաներին ՀՅԴ Վառնայի խմբի անունից խոսք ասաց Օհան Օհանյանը: Նա իր խոսքում նշեց, թե որքան կարևոր է, որ այսօրվա սերունդը դաստիրակվի Զորավար Անդրանիկի օրինակով:

Միջոցառմանը ներկա էին «Մլադոստ» թաղամասի թաղապետ Խրիստո Խրիստովը, Բուլղարիայի հայերի միության նախագահ պ-ն Հարություն Հովսեփյանը, Վառնայի ս. Սարգիս եկեղեցու Ծխական խորհրդի ատենապետ Մասիս Բաղդատյանը, ինչպես նաև հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»
Հայկական Տեղեկատվական Կայք (ԲՈՒԼՂԱՐԻԱ)

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ