Սկսվել է երկրորդ փուլը` ինչպես սեփական հանձնածն ու պայմանավորվածը «գցի ուրիշների գրպանը»․ «Հրապարակ»
Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքն ավելի քան չորս ամիս ֆեյք- բնապահպանական ակցիայի անվան տակ արգելափակած Ադրբեջանը կիրակի օրն էլ ավելի բացեց խաղաքարտերը՝ ճանապարհին տեղադրելով հսկիչ անցակետ։ Սա այն էր, ինչ ադրբեջանական կողմը հետապնդում էր ի սկզբանե, եւ որին ամեն գնով ընդդիմանում էին արցախյան իշխանությունները: Նրանք, որպես կոմպրոմիս, առաջարկում էին, որ գոնե ռենտգեն-սկաներ սարքեր տեղակայվեն, որոնք հնարավորություն կտան հեռվից հետեւել բեռների պարունակությանը, բայց ադրբեջանցի զինվոր չտեղակայվի Արցախի մուտքի մոտ։
Ադրբեջանն իր պահանջը հիմնավորում էր, թե իբր Հայաստանից զենք են տեղափոխում Արցախ, դրա համար էլ ուզում է հսկողություն սահմանել, ամիսներ առաջ եռակողմ բանակցություններում մերոնք կոմպրոմիսի էին գնացել ռենտգեն սարքերի տեղադրման հարցում, որպեսզի երեք տոննայից ավելի ուղեբեռ ունեցող մեքենաները զննվեին ճանապարհի այդ հատվածում, եւ վերահսկողությունն իրականացնեին ռուս խաղաղապահները, իսկ ադրբեջանական կողմն օնլայն հետեւեր գործընթացին։
Սակայն, ինչպես երեւում է, Ադրբեջանի նկրտումներն օրեցօր լկտիանում եւ ծավալվում են, քանզի դրանց որեւէ դիմադրություն չի ցուցաբերվում, եւ նրանք հետզհետե ընդլայնում են այդ պահանջները: Անցակետի տեղադրումն արդեն իսկ ենթադրում է ոչ միայն բեռնատար մեքենաների ստուգում, այլեւ անցագրային ռեժիմի հաստատում, ընդ որում՝ այնտեղ հսկողություն են իրականացնելու հենց ադրբեջանցիները: Սա նշանակում է, որ Արցախի հայաթափումն ամիսների, եթե ոչ օրերի, հարց է դառնալու։
Հիշեցնենք, որ Բաքու կատարած վերջին այցի ժամանակ եւս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Լաչինի միջանցքում անցակետ չի տեղադրվի, գուցե կոմպրոմիսի գան ռենտգեն սարքերի տեղակայման հարցում: Սակայն, ինչպես տեսնում ենք, ադրբեջանական կողմի ախորժակը Լավրովը չկարողացավ զսպել: Եվ վերջին շրջանում ադրբեջանական ոչ մի ագրեսիա, ոչ մի գործողություն չի կանխվում ռուս խաղաղապահների կողմից, չնայած այն փաստին, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ճանապարհի այդ հատվածը նրանց վերահսկողության տակ է գտնվում։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն երեկ հայտարարեց, թե անընդունելի է Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխությունը։
Նախօրեին, ողջ օրը Արցախի քաղաքական էլիտան քննարկումների մեջ է եղել։ Նույն օրը հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում նախագահ Արայիկ Հարությունյանը ներկաներին ասել է, որ զրուցել է Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ, իրեն փոխանցել են, որ վերեւներին զեկուցել են կատարվածի մասին եւ սպասում են պատասխանի: Բացի այդ, Հարությունյանը նշել է, որ սպասվում է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, որից հետո Փաշինյանն իրեն կփոխանցի պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը։ Երեկ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը հեռախոսազրույցը չէր կայացել։ Կիրակի օրը Ացախում կազմակերպված երթի մասնակիցները եւս որոշել են շարժվել նախագահական եւ Արայիկ Հարությունյանից պարզաբանումներ պահանջել կատարվածի վերաբերյալ, սակայն քաղաքական դաշտի ներկայացուցիչներն ասել են, որ ԱՀ իշխանություններն էլ դեռ ոչինչ չգիտեն եւ սպասում են պատասխանի։
Արցախի ընդդիմադիր շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ արդեն իսկ պայմանավորվածության է եկել, դրա մասին են վկայում նաեւ անցած շաբաթ խորհրդարանում արած նրա հայտարարությունները, որով փաստացի ՀՀ վարչապետն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Հիմա սկսվել է երկրորդ փուլը` ինչպես սեփական հանձնածն ու պայմանավորվածը «գցի ուրիշների գրպանը»։