11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամփոփվել են ՀՀ սփյուռքի նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ շարունակվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Մասնավորապես, զեկույցով  հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: 

Ներկայացնելով Սփյուռքի նախարարության 2014թ. իրականացված աշխատանքները, նախարարը նշել է, որ հաշվետու տարում նախատեսված երեք գերակա խնդիրները կատարվել են: Մասնավորապես, ընդլայնվել են նախարարության ու համահայկական կառույցների համատեղ ծրագրերը, կազմակերպվել են հայապահպանությանը նվիրված համաժողովներ, մրցանակաբաշխություններ, մշակութային միջոցառումներ և այլն:  Տեղի են ունեցել «Իմ Հայաստան» փառատոնը, «Հայաստան-Սփյուռք» համահայկական հինգերորդ համաժողովը,կազմակերպվել է «Սփյուռք» ամառային դպրոցը, որիննախատեսված 100-ի դիմաց ապահովվել է222 սփյուռքահայի մասնակցություն՝ աշխարհի 22երկրից: Նախորդ տարվա ընթացքում կազմակերպվել են նաև Հայոց լեզվի արագացված ուսուցման, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների, Ազգային երգի ու պարի դասընթացներ: 

Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը   2014 թվականին իրականացվել է 8փուլով: Նախատեսված մինչև 1000 մասնակցի փոխարեն հյուրընկալվել է 1071սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի31երկրից: Առաջին անգամ ծրագրին մասնակցել է Դիարբեքիրից իսլամացած 50 հայերի խումբը:

            Նախարարության հաջորդ գերակայությունն է եղել արտակարգ իրավիճակներում հայտնված սիրիահայերի, այսօր արդեն նաև ուկրաինահայերի և իրաքահայերի հետ աշխատանքների համակարգումը: Նշվել է, որ Հայաստանում է գտնվում 12 հազարից ավելիսիրիահայ. նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օժանդակություն՝ կացարանի, կրթության, առողջապահական և այլ հարցերով: Այժմ աշխատանքներ են տարվում նաև Ուկրաինայի տարածաշրջաններից և Իրաքից սփյուռքահայերի՝ հայրենիք վերադարձը կազմակերպելու և նրանց սոցիալական տարբեր ծրագրերում ներգրավելու ուղղությամբ:

            ՀՀ սփյուռքի նախարարությունը  ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ համակարգում է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն ու տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքները: Մասնավորապես, աշխարհի 50-ից ավելի երկրում գործող 61 հանձնախմբերը շարունակում են իրականացնել միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված համակողմանի աշխատանքները՝ կազմակերպելով տարբեր համաժողովներ, կլոր-սեղան քննարկումներ, տեղի հասարակական, քաղաքական շրջանակների հետ հանդիպումներ, հիշատակի արարողություններ և այլն:  

            Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նախարարության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում, շեշտելով, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է հայապահպանությանն ուղղված աշխատանքները: Վարչապետը կարևորել է  սփյուռքահայերի շրջանում հայոց լեզվի, գրականության ու մշակույթի տարածումը: Կարևորվել է նաև «Արի տուն», մանկավարժների վերապատրաստման և մյուս ծրագրերի շարունակականությունը, սփյուռքի հայկական ուսումնական հաստատությունները դասագրքերով ու հայ գրականությամբ համալրելու աշխատանքները:  

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ