Մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լաչինի միջանցքի փակ լինելուն և Բաքվին հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության 7-րդ կետի պահանջները:
«Հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետն ազդարարում է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ-ի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Այս դրույթը չկատարելը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայությանը էթնիկ զտման ճանապարհով ԼՂ-ից հեռացնելն է՝ լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով:
Մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար հրաժարվում է Ստեփանակերտի հետ երկխոսությունից՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա:
ՀՀ-ի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ԼՂ-ի հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով միջազգային մեխանիզմի շրջանակներում: Այս համատեքստում էական է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը, ուզում եմ ուշադրություն հրավիրել, նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն ԼՂ-ի տարածք, այլև հարակից շրջաններ: Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի, Մարտունու մի շարք, այլև Գետաշենի, Մարտունաշենի և մյուս այլ շրջանների հայերը արժանապատվորեն իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան: Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել ՀՀ հավատարմությունը խաղաղության օրակարգին: Պիտի տեղեկացնեմ, որ մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները», – հայտարարեց Փաշինյանը: