Տեղի ունեցավ մի բան, որի պարագայում ֆորմալ առումով գրեթե բացառվում է, որ Արմենին Աշոտյանին ազատ կարձակեն. Տիգրան Աթանեսյան
Այսօր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ բողոքի քննությունը:
Հիշեցնենք՝ բողոքի քննությունը պետք է ընթանար գրավոր ընթացակարգով, սակայն դատավոր Մարաբյանը որոշում էր կայացրել այն անցկացնել բանավոր ընթացակարգով:
Նախորդ նիստի մեկնարկից որոշ ժամանակ անց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստը հետաձգվել է դատախազի ու քննիչի չներկայանալու պատճառով:
Այսօրվա նիստը նույնպես երկար չտևեց. Նիստի մեկնարկից մեկ ժամ անց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ խափանման միջոցի միջնորդության քննությունն ավարտվել է, և դատարանը վաղը՝ 11:00-ին, կհրապարակի իր որոշումը:
«Սակայն տեղի ունեցավ մի բան, որի պարագայում ֆորմալ առումով գրեթե բացառվում է, որ Արմենին ազատ կարձակեն. Այս ընթացքում դատախազը հասցրել է գործը հանձնել դատարան: Իսկ այս պարագայում, ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպի, դատարանն էլ իրավունք չունի որոշում կայացնել խափանման միջոցի վերաբերյալ՝ թողնելով դա առաջին ատյանին: Այսինքն՝ այնքան ձգվեց քննությունը, որ դատախազը հասցրեց գործը հանձնել դատարան: Ճիշտ է, դեռ որոշումը չեն բերել, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել, բայց դժվար չէ բերել այն: Իսկ եթե այդ որոշումը կա, ապա Վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննել միջնորդությունը»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ չի կարող բացառել, որ դատախազը հատուկ չէր ներկայացել նիստին, որ հասցնի այս ընթացքում գործը հանձնել դատարան:
Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը կալանավորված է այս տարվա հունիսի 23-ից՝ այսպես կոչված, Բժշկական համալսարանի գործով խափանման միջոցի պայմանի խախտման համար: Արգիշտի Քյարամյանն Արմեն Աշոտյանին մեղադրում է փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: ՀՀԿ փոխնախագահը, բնականաբար, մեղադրանքը չի ընդունում: