22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ է Եռաբլուրի հրամանատարությունը պահանջել, որպեսզի Ջերմուկում զոհված Մանվել Խաչատրյանի շիրմաքարը փոքրացնեն կամ արտաշիրիմում անեն. Aysor.am

Սեպտեմբերին Ջերմուկում զոհված Մանվել Խաչատրյանի (հրամանատար Ճուտ) շիրմաքարը Եռաբլուրի հրամանատարությունը պահանջել է կա՛մ փոքրացնել, կա՛մ էլ արտաշիրիմում անել։ Aysor.am-ի հետ զրույցում Մանվել Խաչատրյանի դուստրը՝ Ռուզաննա Խաչատրյանը, նշեց, որ հայրը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերին, սակայն մինչ վերջերս շիրմաքար չի ունեցել։

«Շիրմաքարը մի փոքր իրենց ստանդարտներից մեծ է։ Ու հիմա իրենք ասում են՝ կա՛մ քարը փոքրացրեք, կա՛մ արտաշիրիմում արեք։ Եթե չեք ուզում քարին ձեռք տանք՝ խնդիր չկա, արտաշիրիմում արեք, տարեք ձեր ուզած տեղը, ձեր ուզած քարը դրեք։ Շիրմաքարը դրել ենք հունիսի 11-ին, պապան զոհվել է սեպտեմբերի 13-ին, 17-ին հուղարկավորվել է Եռաբլուրում։ Ու մինչև մարտ ամիս պապայի շիրմաքարը տեղադրված չի եղել։ Բոլորինը դրված էր, ովքեր պապայի հետ զոհվել էին, բայց իրենը չէին դրել։ Մենք ամենասկզբից ընտրել էինք սպիտակ քար, որպեսզի իրենք դնեին, սակայն մեզ ասացին, որ դա անորակ է։ Եվ քանի որ մինչև մարտի վերջ չէր տեղադրվել, մենք դիմում գրեցինք, որ մենք մեր միջոցներով կդնենք շիրմաքարը։

Պապայի շիրմաքարը տեղադրել ենք, այն չափսերով մի փոքր մեծ է։ Մեծ ա նրա հաշվին, որ բանվորները բազալտ են ավելացրել, քանի որ քարքարոտ է եղել, որպեսզի քարը չվնասվի։ Ու այդ բազալտի ու տակի սև «տունբայի» հաշվին այն չափերով մեծ ա ստացվել։ Հիմա ուզում ենք համաձայնության գալ, որ գոնե այդ բազալտը, «տունբան» հանվի, բայց նկարին, քարին ձեռք չտանք, չվնասենք, քանի որ հետևում հասակով նկար կա ու դրա չափը 1.65 է։ Իրենց ասելով, իրենց ստանդարտները 1.60 է։ Հիմա մենք, եթե քարը կտրենք, սարքենքն 1.60, պապայի նկարը վնասվում է, ու քանի որ պապայիս վիրավորումը եղել է ոտքերից, մենք ուզում ենք, որ նա մեր հիշողություններում գոնե միշտ կանգնած լինի», – պատմեց Ռուզաննան։

Նա նաև տեղեկացրեց, որ ՊՆ-ին դիմում են գրել, սակայն դեռ պատասխան չեն ստացել. «Երեկ գիշերը մեզ զանգեցին ու ասացին, որ այսօր վերջին օրն է, որպեսզի քարը փոքրացնենք։ Մեզ ասացին, որ ՊՆ-ի պատասխանին չեն սպասելու, քանի որ մեկ է՝ այն բացասական է լինելու։ Հրաման կա, որ քարը պետք է ապամոնտաժվի։ Հիմա իրենք 20սմ-ի համար ուզում են կա՛մ քարն ապամոնտաժեն, կա՛մ առաջարկում են, որ արտաշիրիմում անեն։ Խնդիր չկա, փոքրացնենք, բայց գոնե այնպես, որ կանգնած նկարը չվնասվի»։

Հարցին, թե արդյո՞ք նախքան շիրմաքար տեղադրելը չգիտեին, որ չափանիշներ կան, որոնց պետք է հետևել՝ Ռուզաննան պատասխանեց, որ չեն իմացել.«Չեմ ուզում մատնացույց անել, քանի որ դա սխալ է, բայց շրջելով Եռաբլուրում, տեսել եմ, որ այդտեղ ստանդարտ գոյություն չունի, կան էլի շիրմաքարեր, որոնք չափերով մեծ են, որոշեցինք, որ չափերով մեծ շիրմաքար, եթե տեղադրենք, ապա ոչ մի խնդիր չի լինի։ Եթե չհամաձայնեն մեր տարբերակին, ստիպված հայրիկիս արտաշիրիմում պետք է անենք և տեղափոխենք»։

Նշենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված հերոսների շիրմաքարերի տեղադրման հատուկ ստանդարտներ գոյություն ունեն։ Կան հաստատված ձևաչափերով հուշաքարերի (տապանաքար, նկարաքար, ծաղկաման և խնկաման) ստանդարտներ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ