Միքոն գնում է հեռախոսի հետևից՝ նռնակը ձեռքին, որ հանկարծ գերի չընկնի. հեռախոսի մեջ զոհված ընկերների նկարներն էին. Հերոսական պատմություն՝ Արցախից
«Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը հուզիչ ու, միևնույն ժամանակ, հերոսական դրվագի մասին է պատմել Արցախից։
«Մարտն արդեն ավարտվել էր։ Տղերքն իրենց ուղղությամբ գիծը պահել են։ Տվել են զոհեր, բայց նաև հակառակորդին պատճառել ծանր կորուստներ։
Այդ մի քանի օրը արցախցի մի խենթ զինվորական ձիով հաց ու տուշոնկա էր հասցնում դիրքեր՝ ուղիղ նշանառության տակ։
Երեք օր անց հրամանը եկավ, որ իջնում են Ստեփանակերտ։ Տղերքը ինֆորմացիոն վակումի մեջ են։ Դեռ չգիտեն՝ ինչ է կատարվել, չգիտեն, որ բանակը կազմալուծվում է։
Ուրալն արդեն մոտ 2 կմ իջել էր, երբ Միքոն հիշում է, որ հեռախոսը մոռացել է դիրքում։ Զոհված ընկերների նկարներն էին մեջը։ Կանգնեցնում է մեքենան, որ գնա վերցնի հեռախոսը։
Երկու կողմից հակառակորդի նշանառության տակ են։ Հնարավոր է՝ ադրբեջանցիները նույնիսկ արդեն դիրքում լինեին։
Բայց գիժը մնում է գիժ։ Գնում է հեռախոսի հետևից։ Նռնակը ձեռքին, որ հանկարծ գերի չընկնի։
Մարտունեցի Ալենը ցատկում է Ուրալից՝ էլի նռնակն ու ավտոմատը ձեռքին․ «Միքո, ես քեզ մենակ չեմ թողնի գնաս»։
Բարով-խերով գնում-գալիս են։
Պատմում է այս պատմությունը ու մեզ գրեթե ինֆարկտի հասցնում։
Բայց կյանքն առանց խենթության չի լինում։ Ինչ խոսք։
Քանի-քանի նման պատմություն դեռ կպատմվի կամ չի պատմվի այլևս»,- Facebook-ում գրել է Հարությունյանը։