Փաշինյանի համար բեմադրվել է «թավշյա առաջնորդի» հանդիպումը «հպարտ քաղաքացիների» հետ․ «Փաստ»
«Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը, իր ու ՔՊ-ի՝ արդեն գրեթե անփրկելի վարկանիշային անկումը փրկելու հարցում թիմից հույսը կտրած, որոշել է անձամբ այցելել մարզեր և հանդիպումներ ունենալ ազգաբնակչության հետ: Հենց հրապարակման օրը նա այցելել էր Տավուշի մարզ: Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանի «կորտեժը» դեռ Երևանից դուրս չեկած՝ մարզի բնականոն կյանքը պարզապես կաթվածահար է եղել. փակել են բոլոր այն փողոցների ելքերն ու մուտքերը, որտեղ պիտի այցելեր Փաշինյանը, փողոցներից հեռացրել են բոլոր ավտոմեքենաները, մի խոսքով՝ անվտանգության աննախադեպ միջոցառումներ են կիրառվել:
Եվ այդ ամենը տևել է 5-6 ժամ՝ միայն նրա համար, որ «ժողվարչապետը» մի քանի տեղ մի քանի րոպեով այցելի ու նկարվի:
Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ համապատասխան ստորաբաժանումները ուղարկել են «պրոտոկոլային» ցանկ, թե որտեղ քանի հոգի պիտի մասնակցի հանդիպմանը, ընդհուպ՝ քանի երեխա պիտի լինի, որ Փաշինյանը ճակատները համբուրի, ինչ հարցեր պիտի տրվեն և այլն, և այլն: Արդյունքում, բոլոր հանդիպումների ժամանակ ներկա են եղել նախապես որոշված անձինք, գրեթե չի եղել ոչ մի «պատահական» մարդ, որ այցի մասին տեղեկացած ու, այսպես ասած, ինքնաբուխ եկած լինի Փաշինյանի հետ հանդիպելու, չի հնչել հանպատրաստից գեթ մեկ նախադասություն:
Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի համար, ըստ ամենայնի՝ նրա հանձնարարությամբ, բեմադրվել է «թավշյա առաջնորդի» հանդիպումը «հպարտ քաղաքացիների» հետ, որպեսզի ինչ-որ կերպ ֆեյք վարկանիշ ձևավորվի»: