22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սեր

«Սերը համբերող է, քաղցրաբարո է» (Ա Կորնթ. 13.4)։

«Մեղքերը կներվեն սրան, որովհետև ուժգին սիրեց» (Ղուկ․ 7․47)։

Ինչպես որ յուրաքանչյուր քրիստոնյա էլ գիտի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Նրա հավատքի և Ավետարանի մեծագույն վարդապետությունն ու բարոյական արժեքները հիմնված են մեկ գաղափարի վրա և պտտվում են դրա շուրջը։ Այդ գաղափարը համայն աշխարհի արարածների կապն ու ոգին է, որով ամենքը ձգտում են իրար և միմյանց են ձուլվում մի գերբնական, ամենախորհրդավոր բնազդով։

Դա այնքա՜ն մեծ ու այնքա՜ն վսեմ մի զորություն է, որի սահմանումը՝ տրված սուրբ Հովհաննես առաքյալի շուրթերով, հավասարազոր է բարոյական գաղափարներից մեծագույնին և ամենաբացարձակին, այսինքն՝ Աստծուն, քանի որ «Աստված սեր է» (Ա Հովհ․ 4․8)։

Եվ երբ մենք հանրային ու ընկերական մեր բոլոր անհաջողությունների համար գաղափարական պատճառ ենք փնտրում, այդ պատճառը գտնում ենք սիրո պակասության մեջ․․․ Ու որքա՜ն հաճախ է դա տեղի ունենում․ հետևաբար արժե, որ աստվածային այդ գաղափարը մշտապես քարոզների նյութ լինի ու վերծանվի իր բոլոր ստորոգելիների հետ մեկտեղ։

Ստորոգելինե՛ր, որոնք սքանչելիորեն դասակարգված են սուրբ Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված առաջին նամակի 13-րդ գլխում։ Այս անգամ մեկ առ մեկ դիտարկենք այդ ստորոգելիներից գլխավորները և դրանցից յուրաքանչյուրի հետ համեմենք Սուրբ Գրքի պատմական ու խրատական մի քանի հատվածներ, և այդպիսով թե՛ Սուրբ Գիրքը բացատրած կլինենք, և թե՛ այնտեղից դուրս կբերենք մեծագույն գաղափարախոսությունը՝ բարոյական խրատներ տալով ուսանելու մեջ ջանասեր ժողովրդիդ։

Վերոնշյալ այդ ստորոգելիներից երկուսը վերլուծելու համար նախ և առաջ ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի միջադեպի վրա, որը տեղի ունեցավ Քրիստոսի հետ՝ մի փարիսեցու տանը ճաշի նստած ժամանակ։

Արևելյան հին սովորության համաձայն՝ ամեն մարդ բազմում էր գետնին՝ կերակրի սփռոցի շուրջը, կամ, ավելի ճիշտ, նստում էր ընկողմանած վիճակում՝ ոտքերը երկարացրած։ Ամեն ոք ջանում էր մի խոսք լսել մեծ Վարդապետի շուրթերից, և բոլորի աչքերը սևեռված էին Նրա շրթունքներին, երբ մի աննախադեպ երևույթ ամենքի ուշադրությունը դարձրեց մեկ այլ կետի վրա։

Մի հանդուգն կին, որն այդ նույն քաղաքում հանրածանոթ էր որպես «մեղավոր», հայտնվում է այդտեղ։ Հարց է առաջանում, թե նա ինչո՞ւ էր եկել, և ահա այդ կինը դիմում է դեպի Հիսուսը, Նրա ոտքերն է ընկնում, և աչքերից արտասուքները հոսում են Քրիստոսի մերկ ոտքերի վրա։

Այս կնոջ պարանոցի շուրջը տարածված երկար ծամերը սրբում են այդ դառը կաթիլները, և դրանց փոխարեն համբույրներ են տեղում, անուշահոտ ու թանկագին յուղն էլ լցնում է Փրկչի ոտքերի վրա։

Աղմկալից վիճաբանության մեջ թերևս ոչ ոք էլ այդքանը նկատած չէր լինի, եթե մի բուրավետ անուշաբուրություն չպարուրեր ներկաների հոտոտելիքը։ Ի՞նչ էր դա։ Բնականաբար բազմականներից յուրաքանչյուրն իր մտքի տրամադրության համաձայն տպավորություններ էր ստանում այդ երևույթից։

Մեկն ափսոսում էր այդ թանկագին յուղը, որը կարող էր վաճառվել և բաժանվել աղքատներին, մեկը զզվանք ու զայրույթ էր զգում այն բանի պատճառով, որ իրենց ընկերակցությունը պղծվում էր այդպիսի վատահամբավ կնոջ ներկայությամբ։ Մեկ ուրիշը հեգնանքով և թերահավատությամբ էր հայացք նետում Քրիստոսի վրա՝ զարմանալով, որ «Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ով կամ ինչպիսի մի կին է մոտենում իրեն» (Ղուկ․ 7․39)։

Այս վերջին մտածումն ունեցողը հենց այդ տան տերն էր՝ փարիսեցի Սիմոնը։ Իսկ թե ի՞նչ տպավորություն ստացավ Նա Ինքը՝ Քրիստոս, ամենքին էր հետաքրքրիր իմանալ։

Հիսուսի դեմքը տրտմանուշ վեհություն էր ստացել։

«Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»:

«Ասա՛, Վարդապե՛տ»:

«Մի փոխատու երկու պարտապան ուներ,- առակախոս շուրթերով խոսել սկսեց Հիսուս,- մեկը հինգ հարյուր դահեկան պարտք ուներ, իսկ մյուսը՝ հիսուն: Բնականաբար նրանք շատ էին նեղսրտում ու անկարող էին հատուցել։

Փոխատու դրամատերը բարություն ցուցաբերեց՝ երկուսին էլ իրենց պարտքերը շնորհելով. հիմա ասա՛,- հարցնում է Հիսուս Սիմոնին,- ո՞վ ավելի շատ կսիրի փոխատու բարեգործին»։ «Միանշանակ նա՛, ում 500 դահեկանը շնորհվեց»։ Կամ էլ, եթե հարցն այլ կերպ ձևակերպենք․ «Փոխատուն նրանցից ո՞ւմ էր ավելի շատ սիրում»․ բնականաբար նրա՛ն, ում 500 դահեկան շնորհեց։

Շնորհման սկզբունքը միևնույնն է, սակայն եթե փոխատուն հավասար աչքով նայած լիներ երկուսին էլ, նախ՝ 50 դահեկանը 500 դահեկանի հետ համեմատությամբ ավելի շատ փոխատվություն չէր տա մեկին, և հետո, եթե ցանկանար հավասարապես շնորհել երկուսի պարտքերն էլ, կարող էր երկուսին էլ հավասարապես 500 դահեկանի փոխարեն 50 դահեկան շնորհել, իսկ մնացածը պահանջել։

Կարող ենք ասել, որ 500 դահեկանի պարտապանը կա՛մ ավելի աղքատ էր, և փոխատուն այդ պատճառով էր ավելի մեծ բարություն անում նրան՝ ամբողջ պարտքը մարված համարելով ու հետևաբար նաև առավել շատ սիրելով ամենից ավելի աղքատին և, փոխադարձաբար, է՛լ ավելի մեծ երախտագիտական զգացումով սիրվելով նրա կողմից, կա՛մ էլ այդ 500 դահեկանի պարտապանն ավելի մեծ արժանիքներ էր ցուցաբերել իր սիրո դրսևորման մեջ, և այդ առավելագույն սերն առավելագույն շնորհով էր փոխարինվել։

Եվ, ահավասիկ, այս խորհրդածությամբ ի չիք է դառնում այդ «մեղավոր» կնոջ մասին բացասական պատկերացումը՝ համեմատության մեջ դրվելով փարիսեցի Սիմոնի հյուրասիրության հետ։

Հիսուս Սիմոնի տանն էր, ժողովրդական հռչակ ունեցող Վարդապետը պատվել էր նրան՝ նրա տան ճաշի սեղանը նախագահելով։ Մինչդեռ կինը մի մեղսավոր մեկն էր, անտուն ու անընտանիք, ամենքի կողմից արհամարհված, հասարակական սխալ բարքերի զոհ, որ խրված էր թշվառության տիղմի մեջ։

Սակայն այդ պատվված փարիսեցին նույնիսկ ջուր բերել չէր տվել՝ արևելյան հյուրասեր սովորության համեմատ Քրիստոսի ոտքերը լվանալու համար, ու անգամ զլացել էր ողջույնի եղբայրական համբույրով դիմավորել Նրան, քանի որ այս Սիմոնը Հիսուսին հրավիրել էր միայն վիճաբանության ընթացքում Նրանից փաստարկումներ կորզելու համար, որպեսզի մի օր էլ Փրկչին մատներ որևէ Հուդայի համբույրին և Կայիափայի դատարանի առջև էլ թքով լվանալ տար Նրա երեսը։

Եվ ընդհակառակը, այդ անկյալ կինը, որի տղմաթաթախ մարմնի խորքում անտեսանելիորեն թաքնված էր մի ադամանդե հոգի, հերոսական ճիգով տիղմից դուրս էր պոռթկում, ջրի երես էր ելնում և երկնային մի փրկօղակի էր հանդիպում, փարվում էր Նրա ոտքերին, զղջալի արցունքներով լվանում էր այդ ոտքերը, ապաշխարության ու հաշտության ձեթով ու իր իսկ մազերով սրբում էր դրանք և իր երկարաձիգ տառապանքի համբերատար սիրո քաղցրությունն ու անուշահոտությունն էր հոսեցնում Փրկչի ոտքերի վրայով։

Այո՜, բուրում է աստվածային սրբագործության բույրը, որը վանում է ամեն տեսակի կեղծավորություն ու երջանկացնում է հարատև և քաղցրահունչ սիրով։ Քրիստոսի պատգամը կնքում է այդ փրկությունը, նվիրագործում է այդ սերը․ «Նրա մեղքերը կներվեն նրան, որովհետև ուժգին սիրեց»։ Ահա՛ մի իրողություն, որը հատկանշական եզրակացության է հանգեցնում քրիստոնեական աննախադեպ բարեշրջության վերաբերյալ։

Մենք էլ ներկա բազմության հետ հարցնենք․ «Ո՞վ է սա, որ մեղքերին թողություն է տալիս»։ Ո՞վ էր Նա, որ տարիներ շարունակ սրբապղծված կնոջ «բազում» մեղքերը մեկ ակնթարթում, մեկ խոսքով ջնջում էր, որ անուշաբույր յուղն Իր ոտքերի համար կիրառելն ավելի նախադաս էր համարում, քան այդ յուղի վաճառքի գումարով աղքատների խնամակալությունը։

Ո՞վ էր Նա, որ 500-ը 50-ի հետ համեմատությամբ ավելի նախամեծար էր համարում անպատիվ մեղավորի կողմից Իր ոտքերին դրոշմված համբույրները, քան թե մեծ ու պատվավոր մի անձի՝ Սիմոնի կողմից Իր ճակատին փարվող համբույրը։

Սե՛րն էր Նա, սե՛ր, որը համբերատարությամբ անցել էր կյանքի բազմամեղ օվկիանի անհատնում ու ջախջախիչ ալիքների միջով՝ առանց անէանալու, և հոտած տիղմի մեջ խորասուզվելով՝ մի ադամանդե սիրտ էր վեր հանել, որից բուրում էր փրկության քաղցրությունը։ Այդ քաղցրության շնորհիվ մեղավորն էլ կարդարանար, աղքատն էլ կխնամվեր, պանդուխտն էլ կպատվվեր ու հյուրասիրության կարժանանար, ճշմարտությունն ու իր Վարդապետն էլ կհամբուրվեր։

Ահա՛ թե որն էր աղքատների մասին հոգածությունից ավելի նախամեծար առաքինությունը․․․ «Սերը համբերող է, քաղցրաբարո է»։ Ահավասիկ սուրբ Պողոս առաքյալի՝ այսօր մեզ տված դասը։ Ուրեմն եկեք ամենքս էլ մշտապես հիշե՛նք այս պատմությունը։

Համբերատարության դեմ դիմաց դնենք և համեմատենք միմյանց հանդեպ հարաբերություններում մեր ցուցաբերած կարճամտությունը, որի պատճառով իսկույն խրտնում ու պաղում ենք՝ հեռանալով իրարից․ սառում ենք ընտանիքի, ընկերների, սուրբ Եկեղեցու հանդեպ։

Եվ այդ ամենին, ցավոք սրտի, դյուրությամբ հաջորդում է սիրո «քաղցրաբարոյության» դեմ դրսևորվող ատելության դառնությունը։ Այդժամ գործում է հուսահատության մահաբեր ժահրը, որով շատերը սովոր են կրկնել․ «Այս ժողովուրդն անհույս է․․․», ու սրան հաջորդում է եսասեր անտարբերությունը։

Եվ, ընդհակառակը, այդ ժողովուրդը, օվկիանոսի ալիքներից տարուբերված ու մահահոտ տիղմի մեջ խորասուզված այդ ադամանդն ի՛նքն է օրերից մի օր տիղմից ելնում և Հիսուսի ոտքերն է ընկնում՝ փարվելու համար։ Մինչդեռ հուսահատ սիմոնները, որոնք փրկության Առհավատչյային խաչին գամել են պահանջում, որոնք ընկած մեղավորներին, համաձայն իրենց ավանդական օրենքների, քարկոծում են, իրե՛նք են «վա՜յ»-երի արժանի դառնալու, մինչդեռ մեղավորները պիտի լվացվեն ու սրբվեն, ինչպես ադամանդը՝ իր վրա եղող տիղմերից․․․

Այս այլաբանական «ադամանդը» ինձ համար որպես օրինակ եմ վերցնում՝ հիմնվելով մի բանիմաց օտարականից լսած առակի վրա։ Մի կնոջ մատանու վրայից նրա ամենասիրած ու ամենաթանկարժեք ադամանդը վայր է ընկնում և գլորվելով՝ գնում-ընկնում է մոտակա ճահճի մեջ, որը, բնականաբար, բացարձակապես անուշահոտություն չէր բուրում։

Այդ պերճաշուք տիկինը, թևքերը վեր քաշելով, մտնում է այնտեղ։ Նա մոռանում է իր թանկագին, մետաքսյա զգեստների մասին, որոնք աղտոտվում են, մոռանում է աշխատելուն անսովոր ու փափուկ իր ձեռքերի մասին, որոնք ապականվում են, մոռանում է մշտապես անուշահոտությանը վարժված իր հոտոտելիքի մասին, որը «խայթվում» է, և երկար ու ձիգ ժամեր շարունակ փորում է տիղմը, քրքրում ու մի կողմ է նետում այն, և վերջապես իր երկարատև ու սրտմաշուք ջանքերը պսակվում են հաջողությամբ․ նա գտնում է անգին ադամանդը, լվանում է այն ու անմիջապես մոռանում տեղի ունեցածը։

Ադամանդի փայլն ու փնտրտուքի հաջող ավարտը քաղցրացնում են այդ տիկնոջ սիրտը։ Այդ օտարականի հետ համակարծիք լինելով՝ ես նույնպես կցանկանայի ասել, որ տեղի, ներկայիս ժամանակի հոռի և հոտած բարքերն ու ներգործությունները մեզնից յուրաքանչյուրի հոգու խորքում թաքցրել են մի անգին ադամանդ, սակայն անկարող են եղել այն աղճատել։

Ով սիրում է այդ անգին ադամանդը, թող գործի անցնի, թող վեր քաշի իր թևքերն ու նույնիսկ անվարժ, նույնիսկ տկար ոտքերը և ձեռքերը գործի դնի՝ գտնելու համար այդ ադամանդը, լինի այն դրամի տեսքով, թե որևէ բնական զորության։

Գլուխը, ոտքերն ու ձեռքերն իրենց կարողության համաձայն երկարատև աշխատանք ունեն կատարելու, և նրանց այդ միահամուռ աշխատանքը հաջողությամբ կպսակվի, եթե «պրպտողները» համբերատար, անջնջելի սեր ունենան այդ հնադարյա ադամանդի՝ ժողովրդի նկատմամբ։

Չհուսահատվենք, վարժեցնենք մեր անընկճելի հոգու զգայարանները նաև ոչ ախորժալի բարքերին ու աղտեղի խոչընդոտներին, ջանքե՛ր գործադրենք սրբելու համար այդ ադամանդը պատող գարշահոտ տիղմերը և ներքուստ տգեղ ու արտաքնապես զազրելի անմաքրությունները, մեր եղունգներով փորենք ու դեն նետենք այդ աղտեղությունները և, վստահաբար, դրանց տակից պիտի վեր ելնի քրիստոնեական մաքուր ու անգին ադամանդը, որը մենք պետք է լվանանք մեր ջանասիրության և բոլոր աշխատավորների արցունք-քրտինքով։

Մեր Սուրբ Գրքով ու սրբավայրերով՝ որպես փարթամ ու բազմաճյուղ, փայլուն մազերով սրբենք և գիտակից հավատքի ու կրթության անուշաբույր յուղով օծենք այն։ Այդ յուղի բույրը պիտի քաղցրացնի ու պիտի վարձատրի մեր համբերատար սերը, չէ՞ որ մեր սերն այդ բանի համար իսկ է քաղցրաբարո․ «Սերը համբերող է, քաղցրաբարո է»:

Մեր անձնական կյանքում էլ եկեք դաս քաղենք Քրիստոսին պատահած այս միջադեպից, համբերող լինենք միմյանց տկարությունների նկատմամբ, քաղցրաբարո լինենք իրար թերությունների հանդեպ, քանի որ դա իսկ է սերը, դա իսկ է քրիստոնեությունը։

Որպես համբերատարության պայման՝ պետք է մեր ընկերոջը համարենք ոչ թե իբրև անհատ, այլ իբրև հանրության ներկայացուցիչ, նրա մեկ անդամը, որին սիրելու միջոցով է, որ մենք բարձրանում ենք մինչև Աստված, ինչպես որ նկարագրում է սուրբ Հովհաննես առաքյալը։ Իսկ որպես քաղցրաբարոյության պայման ու սկիզբ՝ հարկ է որ բարեհամբույր և քաղաքավարի լինենք իրար նկատմամբ․ քաղաքավարությունը պարզ արտաքին դրսևորում չէ, այլ խորապես ազդում է մեր բարքերի վրա ու մեզ քաղցրացնում է մեկմեկու հանդեպ, մեզ մեղմացնում և ներդաշնակեցնում է․ այն սիրո առաջաբանն է՝ խիստ կարևոր պայման մտերմություն հաստատելու համար։

Սերը զորացնենք համբերատարությամբ և քաղաքավարի քաղցրաբարոյությամբ, ու սիրո Աստված պիտի պարգևի մեզ մեր ցուցաբերած համբերատարության և քաղցրաբարոյության հատուցումը, քանի որ այդպիսի կենցաղավարությամբ մենք ինքներս մեզ կանգնեցնում ենք Տիրոջ ոտքերի ու գահի առջև՝ «իր անհամար մեղքերը կներվեն սրան» պատգամին արժանանալով, քանի որ մենք նույնպես տրամադիր կլինենք կամ առնվազն խոստում կտանք ուգժին սիրելու։

Իր այդ պատգամով Աստված սրբում է մեր անհատական ու հանրային ադամանդի տիղմերը, որպեսզի մեր անուշահոտ երջանկությամբ արժանանանք Նրա սիրո և փառքի խունկերը բուրելու հավիտյանս հավիտենից․ ամեն։

Մաշտոց վրդ․ Փափազյան (Արմաշ), «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար»,Կ․ Պոլիս, 1905 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ