20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինձ ու անչափահաս երեխաներին տարան թուրքացնելու

Հարություն Ալբոյաջյանի վկայությունը

1904 թ., Ֆընդըջագ

Հարություն Ալբոյաջյանը պատմում է, թե ինչպես են իրեն ու իր նման անչափահասերեխաներին հավաքել տարել Ջեմալ փաշայի թուրքական որբանոցը` թուրքացնելու: Այնտեղնրան նոր ազգանուն են տվել` հինգ հարյուր երեսունհինգ, իսկ  անունը Շյուքրի էր: Մեկ այլհայ ընկերոջ էլ անվանափոխել են Էնվեր: Նա ներկայացնում է իրենց կյանքը որբանոցում` մինչև ազատման օրը, գրում է armeniangenocide100.org-ը:

…Հետո ինձ ու ինձ նման անչափահաս երեխաներին հավաքեցին տարին Ջեմալ փաշայի թուրքական որբանոցը` թուրքացրին: Հինգ հարյուր երեսունհինգ էր ազգանունս, իսկ անունս Շյուքրի էր: Հայ ընկերս ալ Էնվեր դարձավ: Մեզ սյունեթ ըրին: Կային շատեր, որոնք թուրքերեն չէին գիտեր, շաբաթներով չէին խոսեր, որ չիմանան, որ հայ են: Չավուշները եթե իմանային, ֆալախա կքաշեին, քսան-երեսուն-հիսուն գավազան ոտքերուն տակը կզարնեին կամ ժամերով արևին նայել կուտային: Մեզ աղոթել կուտային, երեք անգամ պիտի կրկնեինք` «Փադիշահը չօ՜ք եաշա» (Կեցցե՛ թագավորը – թուրք.): Մեզի կհագցնեին թուրքական հագուստ` սպիտակ անթարի, վրան սև ջյուբբե: Ունեինք մյուդուր, մի քանի խոջախանումներ: Ջեմալ փաշան հրամայած էր մեզի լավ նայել: Քանի որ ան շատ կգնահատեր հայերու խելքը և շնորհքը ու հույս ուներ, որ եթե հաղթեր, հազարներով թուրքացած հայ երեխաները պիտի ապագային ազնվացնեն իր ժողովուրդը, մենք պիտի իր ապագա հենարանը դառնայինք: Այդ նպատակով Ջեմալ փաշան Պոլսից ուսուցիչներ, բժիշկներ բերել տվեց, քանի որ մեր որբերի մեծ մասը ցինկայով հիվանդացավ ու մեռավ: Ես շատ նվազ, փոքր երեխա էի:

Մեր որբանոցը Բեյրութեն մոտ յոթ մղոն դեպի Կիլիկիա էր: Ջյունի հսկա լեռան ստորոտին էր տեղադրված և կտարածվեր մինչև Անթուրայի շենքը, որը ֆրանսական կիսանկախ վիճակ ուներ, անոր համար ֆրանսացիները, անգլիացիներն ու գերմանացիները իրենց կոլեջներն ունեին առանձին-առանձին, բայց արդեն ամեն մեկը քաշված էր:

Մեր թուրքական որբանոցին մեջ քիչ ուտելիք կուտային: Մեր մեծ տղաները` ղարավանաջիները, կբաժնեին ճաշը: Օր մը ադ ղարավանաջիներից մեկը` կյուրինցի հայ տղա մը, ճաշարան մտնելու ժամանակս ինձ տեսավ, բռնեց թևս ու թուրքերենով ըսավ. – Շյուքրի՛, ինձ մի հատ գոտի կշինե՞ս: 

Մտածեցի, որ ղարավանաջի է, ինքն ալ ինձի կօգնե, մի քիչ ճաշ ավելի կտա: 

Մեր որբանոցի շենքը ֆրանսական կոլեջ էր առաջ, ֆրանսացիները քաշվել էին պատերազմը սկսելեն վերջ: Կողքը վանքեր կային, մեջը արձաններ, մոմիաներ, թավիշի կտորներ և այլն: Ադ կյուրինցի տղան այդ կտորներից բերեց, որ գոտի շինել տա ինձի` մեջը գրպաններով, որ փող պահի, քանի որ փոքրիկ հացիկները նա ծախում էր արաբներին և փող ուներ: Մի օր գիշերը մտածեցի բարձրանամ շենքի կտուրը, ֆրանսացիներից մնացած բաներ մը կըլլա, չէ՞ որ հայրս դարբին էր եղել, ես էլ շնորհքով իրեն էի քաշել երևի:

Գնացի տանիք, հոն գտա պողպատյա թել: Գործիքներ չունեի, գործիքներս քարեր էին` ո՛չ ասեղ կար, ո՛չ մի բան: Մի կտոր թել կտրեցի, քսեցի քարին, ծայրը սրվեց: Մտածեցի` ծայրը քարերով տափակացնեմ, ծեծեմ, հետո ծալեմ, որ ապակիի կտորով ծալածի վրա քսեմ: Տեսա` ծակը գոյացավ, փոս եղավ: Փնտրեցի, գտա կոտրված գրչածայր մը. պինդ էր ու սուր ծայրով. դրանով ծակ բացեցի: Ասեղս եղավ: Արդեն կարելի էր կարել: Բայց թել չկար: Մտածեցի կտորները քանդել, թելը ոլորել:

Աղբանոցը քրքրեցի, կաշիի պես մուշամբա մը գտա: Ադ կյուրինցի տղային գոտին շինեցի` մեջը գրպաններով: Շատ հավնեցավ: Արդեն ուրիշ տղաներ ալ ուզեցին` իրենց համար ալ գոտի շինեմ: Քիչ-քիչ փող կշահեի ադ ձևով: 

Օր մը Ջեմալ փաշան եկավ որբանոցը, տեսնելու, թե իր թրքացած հայ որբերը ի՞նչ վիճակի մեջ են: Ղուրբան բայրամի՞ օրն էր, թե՞ ռամազանն էր, չեմ հիշում: Այդ օրերուն մեզի լավ ճաշ կուտային, մեջը միսով: Մի անգամ, երբ Ջեմալ փաշան եկավ, կանչեցին ինձ. – Բեշ յուզ օթուզ բեշ, հինգ հարյուր երեսունհինգ-Շյուքրին դու՞ն չես: 

Ըսի. – Ես եմ: 

Ընկերներս բռնեցին ինձի տարին շքախմբին մոտ: Ջեմալ փաշան ինձ հարցրեց. – Օղլու՜մ, Շյուքրի, ի՞նչ ունիս շինած: 

Ես մի գզրոց ունեի ձեռքով շինված և գոտի մը ցույց տվեցի: 

Ասեց. – Ի՞նչ գործիքներով ես շինել: 

Ըսի. – Գործիք չկա, չունեմ: 

Ջեմալ փաշան զարմացավ: Ափսոսանքով ըսավ. – Գյունա՜հ դըր, դիկատ էդէն, բու հյունէրլի չօջուք դըր (Ափսո՜ս է, ուշադիր եղեք, սա շնորհքով երեխա է – թուրք.): 

Երևի ուզում էր մի տեղ տեղավորել, բայց արդեն արաբ Շերիֆը եկավ:

Մի օր առավոտ արթնացանք առանց զանգը հնչելու, դռները չբացվեցին: Հետո մենք բացինք, իջանք ցած, տեսանք, որ ոչ մի թուրքական պահակ ու զինվոր չկա, մեր պաշտոնյաներեն, մյուդուրներեն, ուսուցիչներեն ո՛չ ոք չկա: Զանգը հնչեցնող չկա, որ ճաշարան գնանք: Մեր մեծ թուրքացած հայ որբերը` չավուշները, հարձակվել են քյուրդ Սիլոյի վրա ու ծեծում են: Սիլոն ալ գոմեշի պես բղավում է. հազիվ մի կերպ ազատվելով, իրեն գցեց մոտի անտառը:

Սա այն Սիլոն էր, որ միշտ Խորենին ասել էր. «Իննսունինը հայ եմ սպանել, հիմա քեզ ալ որ սպանեմ, կըլլա հարյուր»: Ահա աս ադ քյուրդ սրիկա Սիլոն էր, որին հայ մեծ որբերը աղվոր դաս մը տվեցին` իրենց ազատ զգալով, քանի որ թուրք պաշտոնյաներից ոչ ոք չկար, որովհետև լսել էին, որ Բեյրութը պիտի հանձնվի: 

Քանի որ մեր որբանոցը զինվորական որբանոց էր, հատուկ օրենքներ ունեինք: Ամեն դասարան պիտի իր սեղանի շուրջ կանգներ, բայց ո՛չ չավուշ կար, ո՛չ օնբաշի, ո՛չ բաշչավուշ: Բոլորս կանգնած սպասում ենք, սեղանի վրա էլ հաց չկա: Եկավ մեր Ըրզա բեյը` դեղագործը: Ան աստիճանավոր հազարապետ բժիշկ էր, որին երեք հայ որբեր օգնում էին (Արիֆը և ուրիշներ): Ահա մեր այդ բժիշկը եկավ, սեղանների արանքով գնու՜մ, գալի՜ս է: Հրաման տվավ` նստեցե՛ք: Բոլորս նստանք: Նա շարունակում էր մտածկոտ գնալ-գալ: Եկավ, մոտեցավ մեր սեղանի չավուշ Էնվերին, որը հայ էր, բայց` թլփատված, ըսավ. – Օղլու՛մ Էնվէր, սէնին էրէմէնի իսմին նէ՞ իդի (Էնվե՛ր, տղաս, քո հայկական անունդ ի՞նչ էր – թուրք.): 

– Թորո՜ս իդի, էֆէնդիմ (Թորո՜ս էր, պարո՜ն), – ըսավ տղան բարևի կանգնելով: 

Հետո գնաց մյուս դասարանի չավուշին. – Օղլում Ջեմալ, սէնին էրմէնի իսմին նէ՞ իդի (Ջեմա՜լ, տղաս, քո հայկական անունն ի՞նչ էր): 

– Վարդա՜ն իդի, էֆէնդիմ (Վարդա՜ն էր, պարոն): 

Մյուսին եկավ հարցուց: Բոլոր բաշչավուշները ոտքի վրա են և իրենց հայկական անունները ըսին: Մեկ րոպե լռություն տիրեց: Բոլորս սպասում ենք… 

Ասաց. – Բու գյունդէն սօնրա հէփինիզ դէ գէնէ էրմէնիսինիզ (Այս օրվանից հետո բոլորդ նորից հայ եք), – ու ծանր տրամադրությամբ շարունակեց, – ինչպես տեսնում եք, այսօր մերոնցից ոչ ոք չկա. կազմը բացակա է: Եթե ուզենայի, ես ալ ներկա չէի ըլլա, կերթայի անոնց հետ, բայց ես որոշեցի` չգնալ, ձեզ չթողնել: Կարող է պատահի, մի քիչ հետո գան, իմ ձեռքին քելեփչե դրած տանին ինձի և գերի վերցնեն: Բայց ես մնացի` ձեզ չթողեցի: Խնդրում եմ ձեր մոտ եղած քյուրդերուն չնեղեք, մինչև հիմա ինչպես որ հաշտ ու խաղաղ ապրել եք իրար հետ, այդպես ալ եղեք միշտ: Ես կարող էի հոս չըլլալ: Դուք ալ կրնայիք չըլլալ…: 

Ինքը չշարունակեց, բայց հետո մենք իմացանք, որ իրեն առաջարկել են որպես դեղագործ-բժիշկ, վերջին ընթրիքին բոլորիս ճաշի մեջ թույն լցնել, բայց ինքը չի կատարել այդ հանձնարարությունը: 

Եվ իսկապես արաբ Շերիֆի կողմեն եկան, ձեռնակապեցին ու տարին: Մենք բոլորս տխուր էինք ու լուռ: Երբ դուրս էին տանում, միայն ասաց. 

– Ափսո՛ս, որ իմ ըրած լավություններն Աստված դեմս չհանեց, իմ մի հատիկ տղային` Նեջատլիին կուրացրեց, իսկ ձեզ ես իմ զավակներին տեղը դրած էի… 

 

Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ,Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 247, էջ438-440:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ