Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանից․ Հակոբ Արշակյան
Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից, լրագրողներին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
«Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք ոչ մի հարևանից, այդ թվում՝ նաև Ադրբեջանից։ Դա նշանակում է, որ մենք անհրաժեշտություն ունենք ճշգրտելու պետական սահմանները և այն տարածքները, որոնք մեր պետություններին են պատկանում։ Խնդիրը խաղաղության պայմանագրի տրամաբանության մոտեցումների մասին է, խնդիրը սկզբունքների ճշգրտման մեջ է։ Թվերի մասին խոսելիս՝ խոսում ենք կոնկրետության մասին»,- նշեց Արշակյանը։
ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ՝ այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հարցը այս մոտեցումների մեջ ընկալվում է այնպես, որ արցախահայության իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ պետք է ստեղծվի միջազգային ձևաչափ և երկխոսության մեջ պետք է մտնեն Ստեփանակերտն ու Բաքուն։
«Երբ Արցախի ժողովուրդը խոսում է իր իրավունքների և անվտանգության մասին, նշանակում է՝ ներկա է բանակցային սեղանի շուրջ, և մեր ամբողջ բանակցային տրամաբանությունը այս առումով փոխվել է այն ժամանակ, երբ նա բացակայել է բանակցային սեղանից։ Այն պահից, երբ Ռոբերտ Քոչարյանը, որպես Հայաստանի նախագահ, սկսեց բանակցել ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի անունից, անուղղակիորեն պարզվեց, որ Հայաստանը տարածքային վեճ ունի Ադրբեջանի հետ։ Հիմա մենք ասում ենք, որ տարածքային վեճ չունենք Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը և դրանից հետո ստեղծվում են միջազգային մեխանիզմներ, որոնք պատասխանատու են Արցախի և Ադրբեջանի երկխոսության և արցախահայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների համակարգման համար», – ընդգծեց Հակոբ Արշակյանը։