Ծառուկյանը հեռանում է /վիդեո/
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանում ընդդիմության դաշտում փորձ արվեց անել մի բան, որն ի սկզբանե հակասում էր քաղաքականության կանոններին: Ըստ Սաֆարյանի` քաղաքական համակարգում մի ուժ, որ իր մեծությամբ երկրորդն է, հիմնադրված լինելով առավելապես իշխանության տիրույթներով, չգիտես ինչու, այլ ուժերի պատկերացմամբ ու մղմամբ հայտնվեց ընդդիմադիր դաշտի կենտրոնում:
«Ինձ հայտնի չէ նման դեպք, որ միամիտ հույսեր փայփայվեն, երբ այդ ուժն օբյեկտիվ պատճառներով իրեն չի կարող հայտարարել ընդդիմություն: ԲՀԿ-ը, չլինելով ընդդիմադիր կեցվածքի կուսակցություն, դարձել է ընդդիմադիր դաշտում մոբիլիզացիայի առանցք: Ամեն դեպքոմ դա քաղաքական կշիռ էր բերում ԲՀԿ-ին, նրանից էր կախված օրակարգի ամբողջացումը»:
Սաֆարյանն ասաց, որ մինչև փետրվարի 12-ը ԲՀԿ-ը մտածում էր հերթական ընտրությունների միջոցով իշխանության գալու մասին, իսկ փետրվարի 12-ից հետո փոխվեցին խաղի կանոնները, որն անակնկալ էր առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի համար:
«Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ԲՀԿ-ին ոչինչ չէր մնում, քան հայտարարել, որ ընդդիմադիր է ու կրում է այդ զրկանքները, բայց բոլորս տեսանք, որ իշխանության կողմից սարսափեցում եղավ, իշխանությունը ցույց տվեց, թե ինչ կարող են կատարել ԲՀԿ-ի հետ, եթե այս ամենը շարունակվեր, ու ԲՀԿ-ը շատ ռեսուրսներ էր կորցնում:
Գագիկ Ծառուկյանին ոչինչ չէր մնում, քան լրջագույն որոշում ընդունել` կամ շարժվում էր դեպի առաջ` կորցնելով շատ բան, կամ ետ քայլ է կատարում, այսօրվա արած հայտարարությունը ամենահավանական տարբերակն էր: Նա շատ լավ հասկանում է, որ հալածանքների ու զրկանքների ճանապարոհվ անցնելը դեռևս երաշխիք չէ իշխանության գալու համար:
Ըստ նրա` այս հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս հրապարակից, ընդդիմության ռադիկալ դաշտից: