Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու:
«Ցավոք սրտի, ոչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե եթե նախատեսվեր փաստաթուղթ ստորագրել, դա կնշանակեր, որ Հայաստանը համարում է, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ հավասարակշռած շահին:
«Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունն ու ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ, մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր: Մենք ամեն ինչ անում ենք դրա համար», ընդգծեց վարչապետը:
Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ կշարունակեն ինտենսիվ բանակցություններն ու կհասնեն խնդրի լուծմանը:
«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ հումանիտար ճգնաժամը նեգատիվ ազդեցություն է ունենում խաղաղ գործընթացի վրա: Կարծում եմ` մենք ահագին ժամանակ ենք կորցնում ու կորցրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պատճառով, այդ ժամանակն ու էներգիան, որ ծախսում ենք ու շարունակում ենք անարդյունք ծախսել այդ թեմայի կարգավորման վրա, այդ իրավիճակի չլինելու դեպքում այդ նույն էներգիան կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանը` ավելի մեծ ժամանակ ու էներգիա տալով»,- նշեց նա:
Փաշինյանն ասաց, թե հնարավոր է համարում, որ իրավիճակը կփոխվի ու մինչև տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիր: