Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հնարավոր է պահանջվի 20, 30 կամ 50 տարի. Մահչուփյան
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական և լրագրող Էթյեն Մահչուփյանը «Արդար հիշողություն» նախաձեռնության ներկայացուցիչների հետ զրույցում անդրադարձել է քաղաքական մի շարք հարցերի, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:
Թուրքական «memurler.net» լրատվականի տեղեկացմամբ` Մահչուփյանը խոսել է նաև «1915թ. դեպքերի» հարյուրամյակի հետ կապված հնարավոր զարգացումների, ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի (Դարդանել) հաղթանակի տոնական միջոցառումների իմաստի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին:
Մահչուփյանը նշել է, որ Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնում իր գործունեությունը որևէ անմիջական կապ չունի Հայկական հարցի հետ, քանի որ եթե ինքը հայ էլ չլիներ, ամեն ինչ նորից նույն կերպ կլիներ, վարչապետի հետ իրենց համագործակցությունն ու քննարկվող խնդիրների շրջանակները որևէ կերպ չէին փոխվի:
Մահչուփյանի գնահատմամբ` Էրդողանի վարչապետության ժամանակ հայությանը հղված 1915-ի կապակցությամբ ցավակցագիրն» իրականում անկեղծ է եղել և համահունչ է օրինակ Սիրիայից Թուրքիա գաղթած շուրջ 2 մլն փախստականների նկատմամբ Թուրքիայի դրսևորած մարդասիրական մոտեցմանը:
«Հաշվի առնելով Թուրքիայի պատմությունը, նրա քաղաքացիների և տարբեր ինքնություն ունեցող անձանց կարգավիճակը` Թուրքիայի այսօրվա կառավարությունն էթնիկական խտրականություն չդնող կառավարություն է», – կարծիք է հայտնել Մահչուփյանը: Նաև նշել է, որ Էրդողանի վերոհիշյալ ցավակցական հայտարարությունը պետական խնդիր է ու շոշափում է պետության շահերը, քանի որ Թուրքիայում մարդկանց տանջում է այն հարցը, թե արդյոք հաջորդ քայլը հայերի կողմից տարածքները վերադարձնելու պահանջը չի լինելու:
«Այս առումով Թուրքիան պետք է հավասարակշռված և պետական պատասխանատվության սահմաններում գործի: Քանի դեռ հանրապետությունը գոյություն ունի, Թուրքիան էլ քայլ առ քայլ փոխվելու է»,- եզրակացրել է Դավութօղլուի խորհրդականը: Նրա կարծիքով Թուրքիան հակված է դրական քայլերի և Հայստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Սակայն կա նաև Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի գործոնը:
Մահչուփյանի համոզված է. «Անհրաժեշտ է մեկ ընդհանուր ծրագիր` Հայաստան-Թուրքիա սահմանի բացման, Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա նոր որակի դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ղարաբաղյան խնդրի լուծման համար: Այս ամենը պետք է արվի միաժամանակ: Իսկ դա արագ կատարվող գործընթաց չէ: Հնարավոր է` դրա համար 20, 30, 50 տարի պահանջվի»:
Իսկ Չանաքքալեի ծովամարտի հաղթանակին նվիրված միջոցառումներն ապրիլի 24-ին նշելու մասին Թուրքիայի կառավարության որոշումը Մահչուփյանն ամենևին բացասական չի գնահատում, ավելին` դա համարում է որպես ևս մեկ հնարավորություն` ապրիլին 24-ին բացեիբաց խոսելու նաև Հայկական հարցի մասին: Նրա համոզմամբ` 2015թ. ապրիլի 24-ից հետո երկկողմ հարաբերություններում շատ ավելի խաղաղ ժամանակաշրջան է սկսվելու:
Եզրափակելով, նա ընդգծել է. «Եթե Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն այլ ձևաչափի անցնեն, ապա ողջ Կովկասը բոլորովին այլ ազդեցության գոտում կհայտնվի: Հայաստան-Ադրբեջան հիմնախնդիրը, ղարաբաղյան հակամարտության խնդիրը և տարածաշրջանի մյուս փակուղային հարցերը ժամանակի ընթացքում շատ ավելի մեղմ միջոցներով լուծումներ ստանալու հնարավորություն ձեռք կբերեն»,- եզրափակել է Դավութօղլուի հայ խորհրդականը:
Ermenihaber.am