22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մտածե՞լ», թե՞ «կենակցել». քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի` POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար հոդվածաշարը (մաս 4-րդ)

Հայկական վերականգնված և վերակառուցված ինքնության խնդիրը քննարկելիս հնարավոր չէ խուսափել այն հարցից, թե ինչու նախորդ ինքնության կառուցվածքն արտաքուստ այդքան հեշտ ու արագ քանդվեց:

Այս հարցի պատասխանը կարևոր է առնվազն երկու պատճառով:

ա) Անցյալի սխալների հետ անաչառ առերեսումը կենսական անհրաժեշտություն է «ո՞վ ենք մենք» հարցի թարմացված պատասխանն արժանահավատ դարձնելու, այս կամ այն ընթացիկ կամ հեռահար քաղաքական հաշվարկներից զերծ պահելու համար:

բ) Ինքնության կերտման հարցում նախորդ 30 տարիների բացթողումների վերլուծությունը թույլ կտա խուսափել դրանց կրկնությունից ապագայում:
Ուստի որո՞նք էին այն հիմնական խնդիրները, որոնց արդյունքում մինչև 2018թ. չհաջողվեց հայության էթնոքաղաքական ինքնության այնպիսի ամրացումը, որ անհնարին կդարձներ նրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն:

1. Որքան էլ պարադոքսալ հնչի, 1988-2018թթ. այդպես էլ չբյուրեղացավ ընդհանուր դոկտրինալ մոտեցում, որը կամբողջացներ առկա դիսպերս, ցաքուցրիվ, հատվածական մոտեցումներն այս հարցում: Չէ, անշուշտ, առկա էին բազմաթիվ ընդհանրական կամ ոլորտային փաստաթղթեր այս կապակցությամբ. ՀՀ Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունն ուրվագծում էին հիմնական քաղաքական ուղենիշները, որոշակի մոտեցումներ շարադրված էին ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության 2007թ. հայեցակարգում, որոշակի դրույթներ շարադրված էին կրթության, մշակույթի, սփյուռքի և այլ ոլորտային գերատեսչական փաստաթղթերում: Ստեղծվել էր վիճակ, երբ շատերն իրենց ընկալումների մեջ հասկանում էին, թե ինչի մասին էր խոսքը, սակայն դա կոնկրետ և ամբողջական որևէ տեղ շարադրված չէր:

2. 30 տարին անգամ բավարար ժամանակ չէր ինքնության արժեհամակարգի լիարժեք և վերջնական բյուրեղացման և ավարտուն արմատավորման համար: Պատմության ճակատագրական պահերին կոփվող և դրանք պայմանավորող արժեհամակարգերը, գաղափարական տենդենցներն առավել մեծ ժամանակահատվածի կարիք ունեն գերիշխող դառնալու, սեփական կենսունակությունն ապացուցելու, ազգի գենետիկ մակարդակում դրոշմվելու համար: Այդպիսին է ցանկացած մեծ ու փոքր ուսմունքների և ինքնության էվոլյուցիա բերող պատմական շրջադարձերի ճակատագիրը: Այդպես էր բողոքականության և կոմունիզմի, ԱՄՆ անկախացման և Մեծ ֆրանսիական հեղափոխության դեպքում:

3. Հայ ժողովրդի էթնոքաղաքական ինքնությունը թեպետ հիմնվում էր հայության հավաքական ապրումների, նվաճումների, ողբերգությունների և իղձերի վրա, այնուհանդերձ, սերմանվում էր «վերևից»: Հազար տարվա ընդհատումից հետո Հայոց վերականգնված ազգային պետականության և նրանից բխող նոր բովանդակությունն իջեցվում էր ուղղահայաց համակարգով՝ կաբինետներից դեպի ժողովրդական զանգվածներ: Եվ թեպետ պետական քարոզչությունը դիմում էր զանազան գործիքակազմերի՝ հայրենասիրական երգերից մինչև զորահանդեսներ, ռազմահայրենասիրական դաստիարակությունից մինչև գովազդային արշավներ, արտաքին և ներքին քաղաքական ուղերձներից մինչև աշխատանք Սփյուռքի գաղթօջախների հետ, այն, միևնույն է, չդարձավ իր ամբողջությամբ մարդկանց սեփականությունը, բույն չհյուսեց քաղաքացիների ուղեղագալարներում և սրտամկանի հաստության մեջ, չմտավ նրանց մաշկի տակ, չդարձավ բոլորի «ես»-ի բաղկացուցիչ մասնիկը: Եվ գուցե ցանկացած սեղանի շուրջ այն ստանում էր «մեր պետության», «մեր բանակի», «մեր Հայրենիքի» համար խմվող բաժակաճառերի տեսք, սակայն անձնական պատմությունները հանած՝ ավելի շուտ վերևից թելադրվող նորաձևության տուրք էր, քան սեփական մտքերի, ապրումների, պատկերացումների խնջույքային արտացոլանքը:

4. Քաղաքական Օլիմպոսի բնակիչները, այսպես կոչված, էլիտան, անկախ իշխանական կամ ընդդիմադիր պատկանելությունից, շատ խայտաբղետ էին իրենց պատկերացումներով, արժեհամակարգով, վարվելակերպով, պետական համակարգի մաս լինելու մոտիվացիայով:

Մենք ունեցել են իրարից տարբեր երեք վարչակազմ, այդ վարչակազմերի ներսում՝ բոլոր ժամանակներին բնորոշ որակի կտրուկ տատանումներ, այդ վարչակազմերին ընդդիմադիր բազմերանգ և բազմապիսի քաղաքական գործիչներ, որոնց մի զգալի մասը տեսանելիորեն չէր ապրում այնպես, ինչպես տվյալ ժամանակահատվածի էլիտան ակնկալում էր իր ժողովրդից: Ակնհայտ էր էլիտաների հետ կապված երեք խզում. Խզում թիմերի ներսում, խոսքի և գործի միջև խզում, խզում էլիտաների և ժողովրդի միջև:

Վերջինս էլ ավելի էր խորանում բազմաթիվ պատեհապաշտների, պարապած քծնողների, պրոֆեսիոնալ մակաբույծների, լոկալ տիրակալների, խրոնիկ ճամբարափոխների պատճառով: Ի դեպ, էլիտաների խզումների խնդրում իրենց լուման ունեն ոչ միայն հավաքական «քյառթուները» (ներեցեք այս տերմինի համար), այլև բոլոր ժամանակահատվածների, այսպես կոչված, «մոդեռնիստները»:

5. 1988-ից հետո նոր-նոր ձևավորվող էթնոքաղաքական ինքնությունն ուներ մեկ այլ ուժեղ ներքին ախոյան նույնպես: Հենց 90-ականների սկզբից հայ հասարակության ներսում սկիզբ առան այդ նորածնի դեմ տարվող թունավոր արշավները, միասնական հայ հասարակության ներսում սկզբնավորվեցին բաժանարար գծեր, նորանկախ Հայաստանի գաղափարական ֆունդամենտի տակ դրվեցին կասկածամտության սերմեր: Տարիների ընթացքում, օգտվելով պետության շարունակական ազատականացումից, որը նաև Արցախի հարցով ներգրավված Արևմուտքի նվազագույն խաղի կանոնների պահպանման անհրաժեշտություն էր, նրանք ձևավորվեցին որպես առանձին ենթակառուցվածք՝ ճռճռան անուններով ՀԿ-ներ, գրպանային իրավապաշտպաններ, փողին մուննաթ գործակալներ, ամեն ինչից խոսող, բայց ոչինչ չիմացող փորձագետներ, սեփական մեդիաներ: Այս ամենի անունը դրեցին քաղհասարակություն, որն իրականում ոչ մի կապ չուներ ոչ հայ հասարակության, ոչ էլ քաղաքացիական իրական ակտիվիզմի հետ, և տեղադրեցին որպես ական՝ առանց այն էլ դժվարությամբ կառուցվող պետական հենասյուների մեջ:

6. Հայաստանում ազգային պետության ձևավորման գործընթացը տեղի էր ունենում մի արտաքին միջավայրում, որի հիմնական տենդենցները ոչ միայն չէին նպատում այդ գործընթացին, այլև տրամագծորեն հակառակ էին: Ունիվերսալ գլոբալացումը, ինտենսիվ քայքայիչ կերպով, առ այսօր ազդում է մարդու չափ ու ձև, ներքին սահմաններ, ինքնակարգավորումներ ենթադրող, պայքար և դժվարություններ չբացառող ինքնության մատերիայի վրա: Ուղեղների և այլ օրգան-համակարգերի լվացման մեխանիզմներն աշխատում էին անխափան՝ դիրքավորելով անզուսպ սանձարձակությունը՝ որպես «ժամանակակից», իսկ ազգայինը ներկայացնելով՝ որպես «հետամնաց»: Այս պրոցեսի սիմվոլիկ ապոգեյը 2018թ. ապրիլին երիտասարդ կնոջ ներքնաշորով ճանապարհային տեսախցիկ փակելու ակտն էր: Լիբերալիզմի դիմակը հագած ագրեսիվ սպառողականությունը, անձի ազատության քողի ներքո թաքնված դեգրադացումը բերեցին նրան, որ դեկարտյան կյանքի բանաձևը՝ «COGITO ERGO SUM» («Մտածում եմ, ուրեմն ապրում եմ») վերածվում է նեոլիբերալ մոտեցմանը` «COITO ERGO SUM»` «Կենակցում եմ, ուրեմն ապրում եմ»:

Իհարկե, այս թեմայով կարելի էր մատնանշել նաև այլ գործոններ կամ յուրաքանչյուր նշված խնդրին նվիրել մի առանձին ուսումնասիրություն: Բայց կհավելեմ միայն, որ որպես պետական և քաղաքական ոլորտի ներկայացուցիչ՝ ընդունում եմ մեղքի իմ բաժինը նկարագրված գործոնների մեջ:

Չմոռանանք սակայն, որ այս խնդիրներով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2018թ. հաջողությամբ դիմադրում էր էթնոքաղաքական ինքնության դեմ ուղղված սպառնալիքներին:

Եվ այնտեղ, որտեղ չաշխատեցին անգամ ոսկով բեռնված ավանակները, իր սև գործն արեց Տրոյական ձիու թավշյա փորից թափված և ինքնության ամրոցըը ներսից բացած աղետը:

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
06.08.2023

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ