22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սոցիալական «սոսինձ»՝ հասարակության փշուրներն իրար միացնելու համար. Վահե Հովհաննիսյան

Նախորդ հրապարակմանս մեջ նշել էի խնդիրների հինգ կետ, որոնք պետք է սկսել լուծել՝ սկսելով վերջին կետից։ Սա այն գաղափարների համախումբն է, որը կարող է օգնել միավորել պատերազմի ու կորուստների, ինչպես նաև՝ անընդհատ հնչող ստի ու մանիպուլյացիաների հետևանքով մասնատված, փշրված հասարակական «անոթը»։

«Սոցիալական սոսնձի» օրինակները շատ են. բերեմ առավել թարմ օրինակներ։

Վ. Օսկանյանի ձևակերպումները, դրանց քննարկմանը հանրային դեմքերի ներգրավումը, սոցիալական սոսնձի լավ օրինակ է։ Թեման մտավ տասնյակ հազարավոր տներ։

Շրջափակման մեջ գտնվող Ռ. Վարդանյանի ուղերձներն ունեն երկու բնութագրիչ. անկեղծ են, որովհետև ծնվում են ծայրահեղ բարդ պայմաններում, և հստակ են, ու դրանք միանգամից կոնսոլիդացնում են հասարակության զգալի շրջանակների։

Վերջին շրջանում, ի դեպ, գրագետ ուղերձներ են գալիս նաև պաշտոնական Ստեփանակերտից, ինչը կարևոր է։

Հայաստանում առնվազն 10-15 հրապարակային գործիչ գրեթե ամենօրյա ռեժիմով հանդես է գալիս գրագետ-ադեկվատ ձևակերպումներով։

Սա թանկ ռեսուրս է։

Կան մարդիկ, ովքեր կարող են լուրջ գաղափարներ ձևակերպել, բայց այսօր լուռ են համատարած պարզունակ (թեկուզ՝ հայրենասիրական մղումներով) պատկերացումների ֆոնին։ Ճիշտ մթնոլորտում այդ մարդիկ մեծ օգտակարություն կունենան։

«Գաղափարների ֆաբրիկան» կջարդի իշխանական ստի համակարգը

«Սոցիալական սոսինձը» գրագետ, իրատեսական գաղափարների փունջն է։ Այդ առումով, պայմանական ասած, պետք է ստեղծվի «գրագետ, իրատեսական գաղափարների ֆաբրիկա»։ Կան քիչ մարդիկ, ովքեր իրենց հեղինակությամբ կարող են հիմնել այդ ֆաբրիկան, տալ ապրանք, որը կփոխարինի այսօր առկա անմիտ գաղափարների անծայրածիր ծովին։ Այսօր թե´ հայրենասիրական առողջ մղումներով, և թե´ լրիվ հակառակ միտումներով այնքա´ն գաղափարներ ու վարկածներ են տրվում հասարակությանը, որ մարդիկ չեն կողմնորոշվում, չեն ընկալում, չեն հասկանում՝ որը ինչ է։ Մարդուն դժվար է հասկանալ՝ ինչ է կատարվում իր շուրջը, իր հետ։

Որպես «սոցիալական սոսինձ» ծայրահեղ կարևոր է ներքին հաշտության գաղափարը, որը հենց սկսեց աշխատել այս իշխանությունը այլևս անելիք չի ունենա։

Ոմանք այս հարցում համակարծիք չեն, գուցե այն պատճառով, որ ճիշտ չի ընկալվում «ներքին հաշտության» գաղափարը։ Այլ բառերով՝ դա միջընտրազանգվածային երկխոսությունն է։ Գոնե իրար լսելը։

Ասում են՝ ի՞նչ հանրային հաշտություն. կա´մ իշխանություն կփոխվի կամ պետությունը կկործանվի։ Իմ հստակ պատասխանն է. հանրային հաշտեցումը իշխանություն փոխելու տեխնոլոգիան է, գրագետ ճանապարհը։

Տեսեք. տարբեր հարցումներով՝ հասարակության մինչև 80 տոկոսը դեմ է Արցախը Ադրբեջանում լինելու գաղափարին։ Փառահեղ ցուցանիշ, բայց, մյուս կողմից, այդ նույն 80 տոկոսը չի շտապում միանալ «Հայաքվեի» ստորագրահավաքին կամ այդ 80 տոկոսը չի դուրս գալիս ընդդիմության հանրահավաքին։ Պարզ ասած՝ այդ 80 տոկոսը չի տեսնում այս ողբերգական իրավիճակի և այս իշխանության միջև ուղիղ, թվում է՝ պարզ կապը։

Սա նշանակում է, որ մենք ինչ-որ կարևոր բան համառորեն սխալ ենք անում։ Երբ հարցը դրվում է «կամ-կամ» սկզբունքով, դիտորդ, չկողմնորոշված 65-70 տոկոս հասարակությունը չի կատարում իր ընտրությունը։ Նման պայմաններում պետության փլուզումը չի կասեցվի։ Քանի՞ անգամ պետք է էմպիրիկ տեսնենք ու տապալենք պրոցեսը, որ սա հասկանանք։ Ուրեմն պետք է տեսնել խնդրի խորությունը և հրաժարվել պարզունակ պատկերացումներից, սխալներից։

Մարդուն պետք է տաս գրագետ ու իրեն չվիրավորող գաղափարներ։ Պետք է հնարավորություն տաս, որ քո ասածի մասին մտածի, ոչ թե քեզնից պաշտպանվի։

Իրական, ոչ իմիտացիոն «սոցիալական սոսինձը» թույլ կտա մեղմել հանրային խելագարությունը, սոցիալական տարբեր շրջանակների հնարավորություն կտա՝ ունենալու միասնական պատկերացումներ։ Եվ անցնել հաջորդ քայլին։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ