Հովիկ Աղազարյանի կինը աշխատանքի է անցել ԱԺ-ում․ «Իրավունք»
«Հանրային լայն շրջանակներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվությունն առ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի տիկինը աշխատանքի է անցել ԱԺ-ում: Նույն լուրերի համաձայն` ոչ ավել, ոչ պակաս, ցրիչի հաստիքով: Որքանով են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել անձամբ Հովիկ Աղազարյանից, ով ի զարմանս մեզ, զարմացած հարցին հարցով պատասխանեց.
Իսկ ինչո՞ւ եք այդ արցով ինձ դիմում:
Խոսքը Ձեր տիկնոջ մասին է:
Կա համապատասխան վարչություն ԱԺ-ում, դիմեք, թող պատասխանեն, ես ի՞նչ կապ ունեմ Ձեր հարցի հետ:
Ուղիղ կապ, պարոն Աղազարյան, հարցը անմիջականորեն Ձեր տիկնոջն է վերաբերվում, ուստի նպատակահարմար գտանք անձամբ Ձեզանից ճշտել:
Իմ կինը լինելուց առաջ` նա նախ ՀՀ քաղաքացի է, իր հետ կապված հարցն ինձ տալու հարց չի:
Այսինքն՝ ո՛չ հաստատում եք, ո՛չ՝ հերքո՞ւմ:
Այսինքն` չեմ պատասխանում:
Լավ, պարոն Աղազարյան, կասեք ի՞նչ միջոցներով եք նորակառույց թաղամասում բնակարան գնել:
Բնակարանը ձեռք ենք բերել 63 հազար դոլարով, հիպոթեքով, որի համար ամեն ամիս վճարում ենք: Այս պահին դեռ հիսուն հազար դոլար պարտք ունենք բանկին: Այդ բնակարանում ապրում ենք ես, կինս, որդիս ու նրա ընտանիքը, բոլորս ներդրում ենք ունենում հիպոթեքը վճարելու մեջ:
Որտե՞ղ է գտնվում Ձեր բնակարանը ու քանի՞ քառակուսի մետր է:
«Անի» թաղամասում, մնացածը իմ անձնականն է, մի մտեք»:
Հ.Գ.- Բայց ի՞նչ բախտավոր մարդիկ են ՔՊ-ականները, ինչի կպնում են, շահավետ է: Այս դեպքում, խոսում են, որ պարոն Աղազարյանը նորակառույց թաղամասում ձեռք է բերել առնվազն երեք սենյականոց բնակարան, եւ դա խելքին մոտ է, հաշվի առնելով, թե քանի հոգով են բնակվում: Ու դրա համար վճարել է ընդամենը 63 հազար դոլա՞ր. Շատ լավ է «կպցրել»: Այ, եթե ՔՊ-ական պատգամավոր չլիներ, կկարողանա՞ր նման գնով բնակարան գնել. Կասկածում ենք:
Ինչ վերաբերվում է պատգամավորի կնոջ աշխատանքի անցնելուն, ապա «չար լեզուները» ասում են, որ Աղազարյանի կինը ԱԺ-ում է հայտնվել ամուսնու ուղիղ միջամտությամբ: Բայց դե «չար լեզուներ» են, ինչ ասես կբամբասեն «խեղճ» պարոն Աղազարյանի մասին: Մեկ, որ կարտոֆիլ վաճառողների հետ է կռվում, որ նրանց «հացն է կտրում», եւ այդպես շարունակ»: