«Մինչև Նոր տարի Փաշինյանը շամպայնի խցանի պես դուրս է թռչելու». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ Արցախում ստեղծված իրավիճակը գրեթե փակուղային է:
«Միակ հույսն Արցախի ժողովրդի և ազգային ուժերի համախմբումն է 88-ի գաղափարի շուրջ, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Երկրորդ՝ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, որ Արցախը հայաթափվի, որ արցախյան խնդիրն իսպառ վերացվի: Մեկ անգամ չէ, որ նշել եմ, որ այսօրվա ճգնաժամային, ցեղասպան քաղաքականությունն արդյունք է Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակի հակահայկական քաղաքականության»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանն այնքան ապաշնորհ կառավարիչ է, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությանը ժողովուրդը երանի է տալիս:
Քանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կա՝ որևէ լավ բան մի սպասեք: Իմ կողմից հարգված դիվանագետ Վարդան Օսկանյանը ջանք ու եռանդ չի խնայում, փորձում է բացատրել Նիկոլ Փաշինյանին, որ՝ սա մի արա, սա մի արա, այսպես մի բանակցիր, այս թեզից հրաժարվիր. ես ուզում եմ դիմել հարգելի պարոն Օսկանյանին: Հարգելի պարոն Օսկանյան, Դուք ինձնից մի քանի տասնամյակ ավելի շատ փորձ ունեք, շատ ավելի մեծ ծառայություններ ունեք ՀՀ-ի համար, շատ ավելի խորը գիտելիքներ և փորձառություն ունեք՝ արցախյան հիմնահարցի հետ կապված, Ձեզ ճանաչում եմ, գիտեմ, որ այդքան էլ միամիտ չեք, բայց Դուք այդքան միամիտ եք, որ կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանը պետք է Հայաստանի և Արցախի շահը սպասարկի՞: Նիկոլ Փաշինյանն իշխանության է բերվել Արցախը տալու համար, ո՞նց կարող է Փաշինյանը, որը թուրքական տրոյական ձիու կարգավիճակ ունի հայկական քաղաքական դաշտում, սպասարկել Հայաստանի և Արցախի շահը: Նիկոլ Փաշինյանը դրվել է Հայաստանում՝ որպես տրոյական ձի: Հույսեր փայփայել, որ այս մարդը կարող է մի դրական բան անել, չկա նման բան: Բադրիջանից ավելի շատ է խոսում, քան Արցախի անկախությունից: Բայց լավ է անում՝ ինչ անում է, քանի դեռ ինքն իշխանության է, մեզ բոլորիս հասնում է»,- ընդգծեց նա:
Էդուարդ Շարմազանովը ժամկետներ է նշել, որ Փաշինյանը հեռանալու է իշխանությունից: Դրա վերաբերյալ հետևյալն ասաց. «Ես ժամկետներ եմ նշել, որովհետև, եթե Նիկոլ Փաշինյանը մնա, ապա Հայաստան չի մնա: Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ ինքը, Հայաստանը դարձնելով թուրքական վիլայեթ, հավերժ մնալու է, ապա որպես պատմաբան՝ ասեմ, որ դավաճաններին առաջինն են ոչնչացնում, որովհետև սեփական ժողովրդին դավաճանողը բոլորին կդավաճանի: Եթե իրենց թվում է, որ իրենք Հայաստանը ծախեն թուրքերին՝ կարող են մարսել, ապա չի լինելու այդպես: Նիկոլ Փաշինյանն ինձ համար ուրացման խորհրդանիշ է:
«Ելք» դաշինքի քարոզարշավին երգում էր՝ «Իմ Մասիս հորով, իմ Արաքս մորով». Ինքը ուրացել է և՛ իր հայր Մասիսին, և՛ իր մայր Արաքսին: Հայկական աշխարհի սահմանը Սերժ Սարգսյանը թողել է Արաքսի ափին, որտեղ հայ զինվորն էր կանգնած Արցախում, նա դավաճանեց, դա թողեց թուրքերին: Մասիս հոր վերաբերյալ էլ ասաց՝ մենք իր հետ ի՞նչ կապ ունենք: Մենք բարոյական, արժեքային ճգնաժամի մեջ ենք՝ որպես հասարակություն, և Աստված մեզ դրա համար է պատժում: Աստված մեզ պատժում է 2 բանի համար. առաջին, որ 30 տարվա ընթացքում չկարողացանք կառուցել անկախ պետություն և իրականում արժևորել Եռաբլուրն ու Արցախը, ընդհանուր առմամբ էլ պատժում է, որ գնացիք՝ Արցախը խուրդողին ձայն տվեցիք: Ավելի վատ բաներ են սպասվում, եթե սրանք մնացին: Ես էլի եմ ասել՝ թուրքին կարող եք դիմավորել Երևանի մատույցներում: Անպայման չի՝ զենքով»:
Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ ԱՄՆ-ը չի կարող խաղաղության պայմանագրի երաշխավորի դեր խաղալ մի տարածաշրջանում, որտեղ ՌԴ-ն ունի զորքեր՝ ի դեմս ռուսական ռազմաբազայի և խաղաղապահների. «Նիկոլ Փաշինյանը հենց ճանաչի Արցախը՝ Ադրբեջանի կազմում, շամպայնի խցանի պես դուրս է թռնելու, դրա համար եմ ասում, որ մինչև 2024թ. Նոր տարի Նիկոլ Փաշինյանը չի լինելու վարչապետ: Կարող է իրենից հետո ավելի վատը գա կամ ավելի լավը, բայց Փաշինյանը բերվել է իշխանության՝ Արցախը տալու համար: Նիկոլ Փաշինյանը սա շատ լավ հասկանում է և փորձում է ժամանակ շահել: Նա մտել է երկու տարբեր գործընթացների մեջ՝ արևմտյան և ռուսական: Ինքը կա՛մ պետք է արևմտյան տարբերակը ստորագրի, կա՛մ ռուսական»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում