Չեմ բացառում, որ Հայաստանը կարող է որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ. Վարչապետ
«Եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, երբ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե ԱԽ քարտուղարն ասել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց է քննարկվել, ի՞նչն է ստիպել հետ կանգնել այդ որոշումից։
«ՀԱՊԿ-ից դուրս գալ ասելով նկատի ունեմ կազմակերպության ունեցած պարտավորությունները։ Չէի ասի, թե այդ հարցը դուրս է եկել օրակարգից։ Դուրս չի եկել օրակարգից, քանի դեռ այդտեղ կա հարց քննարկելու, այդ հարցը քննարկվում է։ Տեսեք, անընդհատ խոսվում է մոնիտորինգի խումբը գա՞ Հայաստան, թե՞ չգա, ինչո՞ւ չի գալիս, ի՞նչն է պատճառը։ Մենք էլ դրա մասին թափանցիկ ասում ենք։ Ես չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ։ Բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Դե որ դուրս է եկել, էլ ի՞նչ անենք մենք, ուրիշ բան մնո՞ւմ է անելու։ Եթե մեր արձանագրումը լինի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակն ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։ Է, դուք գիտեք ՀՀ-ն այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու այլ առաջարկներ չի ստացե՞լ։ Իհարկե, այդ հնարավորությունը եղել է, և այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել է՝ դե դուք ՀԱՊԿ անդամ եք, ինչ քննարկենք ձեզ հետ»,-ասաց վարչապետը։
Հարցին, թե ՀՀ-ի ՀԱՊԿ-ից դուրս գալը չի՞ փչացնի հայ-ռուսական հարաբերությունները՝ Փաշինյանը պատասխանեց.
«Դե ես էլ նույն հարցը տալիս եմ, ՀԱՊԿ-ի՝ Հայաստանից դուրս գալը նեգատիվ ազդեցությո՞ւն ունի, թե՞ չունի։ Էս վերջերս սոցիոլոգիական հարցում էր արվել, և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հանդեպ վստահելիությունը Հայաստանի քաղաքացիների շրջանում նվազում է։ Հարաբերություն ասելով հո միայն ղեկավարների միջանձնային հարաբերությունները չեն»։