22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հարազատներս, ընկերներս ինչպե՞ս են շարունակելու ապրել, նրանց տները Շուշիում են, Քարին տակում, Ստեփանակերտում, Հադրութում. Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանը գրում է. «Պապս չէր թողնում մեր ձորակով թուրք անցներ: Նրան շատ աղոտ եմ հիշում, գրեթե չեմ հիշում, ընդամենը մի դրվագ՝ գյուղամիջյան ճանապարհին ձեռքս բռնած քայլում էինք, ինքը շատ բարձրահասակ էր եւ կռացած էր ձեռքս բռնել, էլ ոչինչ չեմ հիշում: Սկսել եմ ինձ մեղադրել, որ չեմ հիշում: Փոքր էի, 2,5 տարեկան: Նրա մասին պատմություններն ուշ եմ իմացել: Վերջին անգամ նրա մասին պատմել էր հորաքրոջս աղջկա ամուսինը, որն անցյալ տարի մահացավ, մեր գյուղը՝ Քարին տակը գրավելուց հետո։ Նրանք էլ են կորցրել իրենց տունը: Հարազատներս, ընկերներս ինչպե՞ս են շարունակելու ապրել, նրանց տները Շուշիում են, Քարին տակում, Ստեփանակերտում, Հադրութում: Տուն կորցրած մարդկանց հետ դժվար է զրուցել, ինչի՞ մասին կարող ես խոսել այդ մարդկանց հետ: Նրանց ամբողջ կյանքն էդ տների հետ է շաղկապված: Նրանցից շատերը հենց իրենք են կառուցել իրենց տները, մի մասն էլ հորական, պապական տներում էր ապրում: Չեմ ուզում հանդիպել նրանց: Մի շաբաթ առաջ Երեւանում ապրող ընկերներիցս մեկը զանգեց, ասաց՝ ինչո՞ւ չես երեւում, արի՝ կզրուցենք: Ասում եմ՝ ինչ կա զրուցելու: Ասում է՝ լավ, գոնե կնստենք իրար հետ: Նրանք հարցեր են տալիս ռուսներից, ամերիկացիներից, եվրոպացիներից: Հարցնում են՝ չեն կարո՞ղ մի բան անել: Ասում եմ՝ ոչ, որեւէ մեկը որեւէ բան չի անելու: Հարցերն ուրիշ ձեւով են փորձում ձեւակերպել, բայց նույն պատասխանն եմ տալիս, որեւէ մեկը չի օգնելու: Մենք մենակ ենք, ասում եմ: Իսկ հիմա Արցախը լրիվ կտրվել է արտաքին աշխարհից, պաշարված է: Սնունդը վերջանում է, հիվանդների դեղերը վերջանում են: Աշխարհին չի էլ հետաքրքրում դա: Աշխարհը իր ճոճքի մեջ ապրում է սովորական կյանքով: Ու հիմա եմ հասկանում եմ, թե պապս ինչու էր ղաչաղ դարձել ու մի քանի հոգով ձորակ էին պահում: Նրա երեք եղբայրները կուլակաթափության ժամանակ իրենց ոսկիները վերցրել են ու փախել Ղարաբաղից: Մեկը տնավորվել էր Տաշքենդում (հայտնի մարդիկ էին դարձել նրա զավակներ), մյուսը՝ Աշխաբադում (երկու դուստրերը Թուքմենստանի ամենահայտնի բժիշկներն էին), երրորդը՝ Աստրախանում: Մայրս հետո նրանց զավակներին գտել էր: Իսկ պապս, որ եղբայրներից փոքրն էր, չէր գնացել նրանց հետ: Չգիտեմ՝ ինչու չէր գնացել եղբայրների հետ ու hետո ղաչաղ էր դարձել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ