Փաշինյանն ամեն րոպե փոխել է իր այցի գրաֆիկը․ «Հրապարակ»
Ինչպես հայտնի է, երկու օր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, եղել է Կապանում, Քաջարանում, երեկ՝ Շուռնուխում: Այսօր նախատեսվում է այց Սիսիան։ Այցի երկու օրերի ընթացքում նա, կարելի է ասել, մուկն ու կատու է խաղացել մարզային իշխանությունների և իր հետ Երևանից Սյունիք մեկնած կառավարական պատվիրակության ներկայացուցիչների հետ։
Մեզ ասացին, որ նա ամեն րոպե փոխել է իր այցի գրաֆիկը: Նախատեսված այցերի օրերն ու ժամերն է տեղափոխել, և որևէ մեկը չի կարողացել գուշակել, թե հաջորդ պահին նա ինչ է ուզելու կամ ուր է գնալու։ Արդեն տեղեկացրել ենք, որ նախապես հրահանգել է նաև, որ մարզային լրագրողներն իրեն չանհանգստացնեն` բոլորը հետևեն պաշտոնական լրահոսին, իսկ պաշտոնյաները, ուղեկցող աշխատակազմը նրա հետևից գլխիկոր գնացել են՝ ուր նա գնացել է։
Ներկաներին զարմացրել է Փաշինյանի հախուռն պահվածքը, որը նրանք վերագրել են վախի դրսևորումներին։ Թերևս նաև այդ տագնապներով է բացատրվել այն, որ ԱԱԾ տնօրենն էլ է ուղեկցել նրան: Չնայած դա չխանգարեց, որ Կապանի օդանավակայանում նրա ուղղաթիռի իջնելու հաջորդ օրը ադրբեջանական կողմից սահմանը հատեն և կրակեն օդանավակայանի պատուհանների վրա` վնասելով պատուհանները»։