Կեղծիքները հետք է թողել Փաշինյանի մոտ․ «Հրապարակ»
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում հերթական հանդիպումն է անցկացրել կուսակտիվի հետ։ Այն տեւել է 2 ժամից ավելի։ Թեման եղել է «Կուսակցության մարմինների ընտրության կարգը»։ Փաշինյանը կուսակիցներին առաջարկել է ներկայացնել, թե ինչ փոփոխություններ կուզենային, որ արվեր վարչության, վերահսկող հանձնաժողովի, տարածքային մարմինների ձեւավորման ընթացակարգերում։
Ներկաների մեծ մասը կարեւորել է թափանցիկության ապահովումը, ակնարկել են ՔՊ վարչության վերջին ընտրությունների ժամանակ կատարված կեղծիքները, որ տեղի ունեցածը խայտառակություն էր, եւ պետք է ամեն ինչ անել, որ չկրկնվի։ Փաշինյանը լուռ լսել է, սակայն թույլ չի տվել, որ թեման շատ ծեծեն։ Մասնակիցներից մեկը նկատեց, որ այդ պատմությունը հետք է թողել Փաշինյանի մոտ, նա անգամ փակ քննարկումների ժամանակ չի կարողանում վերամբարձ հայտարարություններ անել ազատ-թափանցիկ ընտրությունների մասին։
Նշենք, որ այս ֆորմատի առաջին հանդիպումը կայացավ ապրիլի 6-ին։ Կուսակցության «չաթով» նախապես տեղեկացնում են հանդիպման օրակարգի մասին, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, կապ են հաստատում գրասենյակի հետ։ Առաջին 40-50 հայտ ներկայացնողներն են մասնակցում՝ տեղի սահմանափակ լինելու պատճառով։
Հանդիպման սկզբում զեկուցողը, որը գրասենյակի աշխատակիցն է, ներկայացնում է թեման, ապա սկսվում է քննարկումը։ Իրականում, այս հավաքների նպատակը, ըստ մեր աղբյուրի, ոչ այնքան շարքային ՔՊ-ականների կարծիքները լսելն է, որքան կուսակցությունում եւ երկրում տիրող տրամադրությունները շոշափելը։ Փաշինյանը սկսել է չվստահել իրեն զեկուցողներին եւ որոշել է երկրում տիրող իրավիճակի մասին անձամբ պատկերացում կազմել՝ շարքային կուսակիցներին լսելով, քանի որ հասարակ քաղաքացիների հետ չի կարողանում ուղիղ շփվել»: