11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ուռուցքաբանական ախտորոշման եւ բուժման նոր մակարդակ

 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեց Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծման գործում առկա հիմնախնդիրները։ Ինչպես հայտնի է, 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ   Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման  երկարաժամկետ ծրագիրը հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։  

Ծրագրի առաջին  փուլում իրականացվում է Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցումը։ Օրերս կենտրոնի շինհրապարակ կատարած այցելության ընթացքում նախարարը ծանոթացավ  շինարարության ինժեներական- մոնտաժային աշխատանքներում առկա  խնդիրներին:

Դրանց լուծման նպատակով հրավիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ շահագրգիռ կառույցների հետ քննարկվեցին օրակարգային խնդիրները, մասնավորապես` ծրագրի ընդունման և հանձնման, տեխնիկական ու կազմակերպական հարցերը, դրանց լուծման ուղղությամբ քայլերը։

Կենտրոնական բանկի խորհրդի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (նախկին) գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Սերգեյ Խաչատրյանը և Գագիկ Միրիջանյանը, աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Յաղջյանը մանրամասն քննարկեցին կենտրոնի հետագա կառուցման և սարքավորումներով հագեցման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։

Նախարարը կարևորեց առկա բոլոր խնդիրների` նախագծային-նախահաշվային, ֆինանսավորման, շինարարական աշխատանքներում առկա խնդիրների և թերությունների գույքագրումն ու դրա հիման վրա լուծման ճանապարհների հստակեցումը։

Արմեն Մուրադյանը հանձնարարեց ձևավորել նոր խորհուրդ` նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի նախագահությամբ և մինչև շաբաթվա վերջը հրավիրել խորհրդի նիստ` ներկայացնելով աշխատանքային պլան։ Առաջարկվեց խորհրդում ընդգրկել նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մինչ այդ առողջապահության նախարարությանը կփոխանցվի կենտրոնի նախագծային-նախահաշվային ողջ փաթեթը։

«Մենք ժամանակի խնդիր ունենք։ 100 % բաժնետոմսերից բացի մեզ պետք է հստակ տեղեկատվություն տրվի նաև առկա բոլոր խնդիրների մասին, որպեսզի հնարավորինս արագ դրանց լուծման քայլեր ձեռնարկվեն»,-ասաց նախարարը` հավելելով, որ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծումը  խիստ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում ուռուցքային հիվանդությունների արդյունավետ ախտորոշումը և բուժումը միջազգային չափորոշիչներով իրականացնելու գործում։

Հիշեցնենք, որ կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքային հիվանդությունների բուժում վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, այդ թվում` բարձր դեղաչափային, ճառագայթային, իմունաթերապևտիկ, հորմոնային, ռադիոիզոտոպային, պրոտոնային թերապիայի մեթոդներով և այլն, ինչպես նաև ռադիոիզոտոպների արտադրություն:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ