22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա եռանկյունին Բերմուդյան է դառնում Հայաստանի համար. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

NATO-ի վերջին՝ վիլնյուսյան գագաթնաժողովը գլոբալ քաղաքական իրադարձություն էր, որի հիմքում հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացող հակամարտությունն էր: Հասկանալի է, որ այդ համատեքստում լրահոսի գլխագրերում և վերլուծական-քաղաքական դաշտում մի կողմից՝ Ուկրաինայի նկատմամբ Հյուսիսատլանտյան կազմակերպության դիրքավորումներն էին, մյուս կողմից՝ Շվեդիայի ազդարարված անդամակցության գործընթացի շուրջ աժիոտաժը:

Ինձ հասանելի տեղեկատվական հոսքերը վկայում են, որ հայկական մեդիան և քաղաքական քննարկումները հիմնականում վերաբերում էին նույնաբովանդակ թեմաներին, որոշակի մասնավոր շեշտադրումներով՝ ռուս-թուրքական հարաբերությունների լույսի ներքո Էրդողանի գեոպոլիտիկ տրյուկների վրա:
Այնինչ, վիլնյուսյան գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը պարունակում է մեզ հետ թեպետ անուղղակի, բայց կարևոր առնչություններ ունեցող մի շարք արձանագրումներ, գնահատականներ և առաջնահերթություններ: Մանրամասն ուսումնասիրելով Հայաստանի և Հարավային Կովկասի տեսանկյունից սույն փաստաթուղթը՝ ձեզ եմ ներկայացնում մի շարք դիտարկումներ:

1. Հռչակագիրը, որը բաղկացած է 90 կետից և անդրադառնում է բազմաթիվ աշխարհագրական և քաղաքական տարածաշրջաններին, որոնց մի մասին կանդրադառնամ ստորև, ընդհանրապես չի պարունակում որևէ հիշատակում Հարավային Կովկասի մասին, առավել ևս՝ հայ-ադրբեջանական հակամարտության: Այս հանգամանքը կրկին արձանագրում է մեր տարածաշրջանի նկատմամբ արևմտյան բլոկի իրական վերաբերմունքը, որն ածանցվում է բացառապես Թուրքիայի դերակատարությունից, Իրանի նկատմամբ մտադրություններից և Վրաստանի հետ հարաբերություններից: Բացի թվարկված պետություններից, հռչակագիրը համապատասխան կոնտեքստում անդրադառնում է Աբխազիային և Հարավային Օսիային: Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին՝ 0 հիշատակում:
2. NATO-ն առնվազն հռչակում է միջազգային իրավունքին, հատկապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությանն իր հավատարմությունը (կետ 1): Սա հատկանշական է մեզ համար այն առումով, որ այդ նույն փաստաթուղթը՝ UN Charter, ամրագրում է նաև ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

3. Հռչակագրի 4-րդ կետով կազմակերպությունը հռչակում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ընտրել սեփական անվտանգային նախաձեռնումները, ինչը կարևոր փաստարկ է NATO-ից դուրս, այլ անվտանգային համակարգերում գտնվող պետությունների տեսակետից, օրինակ՝ Հայաստան-ՀԱՊԿ տիրույթում:

4. Փաստաթղթի մի շարք կետեր մանրամասն նկարագրում են ուկրաինական պատերազմում ալյանսի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ մեղադրանքներ ագրեսիայում, հարևանի տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների և ռազմական հանցագործությունների մեջ, այնինչ, ինչպես արդեն փաստել եմ, չկա որևէ գնահատական Ադրբեջանի վերաբերյալ (կետեր 7, 8):

5. Հայ-ադրբեջանական հարաբերություններում մեզ ինտենսիվորեն պարտադրվող և արևմտյան երկու կենտրոններից՝ Բրյուսել և Վաշինգտոն, ակտիվորեն միջնորդվող, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» ֆոնին, կրկնակի ստանդարտների և բացառապես սեփական շահերի արտացոլում է 180 աստիճանով տարբեր մոտեցումն ուկրաինական պատերազմին, որի դեպքում խաղաղության հասնելու նախապայմանները կտրուկ տարբերվում են մեզ հրամցվող փաստացի վերջնական կապիտուլյացիայից (կետեր 9, 10):

6. Դեկլարացիայի 15-րդ կետում կազմակերպությունը կոչ է անում Բելառուսին հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, սակայն, ինչպես արդեն կռահում եք, Եվրոպայի խորհրդի ամենաավտորիտար պետություններից մեկի՝ Ադրբեջանի մասին խոսք այս համատեքստում կրկին չկա:

7. Եթե մեր մասին խոսելիս, արևմտյան էլիտաները սիրում են բազմակի օգտագործման մաստակ դարձնել «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» թեզը, ապա սեփական հասարակությունների դեպքում նրանք իրավացիորեն ընդգծում են նրանց տոկունության, դիմացկունության, դիմադրողականության, էլաստիկության կարևորությունը՝ սրվող աշխարհաքաղաքական միջավայրի պայմաններում (կետ 61):

8. Կանխատեսելի էր էներգետիկ անվտանգության նկատմամբ NATO-ի ռազմավարական ուշադրությունը, հատկապես էներգետիկ ռեսուրսների աղբյուրների, մատակարարների և ուղիների նկատմամբ, որտեղ Ադրբեջանի մասին հիշատակման բացակայությունը չպետք է մեզ թյուրիմացության մեջ գցի, քանզի այս կետում Ռուսաստանին այլընտրանք հանդիսացող և ոչ մի երկիր հիշատակված չէ (կետ 68):

9. Հռչակագրի 76-րդ կետով դաշինքն անդրադառնում է Բոսնիային և Հերցեգովինային: Հիշեցնեմ, որ Արևմուտքի ուժային պարտադրանքով մոտ 30 տարի առաջ բոսնիական սերբերին թելադրված խիստ արհեստական «Խաղաղության բանաձևն» այսօր հսկայական ճաքեր է տալիս՝ ի հեճուկս հյուսիսատլանտյան մտրակի և ԵՄ-ական ֆինանսական բլիթների: 30 տարի անց չլուծվող էթնիկ խնդիրների գոյությունը և NATO-EU զույգի անհանգստությունը Բոսնիայի և Հերցեգովինայի ապագայի նկատմամբ մեզ համար արհեստական, պարտադրված խաղաղությունների անփառունակության տեսանելի դաս են: Եվ սա դեռ այն դեպքում, երբ Բոսնիայի և Հերցեգովինայի կազմում սերբերը հավասարապես և ազդեցիկ սուբյեկտ են:

10. Փաստաթղթի հաջորդ կետն անդրադառնում է Սերբիային, որով կրկին արձանագրվում է ճնշումը Բելգրադի վրա՝ կարգավորման և հավասար երկխոսության մեջ մտնել Կոսովոյի հետ: Հիշեցման կարգով. Ստեփանակերտի դեպքում Արցախն ամեն գնով բրթում են Բաքվի տակ, իսկ Պրիշտինայի պարագայում՝ ճնշում Սերբիային հավասարազոր երկխոսության՝ Կոսովոյի հետ:

Ամփոփելով ասելիքս՝ շեշտեմ, որ գլոբալ գեոպոլիտիկ ցունամիի դեպքում, ինչի մասին է վկայում նաև NATO-ի Վիլնյուսյան հռչակագիրը, հայերին ուզում են դարձնել «ունիկալ» ժողովուրդ, որը պիտի դառնա իր ազգային շահերից հրաժարվող առաջին և միակ «միամիտը» երկրագնդի վրա:

Փաշինյանի դավաճանական քաղաքականության պատճառով Մոսկվա-Վաշինգտոն-Բրյուսել եռանկյունին կարող է Բերմուդյան դառնալ Հայաստանի համար:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

20.07.2023

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ