12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Եթե քաղաքական բոսյակները որբի դեմքով ասում են` «մի´ խոսեք, մի´ մտածեք, մի´ ստորագրեք, որպեսզի պատերազմ չլինի», ի՞նչ է այլևս հնարավոր ակնկալել դրանցից»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ճեպազրույցը կրկին անհանգստություն է սերմանել իշխանական ու ոչ իշխանական որոշ շրջանակներում: Իշխանականները խիստ մտահոգվել են այն հանգամանքով, որ նախագահ Սարգսյանը տրամաբանական և իրացնելի է գնահատել նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանի առաջարկը:

Այդ առթիվ` իր նվնվոցն ու խղճահարություն առաջացնող «մեկնաբանություններն» է հրապարակել կապիտուլյացիոն ռեժիմի ազգակործան քաղաքականության մունետիկ ու փարոս «Հայկական ժամանակ»-ը:

Չէի անդրադառնա այս հանգամանքին, ինչպես չեմ անդրադառնում այլ կայքերի օդատիեզերական մակարդակի «վերլուծություններին», եթե ՀԺ-ի ծլվլոցների հետևում թաքնված չլիներ ապազգային դավադրությունների իշխանական «միտքը»:

Ինչպես միշտ, փաստերի և մեկնաբանությունների աղավաղման անկրկնելի վարպետները, գնացել մտել էին իրենց սիրած նախկինների համապատասխան տեղերը և մանիպուլացնում էին ինչ հնարավոր է: Այնինչ սրանց վախերը այլ տեղում են, որովհետև իրենք էլ են հասկանում, որ Օսկանյանի առաջարկությունն իրականում տրամաբաբական է և հնարավոր կլինի պայմաններ ստեղծել անհամեմատ ավելի նպաստավոր դիրքերից բանակցային գործընթաց մեկնարկելու համար: Բայց քանի որ դավաճանների ցանկությունը ոչ թե Հայաստանի և Արցախի ճակատագրի հարցում նպաստավոր դիրքն է, այլ սեփական թուլամորթ կաշին փրկելը` հետևաբար նման ցինիկ հոդվածներն են լինելու ընդդիմության առաջարկների նրանց պատասխանը:

Մտածեք ինքներդ. ազգ-պետություն կործանողը, հասարակության որոշ խմբի անգրագիտության վրա հույսները դրած իշխանությունը ինչու՞ պետք է համաձայնվի իրավիճակից ելքեր ենթադրող գաղափարներ քննարկել` երբ իրենց նպատակը վերջնական կործանելն է:

Այո´, իրավացի է 3-րդ նախագահը, բանակցողի փոխվելով իրավիճակը փոխվելու է և առաջին անգամ չէ, որ նա խոսում է այդ մասին: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որովհետև իր սեփական կետից ու զրոյից «բանակցողը»` այսօր զրոյից ցածր հնարավորություններ ունի իր իսկ բերած սպառնալիքներին դիմագրավելու համար: Որովհետև եթե մեկը հասցրել է այն վիճակի, որում քաղաքական բոսյակները որբի դեմքով ասում են՝ «մի´ խոսեք, մի´ մտածեք, մի´ ստորագրեք, որպեսզի պատերազմ չլինի», ի՞նչ է այլևս հնարավոր ակնկալել դրանցից:

Վարդան Օսկայանի առաջարկի տրամաբանությունն էլ հենց դա է. եթե ոստիկանների շալակին թառած կառչել ես իշխանությանը, և քո վնասակար գոյությամբ կործանում ես երկրի ապագան, ապա գոնե հնարավորություն տուր փրկել իրավիճակը: Դրա համար պահանջվում է ընդամենը ծպտուն չհանել: Պատկերացնո՞ւմ եք աբսուրդի աստիճանը. ծպտուն չհանել, որ ավելի վատ չլինի և հնարավոր լինի դուրս գալ վիճակից:

Այնպես, որ «Հայկական ժամանակ» կայքին պետք է խնդրել, ի շահ և ի նպաստ հայ ժողովրդի` դուք էլ ծպտուն մի հանեք, որովհետև հայրենիքը կապիտուլյանտից կարևոր է:

Հ.Գ. ՀԺ-ի խմբագրակազմին և ոչ միայն նրանց անկեղծորեն խղճում եմ: Նրանք էլ մեր ժողովրդի պես խորտակվող նավի անհույս ուղևորներ են, բայց երբեմն «ստիպված են» լինում թիավարել խորտակումը կանխելուն հակառակ…»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ