22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Արցախի հիմնահարցը վերջնականապես փակի․ «Փաստ»

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Արցախի հիմնահարցը վերջնականապես փակի։ Իսկ դրա համար կիրառվում է Արցախի Հանրապետությանը խեղդելու, շնչակտուր անելու քաղաքականությունը՝ այնպիսի պայմաններ ստեղծելով, որ այլ տարբերակ չմնա, քան Ադրբեջանի հետ ինտեգրման գործընթացի մեկնարկը։ Բայց միայն հարթուղեղը չի հասկանա, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը նշանակելու է Արցախի հայաթափում ու վերջնական ոչնչացում։ Փաստը մնում է փաստ, որ հենց Ադրբեջանն Արցախի նկատմամբ իրավունքներ ստացավ, ապա էթնիկ զտումների գործընթացի մեկնարկը կարելի է համարել սկսված։

Սուտ են ադրբեջանական այն խոստումները, թե իրենք հայերի համար ապահովելու են այն իրավունքներն, ինչ ունեն իրենց բոլոր քաղաքացիները։ Նման բան պարզապես չի կարող լինել: Ի վերջո, եթե Ադրբեջանը արցախցիներին համարում է իր քաղաքացիները, ապա ինչո՞ւ է նրանց կենսագործունեության համար անհամատեղելի պայմաններ ստեղծում՝ զրկելով էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի նկատմամբ հասանելիությունից։ Ադրբեջանը նույնիսկ չի հանդուրժում հայկական մշակութային ժառանգության կոթողների առկայությունը, ուր մնաց թե ապահովի արցախահայության իրավունքները։ Ադրբեջանական հասարակության մեջ տարիներ շարունակ հայատյացության արմատներն այնքան խոր են սերմանվել, որ կասկած չի մնում այն հարցում, որ Արցախի հանձնմանը հետևելու է արցախահայության նկատմամբ դաժան հաշվեհարդարը։

Իսկ հայերի նկատմամբ հաշվեհարդարի փորձ Ադրբեջանը հասցրել է ձեռք բերել դեռ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի ժամանակ։ Այստեղ մենք դիտավորյալ չխոսեցինք այն մասին, որ թե՛ պատմականորեն, թե՛ իրավաբանորեն Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս, որ Արցախի ինքնորոշման իրավունքը գերակա է և այլն: Խոսքն այն մասին է, թե ինչ է սպասվում Արցախին այն ծրագրի կյանքի կոչելուց հետո, ինչին տանում են Հայաստանի իշխանությունները՝ Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի: Ավելին, Հայաստանի ու Արցախի գործող իշխանությունների համար իսկական գլխացավանք են դարձել Արցախում առկա դիմադրության օջախները: Ըստ այդմ, իսկապես այլ տարբերակ չկա, քան Արցախի ու արցախցիների՝ մինչև վերջ վճռականություն ցուցաբերելը, որքան էլ մի կողմից՝ Ադրբեջանն է անընդհատ ճնշումներն ուժեղացնում ու նոր պահանջներ ներկայացնում, մյուս կողմից՝ Հայաստանի ու Արցախի իշխանություններն են Արցախը տանում կործանման։

Ավելին, նրանք մեծապես օգնում են Բաքվին և ամեն ինչ անում են, որ ապացուցեն իրենց՝ նաև գործնական հավատարմությունը փաշինյանական հայտարարություններին, որոնցով Արցախը ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս։ Ադրբեջանական ֆեյք «բնապահպանների» կողմից Բերձորի միջանցքը փակելուց հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին անվտանգության խորհրդի նիստում նշել էր, որ ադրբեջանական անցակետը իր համար կարմիր գիծ է, և իրենք որևէ կերպ չեն ընդունելու այդ անցակետի առկայությունը։ Ավելին, թվում էր՝ Արցախում կոնսենսուս է ձեռք բերվել՝ համախմբված դիմադրել ու բացառել որևէ համագործակցություն Ադրբեջանի, ի մասնավորի՝ ադրբեջանական պաշտոնական շրջանակների հետ, որոնք տևական ժամանակ շրջափակման մեջ են պահում Արցախն ու պահանջում են Արցախի Հանրապետության բոլոր ինստիտուտների վերացում: Բայց հիմա տեսնում ենք, թե ինչպես է կտրուկ հետքայլ կատարվել այս դիրքորոշումից:

Իհարկե, ոչ ընդդիմության կողմից: Խոսքը Արցախի իշխանությունների մասին է: Ի մասնավորի՝ Արցախի նախագահն իր քայլերով ոչ միայն զիջումների է գնում, այլև լեգիտիմացնում է Բերձորի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետը։ Նա, պատճառաբանելով, թե իբր պայմանավորվածություն ունի ռուսների հետ, ավտոմեքենաներ է անցկացնում Ադրբեջանի տեղադրած անցակետով: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներում էլ տեսանյութեր են տարածվում, թե անցակետը նորմալ գործում է, հայերին ստուգելուց հետո թողնում են, որ հանգիստ գնան։ Դրան զուգահեռ՝ Բաքուն միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակ չէ, նորմալ գործում է։

Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ այս պայմաններում ադրբեջանական անցակետով անցնող հայերը նույնականացվում են, և ցանկացած ժամանակ անցանկալի անձինք կարող են ձերբակալվել, գերի վերցվել, կամ էլ Ադրբեջանը կարող է չթողնել, որ նրանք Արցախ վերադառնան։ Այդպիսով նաև հող է նախապատրաստվում Արցախի ադրբեջանականացման հետագա քայլերի համար։ Պատահական չէ, որ փորձագետներն ու քաղաքական ուժերը նշում են, որ Արայիկ Հարությունյանը փաստացի իրականացնում է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները, դարձել է նրա «մասնաճյուղը» Արցախում: Իսկ վերջինս իր հերթին կյանքի է կոչում Ալիևի հետ իր պայմանավորվածությունները: Ադրբեջանի նպատակները պարզ են՝ արցախցիներին հիասթափեցնել, ընկճել, Արցախը հայաթափել: Ստացվում է՝ այս ծրագրին հետևողականորեն միացել են նաև Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ