Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման առաջնային է քննարկել այն տեսանկյունից, թե ինչ ենք ունենալու հետո և ինչ ապագա է ուրվագծվելու
Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման առաջնային է քննարկել այն տեսանկյունից, թե ինչ ենք ունենալու հետո և ինչ ապագա է ուրվագծվելու ստեղծված անչափ ծանր ու անորոշ ժամանակահատվածում: Այդ մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Արայիկ Հարությունյան անձին ու նախագահին բազմաթիվ առիթներով եմ անդրադարձել, բայց հիմա կանգ չեմ առնի, դրա առիթը դեռ կլինի, սակայն քաոսի շեմին կանգնած Արցախին ուժ, կամք ու նոր շունչ է պետք, որը պետք է ամեն գնով ապահովել:
Ի դեպ, Հայաստանի այն ուժերը, գործիչները, ովքեր ասում են, որ Հարությունյանին պարտադրել են հեռանալ, իսկ դրանով պետականություն է փլուզվում, ապա հիշեցնեմ, որ Հարությունյանը ամիսներ առաջ սահմանադրական փոփոխությունների պրոցես էր նախաձեռնել, որը հնարավորություն է տալիս ԱԺ-ին այսպիսի իրավիճակում նախագահ ընտրել:
Ինչ վերաբերվում է հրաժարական «պարտադրելուն», ապա եթե նման պահանջ ՀՀ իշխանությունից չի եղել, ապա Արցախում հիմնական դերակատարների կողմից պարտադրանք չի եղել, ավելին` նրան հորդորել են այդպիսի քայլի գնալ հարաբերական կայուն ժամանակահատվածում, սակայն Հարությունյանը պնդել է, որ պետք է գնա:
Այս պահին բարձր կամ բարձրագույն պաշտոն զբաղեցնելն Արցախում ծանր փորձություն է լինելու, որի տակ ամեն մարդ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չի մտնի, սակայն ով էլ այդ պատասխանատվությունը ստանձնի, պետք է նրա շուրջ հանրային համախմբում և կոնսեսուս ապահովել:
Իհարկե, շատ բան կախված է նրանից, թե ով կլինի առաջնորդողը և արդյո՞ք դա ազգային համերաշխություն ստեղծելու հնարավորություն կստեղծի», – գրել է նա: