Լենցովն ասել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի պատասխանատուն Փաշինյանն է․ «Հրապարակ»
Նախօրեին Արցախի ՀԿ սեկտորի մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատար Լենցովի հետ։ Հանդիպումն անցել է շատ թեժ մթնոլորտում, Լենցովն ասել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի պատասխանատուն ոչ այնքան Ռուսաստանն է, որքան Նիկոլ Փաշինյանը, եւ եթե վիճակագրությանը նայեն, ապա կտեսնեն, որ Լաչինի ճանապարհը փակվել է Փաշինյանի՝ «Արցախն Ադրբեջան է» հայտարարությունից հետո։
Ակտիվիստները հակադրվել են, թե Պուտինն է արցախցիներին երաշխավորել անվտանգ կյանք, եւ դա ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, սակայն հրամանատարը չի ընդունել, որ իրավիճակի միակ մեղավորը ռուսական կողմն է: Նաեւ նշել է, որ իրենք հրաման կատարող են, որոշումները պետք է քաղաքական հարթակում ընդունվեն։ Հրամանատարի հետ հանդիպումից ակտիվիստները հեռացել են դժգոհ եւ, որոշ տեղեկություններով, բողոքի ակցիաներ են պլանավորում:
Հանդիպմանը նախորդած երկու օրերին եւս ակցիաներ են արել խաղաղապահների շտաբի առջեւ, սակայն առավելագույնը 30 մարդ է մասնակցել։ Հանդիպմանը մասնակցել են Արթուր Օսիպյանը, Դավիթ Վանյանը, ով Սամվել Բաբայանի մտերիմներից է: Նրանք աչքի են ընկնում հակառուսական հայացքներով եւ Արցախում ընկալվում են որպես այլ պետության «ագենտներ»:
Արցախցիները կարծում են, որ սրանք ՀՀ իշխանությունների հրահրմամբ են հակառուսական տրամադրություններ հրահրում։ Տեղեկացանք, որ ավելի ուշ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները նույնպես հանդիպել են Լենցովին, եւ նա գրեթե նույն բաներն է ասել նրանց»: