22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բաքվի նպատակն է հող նախապատրաստել հայկական կողմի համար նոր կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրման համար․ «Փաստ»

Նորություն չէ, որ երբ բանակցային գործընթացը հասնում է որևէ կարևոր հանգրվանի կամ մոտենում է դրան, Ադրբեջանն ինչ-որ սահմանային էսկալացիա է նախաձեռնում և դիմում տարաբնույթ սադրանքների։ Նույնը վերաբերում է նաև օրերս Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած լարվածությանը, որի արդյունքում հայկական բանակի կողմից լուրջ հարված ստացավ «քիթումռութին»։ Խնդիրն այն է, որ առաջիկա օրերին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը, որին հետևելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Քիշնևում։ Ճիշտ է՝ մինչև 2018 թ. իշխանափոխությունը, նաև 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը պարբերաբար նմանատիպ գործելաոճ ևս կիրառել է, երբ անընդմեջ սադրանքների ու հանցագործությունների է դիմել, բայց այս անգամ եվրոպական միջնորդների նախաձեռնած հանդիպումից առաջ կոնկրետ ոտնձգություն է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ու սա ունի որոշակի նոր ենթատեքստ։

Հիմա փորձեր են արվում զուգահեռներ անցկացնել «նախահեղափոխական» ու հետպատերազմյան իրավիճակների հետ: Սակայն իրավիճակը լիովին այլ էր մինչ 2018 թ. իշխանափոխությունը, երբ Ադրբեջանը կարևոր հանդիպումների նախօրյակին սահմանային լարվածություն էր հրահրում պայմանավորվածությունների վրա ազդելու համար, սակայն այն ժամանակ հայկական կողմը հանդես էր գալիս հաղթողի դիրքերից։ Եթե նախկինում Ադրբեջանը միշտ ձգտել է տապալել փոխզիջումային տարբերակների շուրջ համաձայնության կայացումը, ինչը նշանակում էր, որ հայկական կողմի համար որոշակիորեն ձեռնտու պայմաններ էին առաջ քաշվում, ապա ներկա պայմաններում նոր սադրանքներով Բաքուն ոչ թե փորձում է վիժեցնել բանակցային գործընթացը, ինչպես ներկայացնում է Փաշինյանը, այլ ուժեղացնել Հայաստանի նկատմամբ ճնշումը և լիովին իր պայմանները պարտադրել հայկական կողմին։

Այլ կերպ ասած՝ Բաքվի նպատակն է հող նախապատրաստել հայկական կողմի համար նոր կապիտուլ յացիոն պայմանագրի ստորագրման համար։ Դրա համար էլ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե նախագահ Ալիևը քիշնևյան հանդիպմանը կարող է և չմասնակցել։ Իսկ նախարարության խոսնակը պնդել էր, թե հնգակողմ այդ հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ ունի և կարող է անցկացվել միայն Բաքվի առաջադրած նախապայմանի դեպքում։ Մինչդեռ Բրյուսելից հակադարձեցին, թե բոլոր կողմերը մինչ այդ քաղաքական համաձայնություն են տվել ինչպես Շառլ Միշելի մասնակցությամբ, այնպես էլ Քիշնևում՝ հնգակողմ ձևաչափով նախատեսված հանդիպումներին: Փաստացի Ադրբեջանն այնպիսի քայլերի է դիմում, որ Բրյուսելը, Փարիզն ու Բեռլինն իրենց միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունները չտապալելու համար ստիպված լինեն հաշվի նստել Ադրբեջանի նախապայմանների հետ, որոնք ենթադրում են հայկական կողմին կոնկրետ պահանջների թելադրում։

Հակառակ դեպքում եվրոպական կողմը կարող է մտավախություն ունենալ, որ եթե Բաքվի մոտեցումները հաշվի չառնի, ապա իր միջնորդությամբ բանակցությունները կարող են տապալվել, իսկ միջնորդական առաքելության գործն իր վրա կվերցնի ԵՄ-ի հետ լարված հարաբերություններ ունեցող Ռուսաստանը։ Բացի դրանից, Սոթքի հատվածում լարվածության մեծացումն ու բախումն ինչ-որ առումով ձեռնտու է նաև Փաշինյանին, քանի որ դրանով հայ հասարակության մեջ խորանում են նոր պատերազմի հետ կապված վախերը։ Այսինքն, եթե հասարակությունը անընդհատ սարսափի մեջ մնա, ապա Փաշինյանն ինչ բովանդակություն ունեցող փաստաթուղթ էլ ստորագրի Բրյուսելում, դրանով կնվազեցվեն բողոքի և անհնազանդության դրսևորումների ծավալները։ Ադրբեջանի սադրանքները կապվում են նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ի մասնավորի, Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներն իրականացվեցին այն պայմաններում, երբ ռուսական կողմի առաջխաղացումը գրեթե կանգնել է, իսկ Ուկրաինան հակահարձակում է նախաձեռնել։

Ադրբեջանն իր քայլերով նաև որոշակիորեն շոշափում է ռուսական կողմի արձագանքը, քանի որ պետք է, ի վերջո, հաշվի առնել, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական հենարանը Հայաստանն է, իսկ եթե ռուսական կողմը կորցնի այդ հենարանը, ապա դուրս կմնա տարածաշրջանից։ Մեկ այլ հանգամանք ևս կարևոր է։ Սոթքի ուղղությամբ սադրանքների ժամանակ Ադրբեջանը կոնկրետ դիմադրության հանդիպեց։ Բաքվին թվում էր, թե իրեն հաջողվելու է հեշտ առաջխաղացում ունենալ, ինչպես եղել է փաշինյանական պարտությանը հաջորդած շրջանում՝ նույն Փաշինյանի իշխանության թողտվությամբ, բայց այս անգամ հայկական բանակը ցույց տվեց, որ իր մեջքը ամուր է և անհրաժեշտության դեպքում կարող է կանգնեցնել հակառակորդի ցանկացած լկտիություն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ