Ալիևը ճշգրտորեն օգտվում է հայկական կողմի «սխալներից». Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է.
«2008-ին գործող նախագահ Ա. Մեդվեդեվը ռուս-վրացական պատերազմը որակեց այսպես. «Ռուսական խաղաղապահները ձեռնամուխ են եղել Վրաստանին խաղաղության պարտադրմանը՝ վրաց-օսական հակամարտությունում։ Մեր խաղաղապահների վրա դրված է նաև բնակչության անվտանգության ապահովումը»։
Հետագայում Մեդվեդևը և պաշտոնական Մոսկվան զարգացրին մի ամբողջ քաղաքագիտական տեսություն, որը վերափոխվեց պետական քաղաքականության. ի՞նչ է լինում, երբ կրակում են ռուսական խաղաղապահների վրա։ Դա ենթադրում էր կոշտ ռազմական պատասխան և ինքնորոշման ձգտող միավորների անկախության ճանաչում։
Ռուս-վրացական ռազմական բախումն անգամ ստացել էր հատուկ ձևակերպում. «первая миротворческая война»։
Ինչո՞ւ եմ ես սա հիշեցնում։
Այս պահին ռուս խաղապահները իրականացնում են իրենց կարևորագույն առաքելությունը Արցախում և ըստ էության ապահովում են 120 հազար արցախահայության անվտանգությունը ադրեբջանական սպառնալիքի դեմ։ Պաշտոնական Բաքուն և նրա քարոզչամեքենան վերջին շրջանում ինտենսիվ խոսում է նոր ռազմական օպերացիայի մասին՝ Արցախում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Ընդ որում, լեյտմոտիվը հետևյալն է. Հայաստանը և Ռուսաստանը այլ ելք չեն թողնում։
Դա նշանակում է. կա´մ կրակել ռուսական խաղաղապահների վրա, կա´մ ռուսական խաղաղապահները ապահվում են միայն ու միայն իրենց սեփական անվտանգությունը։ Առաջինի դեպքում ռիսկերը Ադրբեջանը պետք է հաշվարկի, երկրորդի դեպքում ռուսները ստանում են ծանր իմիջային հարված և իմաստազրկվում է նրանց առաքելությունը, և ոչ միայն Արցախում։
Հնարավոր է նաև երրորդ տարբերակ, որն ըստ իս ավելի իրատեսական է՝ վերականգնել առակայական բանակցությունները Ռուսաստանի միջնորդությամբ՝ հիմքում ունենալով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ փորձելով գտնել բոլոր բարդ խնդիրների հնարավոր փոխզիջումային լուծումները։
Այսօր նույնիսկ արևմուտքում են ընդունում, որ իրական հողի վրա, իրական խաղաղություն ի զորու են ապահովել միայն ռուսները։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ արևմուտքի այս պարզ ուղերձը։
Իրավիճակը բարդանում է հետևյալ հանգամանքներով.
1. Հայաստանի իշխանությունները թույլ են տալիս մի կոպիտ սխալը մյուսի հետևից՝ ամեն անգամ բարդացնելով առանց այդ էլ բարդ իրավիճակը (եթե դա իրականում պարզապես սխալ է, և ոչ՝ մտածված քաղաքականություն)։
2. Ալիևը ճշգրտորեն օգտվում է հայկական կողմի «սխալներից»։
3. Հայաստանի խորհրդարական ընդդիմությունը գտնվում է ինստիտուցիոնալ կազմաքանդված վիճակում. այն չկարողացավ դառնալ ինստիտուցիոնալ այլընտրանք, որի հետ թե´ ռուսները, թե´ արևմուտքը երկխոսության մեջ կմտնեին՝ իշխանությունների ստեղծած փակուղուց դուրս գալու համար։
Այս իրավիճակում Ալիևը կարող է գնալ խելագար քայլերի։ Եվ եթե կա նման վտանգ, ապա պետք է անել կանխարգելիչ քայլերի.
– Արցախի իշխանությունները հրապարակայնորեն պետք է դիմեն Ռուսաստանին՝ Ազգային Ժողովի հատուկ ուղերձով։
– «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» մեծ հանրահավաք պետք է անի, որը պետք է լայնորեն լուսաբանվի միջազգային մամուլով։ Մեծ ջանք է պետք դնել։ Էմոցիաներից բացի՝ Արցախից պետք է ձևակերպվեն հստակ ուղերձներ աշխարհի համար։ Կարևոր ուղղություն պետք է լինի նաև Ռ. Վարդանյանի երեկվա ասածը. «Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի՝ վատ բանակցողը»։
– Նույնը պետք է անի Հայաստանի քաղաքական ընդդիմությունը, ու նաև դիմի արևմտյան տերություններին, առաջին հերթին՝ Մինսկի խմբի անդամ, և ԵՄ-ին։
– Հայաստանում հանրային լուրջ ճնշում պետք է բանեցվի իշխանությունների վրա։ Անկախ մեր վերաբերմունքից՝ իշխանությունն այսօր ունի կանխարգելիչ քայլերի մեծ փաթեթ, որն ընդհանրապես չի անում։ Արցախի ժողովուրդը գերի հո չէ՞ էս իշխանությանը։ Չստացվի սեպտեմբերի 27-ի պատմությունը, որ իշխանությունը հետո համ ասի՝ գիտեինք, որ պատերազմ է լինելու, համ ասի՝ չգիտեինք, ու սարքեն հերթական ճաշը։
Ու նախապատերազմական փուլը այսպես մսխվի Այվազովսկու նկարների տակ»։