22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Միասին»-ի ճամբարային օրերին մի պահ ընկանք մանկության գիրկը. ծրագրի շահառու

Հունիսի 30-ից հուլիսի 5-ը Ծաղկաձորում անցկացվեց երկու՝ ավագ և կրտսեր սերունդների համախմբան ճամբար։ Ճամբարի մեկնարկը տրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ ստանալով Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի օրհնությունը։

«Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային ճամբարի նախաձեռնությունը «Միասին» հասարակական կազմակերպությանն է։ «Միասին» ՀԿ նախագահ Գևորգ Չիչյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ այն իրենց թռիչքային նախագիծն էր և դեռ ստեղծելիս չէին կարծում, որ այսքան լավ արդյունք կգրանցեն։ «Նորարարական ծրագրի նպատակն էր հասարակության ուշադրությունը բևեռել տարեցների հիմնախնդիրներին, ցուցաբերել սոցիալ-հոգեբանական աջակցություն, նպաստել նրանց օգտակար և հետաքրքիր առօրյայի կազմակերպմանը»։

Ճամբարին մասնակցել են Արցախից տեղահանված և Հայաստանի մարզերից 20 տարեցներ, որոնք 5 օր շարունակ ձեռք բերեցին նոր ծանոթություններ, գիտելիքներ և ունեցան յուրօրինակ առօրյա։

«Ճամբարի օրերի ընթացքում ոչ միայն ունեցանք հագեցած հանգիստ, այլև մի պահ ընկանք մանկության գիրկն ու փոքր ինչ մանկացանք»,- ասում է ծրագրի շահառու Գյուլնազ Գրիգորյանը։

Գրական-երաժշտական դասերի ուսուցչուհի Գոհար Հարությույանն ասում է, որ մասնակիցները մեծ ոգևորությամբ են մասնակցում իր դասերին, դե, իսկ հասակակիցների հետ շփումն անգնահատելի է։

Լրագրող, բժիշկ, սոցիալական աշխատող, ռեժիսոր, իրավաբան, լուսանկարող, հոգեբան և այլն. Բացի ավագ սերնդի ներկայացուցիչներից ճամբարին մասնակցեցին Երևանի և մարզերի բուհերի 21 ուսանող, որոնք իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կիրառեցին ծրագրի շրջանակներում։

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գեղարվեստական լուսանկարչություն բաժնի 4-րդ կուրսի ուսանող Արփինե Կարապետյանն անկեղծանում է՝ «Սկզբում կարծում էի, որ մեծահասակների հետ շփումը բարդ է լինելու, սակայն արդեն առաջին օրը հասկացա, որ իրենք մեզնից ավելի եռանդուն ու ոգևորված են»։ Մասնակից ուսանող Մանե Գառնիկյանն էլ կարծում էր, որ անծանոթ մարդկանց հետ շփումը դժվար է լինելու, սակայն ծրագրի ընթացքում մտերմացել է թե՛ ուսանողների, թե՛ ավագ ընկերների հետ։

Ճամբարի ընթացքում տարեցների համար կազմակերպվել են ինտերակտիվ սեմինարներ հոգեբանական թեմաներով, բժշկական խորհրդատվություններ, ձեռագործության և երաժշտական դասեր, հոգևոր և մշակութային զրույցներ։

Ճամբար են այցելել Հայաստանի վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, Կոտայքի թեմի հոգևոր հայրեր Տեր Հարություն քահանա Ծատուրյանը և Տեր Համազասպ քահանա Գրիգորյանը, հոգեբանության, ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ՀՕՄ Արվեստի ասեղնագործության դասընթացի մասնագետներ։

Սեմինարներից զատ ծրագրի մասնակիցներն այցելեցին Կեչառիսի վանական համալիր, ծանոթացան ստեղծման պատմությանը, վանքի առանձնահատկություններին, այնուհետև եղան Օրբելի եղբայրների տուն-թանգարանում, ծանոթացան իրենց կյանքի նշանակալից դրվագներին։

Ճամբարի փակման միջոցառմանը ներկա էին ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Էդնա Տեր-Վարդանյանը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի սոցիալական ծառայությունների համակարգող Մարգարիտա Հովհաննիսյանը, սոցիալական ծառայությունների զարգացման ղեկավար Աննա Գրիգորյանը և այլ հյուրեր։

Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան ծրագրի շահառուները՝ տարեցներն ու երիտասարդ ուսանողները։ Ճամբարի ոսկե սերնդակիցները, գրական-երաժշտական դասի ուսուցչուհի Գոհար Հարությունյանի նվագակցմամբ, կատարեցին «Լելե-լելե», «Սև Գյուլի», «Կանչում եմ, արի», «Նարե» ազգային ժողովրդական երգերը։ Ելույթ ունեցան շահառուներ Սվետա Գալստյանը՝ ասմունքելով «Ասա՛ ինձ, Տեր իմ», «Զարմանալի է կյանքը մարդկային», «Հերն էլ անիծած» բանաստեղծությունները և Գյուլնազ Գրիգորյանն առանձնացավ «Եկեղեցին հայկական» ելույթով։
Այս ամենից բացի երկու սերունդները պարեցին «Կարնո քոչարի» և «Ծաղկաձորի» պարերը։

«Միասին» ՀԿ նախագահ Գևորգ Չիչյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամին՝ ծրագրի արդյունավետ իրականացման գործում ունեցած ֆինանսական աջակցության համար՝ հույս հայտնելով, որ այս ճամբարն ունենալու է հետագա շարունակություն:

ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու Սիրվարդ Համբարյանն ընդգծում է, որ այսպիսի նախաձեռնություններն, իսկապես, տարեցներին դրական ապրումներ են պարգևում և նպաստում նրանց հիմնախնդիրների որոշակի լուծմանը:

ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Էդնա Տեր-Վարդանյանն անկեղծացավ, որ ծրագիրը հիանալի հնարավորություն ընձեռեց մեկտեղելու ոսկե սերնդի և երիտասարդների հաղորդակցությունը։

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության սոցիալական ծառայությունների համակարգող Մարգարիտ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց «Միասին» ՀԿ-ին համագործակցության համար և հանդիսատեսին փոխանցեց կազմակերպության տնօրեն Երվանդ Մխիթարյանի ողջույնի խոսքը։ Սոցիալական ծառայությունների զարգացման ղեկավար Աննա Գրիգորյանն էլ նկատեց , որ մենք ենք մեր կյանքին գույներ տվողը, և ոչ ոք միայնակ չէ, յուրաքանչյուր գործում մենք բոլորս միասին ենք։

Հանդիսավոր փակման արարողության վերջում ծրագրի մասնակից ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր, գործընկերներին՝ շնորհակալագրեր և միջոցառումն ամփոփվեց Գոհար Հարությունյանի գրած «Ոսկե սերունդ» ճամբարի հիմներգի կատարմամբ։

Հավելենք, որ ծրագիրն իրականացվել է ԵՀԽ հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի և Մյունխենի հայ-գերմանական «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնի ֆինանսական աջակցությամբ։

Պատրաստեց Ժենյա Աբգարյանը
miasin.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ