22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժողովուրդը, ով իբր երբեք չի սխալվում, այս անգամ սխալվելու իրավունք պարզապես չունի․ ՀՀԿ փոխնախագահ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հարապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Որպեսզի իր Հայրենիքում ազգի կողմից ստեղծվող Պետությունը ծառայի իր նպատակին, այն, նախևառաջ, պետք է անվախ լինի: Տարբեր ազգերի տոնական օրացույցում Անկախության հռչակման օրը կարևորագույն տոն է, իսկ Անկախության հռչակագիրը՝ անկյունաքարային փաստաթուղթ:

Նման փաստաթղթերը, բնական է, որ իրենց վրա կրում են տվյալ պատմական ժամանակահատվածի դրոշմը, ոճային առանձնահատկությունները, սակայն նման ստիլիստիկ կամ ընթացիկ «բիժուտերիան» չի կարող շեղել այն փաստից, որ Անկախության հռչակագրերը բովանդակային կերպով պարունակում են երկու, յուրաքանչյուր ազգի համար էքզիստենցիալ հարցերի պատասխաններ` «ով ենք մենք» (անցյալի, արժեհամակարգի և ինքնության ամփոփագիր) և «ինչ ենք ուզում» (ապագայի տեսլական, իղձեր, շահեր):

Այդպիսին է նաև Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որը կանխատեսելիորեն դարձավ հայ ժողովրդի ինքնության ապամոնտաժման օպերացիայի հերթական թիրախը: Գործի դրվեց ողջ զինանոցը` Նուրբ սոփեստությունից մինչև փնթի ու խառը հարվածներ: Իսկ որոշ գնահատականներ պարզապես զավեշտալի են:

Օրինակ, Հռչակագրի տեքստում տեսնել «ԽՍՀ ուրվական»:

Պատկերացնո՞ւմ եք, որ ԱՄՆ նախագահ Բայդենը, որքան էլ վերջերս հաճախ հայտնվում է կոմիկական իրավիճակներում, հանկարծ հայտարարի, որ ԱՄՆ Անկախության հռչակագրում տեսնում է Բրիտանական կայսրության ուրվականը: Կամ Իսրայելի վարչապետը հրապարակավ հարցականի տակ դնի Իսրայել պետության հիմքում ընկած «Աստված Աբրահամին խոստացավ այս երկիրը» նարատիվը:

Պակաս վտանգավոր չէ դիտարկել Անկախության հռչակագրի տեքստը՝ կախված ժողովրդի և Հայրենիքի հաշվին իրականացված անձնական արկածախնդրությունից: Անշուշտ, անձնական սխալները, ձախողումները, դիտավորությունները, որոնք բերել են 2020 թվականի պարտությանը, ազգի և պետության վրա բարդելը նոր հնարք չէ. իշխող ոհմակը հաճախ է հենց այս կերպ մեկնաբանում նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան: Սակայն ոչ մեկի մտքով չի անցնում, չէ՞, անուն կպցնել, օրինակ, Կամասուտրային` անհաջող անձնական փորձարկումներից հետո (ներեցեք նման օրինակի համար):

Թե՞ վատ վարչապետին Անկախության հռչակագիրն է խանգարում:

Մեկ այլ կեղտոտ և քայքայիչ թեզ, որով կրկին խարխլում են մեր ազգային ինքնության ֆունդամենտը, անկախության և խաղաղության մեկտեղումն է՝ «եթե չլինի խաղաղություն, ուրեմն չի լինի անկախություն» բանաձևի մեջ: Այս 7 բառանոց կույտի մեջ կանխամտածված ստի հիմքում մարտնչող տգիտության overdose է:

Նախ, առհասարակ, անկախություն ձեռք բերելը, պահպանելը, ամրապնդելը պայքարի արդյունք է, տարբեր ազգերի մոտ երբեմն հարյուրամյակների ջանքերի, ընդվզումների, բողոքների և զինված բախումների հետևանք: Անգամ կայսրությունների փլուզման հետևանքով առաջացող պետությունները ոչ թե խաղաղ գործընթացի, այլ նախորդած բուռն զարգացումների ծնունդ են:

Նույն Հնդկաստանի անկախության համար Մահաթմա Գանդիի կողմից առաջարկված խաղաղ միջոցների ծրագիրը լի էր արյամբ և զոհերով:

Իհարկե, կան մեխանիզմներ, երբ անկախության աստիճանի գիտակցված նվազեցումը փոխարինվում է պաշտպանվածության աստիճանի բարձրացմամբ: Այսպես է միջազգային ռազմաքաղաքական դաշինքներին անդամագրվելու դեպքում: Սակայն այս մեխանիզմն էլ կիրառելի չէ Հայաստանի դեպքում, քանզի մենք արդեն նմանատիպ մի դաշինքի՝ ՀԱՊԿ-ի անդամ էինք, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելու որևէ հեռանկար և հնարավորություն չունենք: Ուստի ակնհայտ է, որ գործող վարչախումբը, հերթական անգամ միացնելով քարոզչական բլենդերը հայ ժողովրդի ուղեղը խփելու և շիլա սարքելու համար, Հայաստանի անկախության բովանդակությունից հրաժարվելու գործընթաց է իրականացնում՝ Թուրքիային փաստացի «անդամակցելու» համար:

Նոյեմբերի 9-ից հետո հայ ժողովուրդն ուղղաձիգ, երկոտանի դիրքից հայտնվեց չորքոտանի վիճակում՝ միջազգային քաղաքականության հատակին ընկած: Վերջին 3 տարիների ընթացքում ոտքի կանգնելու, մեջքն ուղղելու փոխարեն՝ մեզ համոզում են, որ այդ ընկած, չորեքթաթ, տիղմի մեջ թաթախված վիճակը նորմալ է, որ չի կարելի ոտքի կանգնել, գլուխը բարձրացնել, թե չէ՝ «կկրակեն»:

Եթե մենք համակերպվենք գեոպոլիտիկ այս թշվառության, այս համաշխարհային մուրացկանության, այս բոսյակության հետ, մեզ խոստանում են մեկ-մեկ ծեծել, բայց չսպանել, ըստ հավեսի բռնաբարել, բայց կերակրել:

Փաշինյանի կողմից գրեթե բաց կերպով հայ ժողովրդի գլուխը փորձում են մտցնել այն թեզը, որ՝ «եկեք ընկած մնանք, որովհետև ընկածին չեն խփում»:

Այսօր էլ Հայաստանի կողքին երկրագնդի վրա առկա են բազմաթիվ պետություններ, որոնք իրենց պատկերացրած անկախության համար մղում են հետևողական պայքար՝ համառ, նպատակային, երբեմն՝ արյունալի: Իսրայել, Իրան, Ուկրաինա, վերջին օրինակներից` Մալի, Նիգեր, իրենց պաշտպանունակությունը, և ոչ թե խաղաղասիրությունն ամրապնդող Լեհաստան, Բալթյան երկրներ, Ճապոնիա, Անկախության ամրապնդման համար չեզոք կարգավիճակից հրաժարված Ֆինլանդիա, ՆԱՏՕ-ի դուռը թակող Շվեդիա:

Չեմ էլ քննարկում՝ որքանով է մեզնից յուրաքանչյուրը պատրաստ ապրել և երեխա մեծացնել այդ բոմժ կարգավիճակում: Պարզապես արձանագրենք, որ «խաղաղության» անվան տակ մեզ մատուցվող այդ անպատվությունը չի երաշխավորելու անգամ կենսաբանական գոյություն: Քանզի արտաքին աշխարհում ընկածին ոչ միայն խփում են, այլև ուզածիդ պես տշում են, խոշտանգում, վերացնում և անցնում առաջ:

33 տարի առաջ, միլիոնավոր հայեր, թեկուզ մոլիբդենով, տուֆով և ջերմուկով երկիրը պահելու միամիտ պատկերացումներով, ուզում էին անկախ Հայաստան և Արցախյան պայքարի արգանդից ընդունեցին Հայաստանի Հանրապետության ծնունդը: Չար խորհրդավորություն կա այն փաստի մեջ, որ հենց 33 տարի անց այդ նույն ժողովրդին համոզում են խաչել իր զավակին և փրկել վարչապետի աթոռին լղոզված ավազակ Բարաբբային:

Իսկ ժողովուրդը, ով իբր երբեք չի սխալվում, այս անգամ սխալվելու իրավունք պարզապես չունի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ