22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ХОЛОСТОЙ չէր՝ САМОСТРЕЛ Էր. Նիկոլի հերթական նվերը Բաքվին. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախին վերաբերող վերջին քննարկումը Հայաստանի գործող վարչախմբի քաղաքական իմպոտենտության բարձրաստիճան արձանագրում էր, և Փաշինյանի՝ կառավարության նիստին հնչեցրած զավեշտալի արձանագրումները միայն ընդգծեցին արտաքին քաղաքականության տոտալ ֆիասկոն:

Արցախի շրջափակումից ութ ամիս անց որպես «հաջողություն» արձանագրել խնդրի մասին բարձրաձայնումը, Լաչինի միջանցքի փակ լինելը, հումանիտար աղետի առկայությունը և Արդարադատության միջազգային դատարանի դեռևս դեկտեմբերին կայացրած որոշման չկատարումը, ցինիկ և անբարո վարքագծի հերթական անպատիժ դրսևորումն է:

Ի՞նչ հավելյալ արժեք է ստեղծել այդ նիստը հայության արդար պայքարի համար:

Ինչպե՞ս և ինչքանո՞վ է մոտեցրել Արցախի ապաշրջափակումը:

Որքանո՞վ է ապահովել միջազգային երաշխիքների և մեխանիզմների գործադրումն արցախահայությանը վերահաս կործանումից փրկելու համար: Պետք չէ լինել մասնագետ՝ նման հարցերին զրոյական պատասխան տալու համար:

Համաշխարհային հիմնական դերակատարները, միջազգային մամուլը հրաշալի տեղեկացված էին, առանց այդ նիստի էլ, թե ինչ վիճակ է Արցախում, ով է փակել Լաչինի միջանցքը և ով չի կատարում միջազգային դատարանի որոշումը: Մինչև ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրելը նիկոլական տիկնիկները ճամարտակում էին, թե «ՄԱԿ չենք դիմում դեռ, որ լավ պատրաստվենք, որ холостой չկրակենք»:

Այն, ինչ տեղի ունեցավ Նյու Յորքում, холостой չէր, այլ самострел էր, քանզի ունենալով բոլոր փաստերը, ապացույցները, անգամ Հաագայի դատարանի վճիռը, Հայաստանը ներկայացնող ոհմակը, որքան էլ хороший пёсик դեմքով շրջի եվրոպական կամ ամերիկյան քաղաքներում, չկարողացավ կամ չցանկացավ քննարկման արդյունքում Ադրբեջանին պարտավորեցնող բանաձև ստանալ, որով կտրուկ կավելացներ Ալիևի նկատմամբ ճնշումը: Այսինքն՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձևով կամ հայտարարությամբ չսատարեց իր իսկ կառույց հանդիսացող Արդարադատության միջազգային դատարանի վճռին, և այս ամենը՝ Փաշինյանի «հմուտ» դիվանագիտության արդյունքում:

Միջազգային թիվ մեկ կառույցում տեղի ունեցածը բարձրագույն մակարդակով պայթեցրեց Նիկոլի երկու հիմնական փուչիկները. «ժողովրդավարությունն» ու «խաղաղությունը»: Ոչ առաջինը, ոչ երկրորդը, անգամ դրսի ջանքերով, իբր գոյություն ունենալով Փաշինյանի կատարմամբ, չեն նպաստում հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը:

Ի սկզբանե այս ամենը լավ հասկանալով՝ Նիկոլը դիմել էր ՄԱԿ ԱԽ երկու պատճառով. լիցքաթափել այս պահանջի շուրջ առկա ներքին լարվածությունը և անարդյունք նիստի արձանագրմամբ նոր թափ հաղորդել Ալիևի ջանքերին՝ կոտրելու համառ և չհանձնվող Արցախի դիմադրությունը:

Արցախահայության դիմադրությունն է խառնում Նիկոլ-Իլհամ զույգի և նրանց իրական հովանավորողների բոլոր պլանները՝ տապանաքար դնել հայկական Արցախի վրա:

Նյույորքյան վերջին նիստը կրկին ապացուցեց, որ մեր խնդիրների լուծման վայրը հենց մենք ենք. Ստեփանակերտը պիտի դիմանա, մինչև Երևանը փոխի:

Մնացած բոլոր քաղաքներում լավագույն դեպքում կարող է կազմակերպվել հայության ապագայի ճոխ հոգեհանգիստը՝ համեմված ափսոսանքի, մտահոգությունների և հորդորների դիվանագիտական բաժակաճառերով:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

17.08.2023թ.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ