«Պատերա՞զմ եք ուզում». ՔՊ-ականը՝ լրագրողներին
ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը համաձայն չէ այն պնդման հետ, որ Հայաստանը որևէ քայլ չի ձեռնարկում Ադրբեջանի կողմից Հակարի կամրջի վրա անցակետ տեղակայելու հետ կապված։
Նրա խոսքով՝ Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ որոշում կայացրեց, որը պարտադիր կատարման ենթակա ակտ է։
«Ադրբեջանի կողմից դա դեռ չի իրականացվել, բայց ԱԳՆ-ն ու խորհրդարանական դիվանագիտությունը շատ ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ: Մեր կողմից առաջարկություն է եղել, որպեսզի որոշակի սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ՝ որպես պարտադրող միջոց Հաագայի դատարանի որոշման կատարման համար», – լրագրողների հետ զրույցում ասաց Զեյնալյանը:
Հարցին՝ արդյոք դա բավարա՞ր է ու կարո՞ղ եք ասել՝ բացառում եք, որ Արցախը կլինի Ադրբեջանի կազմում՝ նա պատասխանեց. «Դա, միգուցե, բավարար պայման չէ, բայց, ըստ էության, ակտիվ դիվանագիտական դաշտում միակ գործիքն է, որպեսզի հասնենք նրան, որ մեր գործընկերները ճնշումներ գործադրեն Ադրբեջանի վրա, որ Լաչինի միջանցքի հարցը հնարավորինս շուտ լուծվի: Միջազգային գործընկերները գիտակցում են ու իրենք ևս քայլեր են գործադրում»:
Զեյնալյանը հայտարարեց, որ իրենց համար առաջնայինը ԼՂ մեր հայրենակիցների անվտանգության հարցն է. «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որ անվտանգության հարցերը լինեն պատշաճ մակարդակի վրա ու կապը Հայաստանի հետ լինի անխափան»:
Ինչ վերաբերում է Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետ տեղակայելուն՝ ՔՊ-ականը նշեց, թե այդ հատվածը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուս խաղաղապահների իրավասության շրջանակում է։
«Իրենք փորձում են հնարավորինս արագ այս հարցը կարգավորել, ինչքանով կստացվի՝ չեմ կարող ասել: Դա իրենց անելիքն է, Հայաստանն այդ մասով քննարկումներ ծավալում է և՛ ռուս, և՛ եվրոպացի գործընկերների հետ», – ընդգծեց Զեյնալյանը։
Դիտարկմանը, որ գործող իշխանության պատճառով այլևս չկա «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը՝ Նարեկ Զեյնալյանն արձագանքեց. «Նման ձևակերպումը շատ սխալ է: Այստեղ հարցն այն է, որ գործադրվում են առավելագույն ջանքեր, որ հարցը լուծվի խաղաղ, և Հայաստանը հասնի երկարաժամկետ խաղաղության տարածաշրջանում, նաև խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով: Մնացածն ընթացիկ հարցեր են»:
Լրագրողի դիտրկմանը, որ խաղաղությամբ հարցը չի լուծվում՝ նա հակադարձեց. «Պատերա՞զմ եք ուզում: Միգուցե Ադրբեջանը պատերազմ է ուզում, բայց միակ տարբերակը խաղաղ բանակցությունների արդյունքում ու խաղաղության պայմանագրի ստորագրմամբ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելն է: Սրան այլընտրանք չկա»: