Ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան․ Արման Թաթոյան
Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան:
Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալով Հայաստանը, «Արևմտյան Ադրբեջան» բացարձակ կեղծ հայեցակարգի շրջանակում կազմվել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ:
Այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են ադրբեջանական կեղծ անվանումներով։
Սա իրականում ադրբեջանական իշխանության ռազմաքաղաքական ծրագիր է, բայց փորձ է արվում դրան տալ մարդասիրական բնույթ՝ թաքցնելու համար Հայաստանի Հանրապետությանն ուղղված տարածքային նոր նկրտումները և սպառնալիքները։ Ընդ որում, խոսքը ոչ թե 1 կամ 2 բնակավայրի, այլ Հայաստանի ամբողջ տարածքի մասին է. ինչպես իրենք են նշում՝ 29,800 քառ.կմ։
Հատկապես ուշագրավ է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը գրեթե չի գործածվել Ադրբեջանում։
Այս նոր եզրույթն իր հայեցակարգով մշակվել և շրջանառվում է հատկապես 2022թ. սկսած։
Ընդ որում, Ադրբեջանում պաշտոնյաներ են արդեն խոսում վերադարձի ինչ-որ առաջին փուլի և արդեն մոտ 300,000 մարդու մասին։
Այս ամենը պետք է դիտարկել՝ որպես ադրբեջանական իշխանության հայատյաց ֆաշիստական քաղաքականության մաս, որ իրականում որևէ առնչություն չունի խաղաղության հետ և իրացվում է ադրբեջանական շարունակվող թշնամանքի պայմաններում»,- գրել է նա։