Շատ ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում. Արթուր Դավթյան
Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձել է Թուրքիայից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը:
Սպորտային մարմնամարզության աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը, որի պատվին Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը, ուրախ է ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով են վերադառնում:
«Շատ ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում: Մեզ շատ լավ ընդունել են, ոչ մի խնդիր չկար, բայց մի փոքր զգացողությունը կար, որ Թուրքիայում ես։ Ամեն դեպքում՝ շատ ուրախ եմ, որ կարողացա մեր դրոշը բարձրացնել ու հիմնը հնչեցնել: Այդքան էլ կապ չունի՝ Թուրքիայում ես, թե այլ երկրում, ուրախալի է այն փաստը, որ ամբողջ Եվրոպայում դու հաղթող ես», – լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին Արթուր Դավթյանը հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությունում: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը փայլուն ցատկերով Անթալիայում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Նրա պատվին հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացավ դրոշը:
Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021 թվականին նժույգ թափեր վարժությունում: